Նոր մանրամասներ Գյումրի-Երեւան գնացքի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքից

Նոր մանրամասներ Գյումրի-Երեւան գնացքի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքից

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Գյումրի-Երեւան գնացքի մոտ տեղի էր ունեցել ծեծկռտուք: Մասնավորապես, մի խումբ երիտասարդներ, ենթադրաբար` Գյումրիից ու շրջակա գյուղերից, հարձակվել էին մի երիտասարդի վրա եւ ծեծի ենթարկել նրան:



«Հրապարակը» նաեւ հայտնել էր, որ տուժած երիտասարդի քիթն էր կոտրվել եւ արնահոսում էր: Հայտնի է դարձել, որ վերջինս մոտ հինգ ժամ քթի վիրահատության է ենթարկվել վերջերս, եւ ունի առողջական խնդիրներ:



«Հրապարակի» աղբյուրները, որոնք չցանկացան բարձրաձայնել իրենց ինքնությունը, որոշ ուշագրավ մանրամասներ բացահայտեցին այս դեպքի առնչությամբ:



Ըստ նրանց՝ միջադեպը տեղի է ունեցել 18.30-18:45-ին Գյումրու երկաթուղային կայարանի տարածքում, կառամատույցի վրա, կայարանի հարեւանությամբ գտնվող խանութի գրեթե դիմաց: Տուժած երիտասարդն ունեցել է քթի ուժեղ արնահոսություն: Վերջինիս օգնություն է ցուցաբերել մի կին` շիկահեր, կարմիր վերնազգեստով, հավանաբար խանութի կամ կայարանի աշխատակցուհի, ով էլ օգնել է երիտասարդին լվացվել եւ բաժանել է կռվարարներին: Ապա տուժած երիտասարդին օգնել են երկու աղջիկներ, որոնք հավանաբար ճանաչել են նրան, ովքեր էլ տվել են տուժածին խոնավ անձեռոցիկներ դեմքի եւ քթի արյունը մաքրելու համար:



Բավական ուշացումով դեպքի վայրում հայտնված ոստիկանին տուժածը ասել է, թե ընկել է` հավանաբար «գործ չտալու» մտայնությանը տուրք տալով: Ոստիկանն էլ զանգահարել է շտապ օգնություն, իմանալով, որ երիտասարդն ունի նաև առողջական խնդիրներ



Հայտնի է նաեւ, որ տղան պետք է մեկներ Երեւան, սակայն չի մեկնել: Ի դեպ, «Հրապարակի» աղբյուրները հայտնել են, որ տուժածի քթին կամ դեմքին խփող երիտասարդը հարվածելուց հետո շատ հանգիստ, հեռացել է` սպառնալով՝ «մեծերիդ կբերես»: Նրա հագին եղել է տեղային ճաշակին հատուկ կիսասպորտային զգեստ` Եղվարդի կոշիկներ, «Ադիդաս» սպորտային հագուստ, սեւ-սպիտակ «պալոսկաներով», սափրված չի եղել, սեւահեր է, մանր աչքերով եւ մանր դիմագծերով, մինչեւ երեսուն տարեկան: Վերջինիս ուղեկցել է հավանաբար նրա ընկերը` նույն տարիքի մեկ այլ երիտասարդ:



Ուշագրավն այն է, որ ոչ ուղեւորները, ոչ կայարանի եւ գնացքի աշխատակազմը չեն միջամտել: Նշենք որ տարածքում չեն եղել ոստիկանության աշխատակիցները եւ կայարանի պահակազորի ներկայացուցիչները: Տուժողի վրա հարձակվողները եղել են տասներկու հոգով` 3 կարճահասակ, 5-6 բարձրահասակ, մնացած միջահասակ երիտասարդներ` 20-25 տարեկան: