Արամյանը ամաչում է նայել «թոշակառուների աչքերին»

Արամյանը ամաչում է նայել «թոշակառուների աչքերին»

Վարչապետ Կարեն Կարապետյանը ասելով, որ մեր տնտեսական վիճակը շատ ծանր է, կրակն է գցել ֆինանսների նոր նախարար Վարդան Արամյանին։ Հիմա բոլոր լրագրողները նրան հանդիպում ու նույն հարցն են տալիս՝ ծանր տնտեսական վիճակի մասին։ Բայց կուտակայինի մեծագույն պաշտպան Արամյանին միշտ ուղարկում էին սեմինարների՝ լրագրողների գլուխները արդուկելու, բացատրելու, թե ինչ մեծ առավելություններ ունի կուտակային կենսաթոշակային ռեֆորմը։ Հիմա սա ի՞նչ հարց է, որ ֆինանսների նախարարը տակից դուրս չգա, որ չկարողանա համոզել լրագրողներին՝ միայն Հայաստանում չի վատ, մեր կողքի երկրներն էլ են վատ վիճակում։ «Ինձ շատ են ասում՝ վարչապետը հայտարարել է, որ տնտեսական վիճակը բավականին բարդ է, - ասաց այսօր նորանշանակ նախարար Վարդան Արամյանը իր առաջին ասուլիսում, - խնդրում եմ՝ այս խոսքերն ընդունեք որպես իրողություն, բայց դա բնավ չի նշանակում, որ պետք է ապագայի նկատմամբ ձևավորենք բացասական սպասումներ»։ Ոչ, բացասական սպասումներ նախարարը ունի միայն լրագրողներից։ Դա է հավանաբար պատճառը, որ նա ամենուր՝ կառավարությունում, ասուլիսին, խոսում է լրագրողների հետ ճիշտ աշխատելու ձևերից։



Ոնց որ որսորդից փախչող եղնիկի պես վախեցած լիներ։ Ասաց, որ աշխատելու է բաց, չի թողնելու, որ լրագրողներն իրեն կամ իր գործընկերներին փողոցներում կամ միջանցքներում, այլ տեղերում «որսան»։ Ասել է թե՝ կպատասխանի բոլոր հարցերին։ Նրա պատասխանելու ոճը շատ խոսել, քիչ ասելն է։ «Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որը միայն ՀՀ տնտեսությանը հատուկ չէ։ Մեր տարածաշրջանի երկրներում նման իրավիճակներ դրսևորվել են»։ Հայտարարությունն այս օֆշորային սկանդալի հերոս վարչապետին հիշեցրեց, որը վստահեցնում էր, որ Հայաստանի տնտեսական դժվարությունների մեղավորը համաշխարհային տնտեսական ճգնաժամն է և դրա հետևանքները։ Ըստ Արամյանի` մեղավոր է մեր հիմնական գործընկեր Ռուսաստանը և տնտեսական սանկցիաները, որոնք այս երկրի նկատմամբ կիրառվում են, նաև հումքային ապրանքների համաշխարհային գնի անկումն է պատճառը։ «Հայաստանը հումք արտահանող երկիր է, մեր արտահանման շուրջ 50%-ը հանքահումքային ապրանքներն են և նույն ծավալի հումք արտահանելու դեպքում ավելի քիչ արտարժույթ ենք ստանում», - բացատրում է Արամյանը 101-րդ անգամ այն, ինչ լսել ենք։ Ոչ մի նոր բան։ ՀՀ հասարակ քաղաքացիներին հետաքրքիր է նրանով, որ վերջիններս ևս մեկ անգամ պաշտոնապես տեղեկացան․ այս տարի թոշակների ու աշխատավարձերի բարձրացում չի սպասվում։



«Շատ դժվար է լինելու նայել կենսաթոշակառուների աչքերին և ասել, որ թոշակները չեն բարձրացվելու,- խոստովանում է Արամյանը՝ նայելով լրագրողների աչքերին, - ճիշտ չի լինի պարտք վերցնել և կենսաթոշակ տալ»: Հենց լավ ապրենք, թոշակն էլ կբարձրանա, բայց հետո։ Նոր նախարարը բյուջեի համար մի նոր անուն հորինեց՝ ոչ ծեծված և օրիգինալ։ Եկող տարի ունենալու ենք ոչ թե խնայողական, «յոլա գնալու», իրատեսական, այլ «խելամիտ» բյուջե, որը կարտացոլի Հայաստանի տնտեսական վիճակը։ Սա թարմ մտածողություն է անշուշտ։ Ըստ «թարմ մտածող» նախարարի, վերջին երկու տարիներին ավելի շատ ծախս ենք կատարել և դեֆիցիտ ենք տվել, ինչի հետևանքով 2015-ին 4,8 տոկոս պակասորդ ենք քունեցել, իսկ այս տարի կունենանք ավելի շատ պակասորդ՝ 5,9-6 տոկոս»։ ՀՆԱ-ն ևս «խելամիտ» է լինելու՝ 2,4 տոկոս։ 2017-ին նախարարը արդեն բարձրացում է խոստանում՝ 3,2 տոկոս: Հարկերի մասին էլ նոր բան չասաց՝ թերհավաքագրումն այս տարի լինելու է 80 մլրդ-ի։



Սյուզան Սիմոնյան