ԱԺ-ում վարչապետին լրագրողներից պաշտպանում են խիստ ռեժիմով (տեսանյութ, ֆոտոշարք)

ԱԺ-ում վարչապետին լրագրողներից պաշտպանում են խիստ ռեժիմով (տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի օր է։ Քիչ առաջ կառավարության անդամներն ու վարչապետ Կարեն Կարապետյանը ժամանեցին խորհրդարան։ Նրանց ժամանումը, սակայն, անցավ «արտակարգ պայմաններում»։ Նախարարներին ու հատկապես վարչապետին խիստ հսկողության տակ էին վերցրել ԱԺ անվտանգության աշխատակիցները։ Նրանք մի քանի տասնյակ մետր շառավղով փակել էին դեպի վարչապետը տանող բոլոր ճանապարհները։ Այսպիսի բան նախկինում չէր եղել։ Ավելի շուտ՝ եղել էր, բայց ոչ այս տեսակի խստությամբ, երբ թույլ չտան անգամ մի քանի մետր հեռավորությունից նկարել վարչապետին։



Նշենք, որ վարչապետին սկսեցին լրագրողներից պաշտպանել դեռ Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք, այն էլ վերջին ամիսներին։ Աբրահամյանի խոսնակն այն ժամանակ ասաց, որ վարչապետի ցանկությունը չի եղել դա, այլ ԱԺ-ն է նման որոշում ընդունել։ Այս անգամվա խստացումը, սակայն, աննախադեպ էր իր տեսակի մեջ։ Տարածքում ամենուր անվտանգության աշխատակիցներ էին, անգամ անցակետի՝ հատուկ համազգեստով և ավտոմատավոր տղաներին էին կանչել օգնության, որ վարչապետին պաշտպանեն լրագրողներից։ Թե ինչ էինք անելու մենք նրան, չմեկնաբանեցին։



Անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը Hraparak.am-ի հարցին, թե ով է իրենց նման հրաման տվել, ասաց՝ ոչ ոք։ Այսինքն՝ ինքնագործունեությու՞ն են իրականացնում, իրենք իրե՞նց են որոշել՝ նման խիստ ռեժիմ սահմանել, անվտանգության աշխատակիցը չպատասխանեց։ Երբ տեսախիցկը միացրինք, նա հրաժարվեց նաև իր այս խոսքերից և խնդրեց դիմել ԱԺ լրատվական ծառայությանը։ Վերջինիս ղեկավար Արսեն Բաբայանը, ով այդ պահին «արգելված գոտու» մոտ էր, որտեղ նաև լրագորղներն էին, մեր հարցերին կրկին չպատասխանեց՝ խոստանալով բոլոր հարցերի պատասխանը տալ նիստից հետո։



Խոսեցինք նաև վարչապետ Կարեն Կարապետյանի խոսնակ Շուշան Սարդարյանի հետ։ Վերջինս ասաց, որ վարչապետի ցանկությունը չի եղել նման խստացված կարգը։ «Ոչ, եթե Դուք նկատել եք, վարչապետը միշտ էլ շատ բաց է մասմեդիայի հետ շփումներում։ Ինչ վեաբերում է Ազգային ժողովի տարածքում անվտանգության միջոցառումներին, դա բացարձակ իմ իրավասության հարցը չէ։ Ամեն դեպքում, վարչապետի մոտ նման խնդիր չի եղել, որովհետև ես, էլի եմ ասում, մամուլի հետ շփումներում վարչապետը բավականին բաց է, դուք դա նկատել եք»,-ասաց Շուշան Սարդարյանը՝ նշելով, որ Կարեն Կարապետյանը միշտ շատ հարգանքով է վերաբերվում լրատվամիջոցներին և բաց է նրանց հետ աշխատանքում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ