Առողջապահության նոր նախարարը մեղադրու՞մ է նախկին նախարարին

Առողջապահության նոր նախարարը մեղադրու՞մ է նախկին նախարարին

Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը խմդրում է սպասել՝ իր ծրագիրը կներկայացնի, կհաստատվի, նոր կպատասխանի բոլոր հարցերին։



Hraparak.am-ը հետաքրքրվեց նրանից, թե ինչո՞վ է տարբերվելու իր ծրագիրը նախկին նախարար Արմեն Մուրադյանի ծրագրից, ի՞նչ առանցքային կետեր կարող է մատնանշել։
«Թափանցիկություն և արդյունավետություն»,-ասաց նա։



Իսկ ինչո՞վ թափանցիկ և արդյունավետ չէր նախկին նախարարի ծրագիրը, նոր նախարարն իր պատասխանով անուղղակի կամ գուցե հենց ուղղակի մեղադրանք ուղղեց նախկին նախարարի հասցեին։



«Չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Այնքանով, որ դուք այսօր դժգոհ եք»,-ասաց նա։
Կարծում է՝ հանրությունը դժգո՞հ է եղել այս տարիներին առողջապահության ոլորտից։
«Կարծում եմ՝ այո»,-եղավ պատասխանը։ 



Այսինքն՝ դա՞ էր պատճառը, որ փոխվեց նախարարը, պարոն Ալթունյանն ասաց․ «Պատճառների մասին ես տեղյակ չեմ»։



Նկատեցինք, որ ՀՀ մարզերում բազմաթիվ համայնքներ կան, որոնք պատշաճ բուժհաստատություններ չունեն, պատշաճ բուժանձնակազմ չունեն։ Ինքն ի՞նչ է անելու այս ուղղությամբ, որպեսզի պատշաճ հվանդանոցներ ունենանք՝ նորմալ պայմաններով, նորմալ բուժանձնակազմով, կամ որ մարդիկ շտապօգնություն կանչեն, ուշացած չգա։
«Ծրագիրը ներկայացնելիս ես անպայման ասուլիս կհրավիրեմ և բոլոր այդպիսի հարցերին կպատասխանեմ»,-ասաց նորանշանակ նախարարը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ