Հասմիկ Պողոսյանը ֆունդամենտալ աշխատանք է կատարել

Հասմիկ Պողոսյանը ֆունդամենտալ աշխատանք է կատարել

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից, որը 10 տարի նախարար աշխատեց, դժգոհությունները շատ էին, նրան անգամ մեղադրում էին տարատեսակ չարաշահումների, համակարգն իր շահերին ծառայեցնելու մեջ։ Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեցինք՝ պատրա՞ստ է, արդյոք, ուսումնասիրություններ կատարել իր ոլորտում նախորդի կատարած աշխատանքի վերաբերյալ՝ հավանական չարաշահումների, բացթողումների հայտնաբերման ու նաեւ դրանց հեղինակներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ «Հիմա ուսումնասիրություններ կատարվում են, միանգամից պիտի ասեմ, որ որեւէ չարաշահում չի եղել, Հասմիկ Պողոսյանն իսկապես ֆունդամենտալ աշխատանք է կատարել, պարզապես վեկտորների փոփոխություն է եղել, աշխատանքի ուղղությունների փոփոխություն։ Ինչ վերաբերում է Ձեր հարցադրմանը, հավատացեք՝ չկա նման բան»,-ասաց նորանշանակ նախարարը։



-Լիարժեք արդար ու թափանցի՞կ է աշխատել Հասմիկ Պողոսյանը։



-Ես չեմ կարող գնահատական տալ, որովհետեւ չեմ հետեւել այդ ընթացքում։ Ինչ վերաբերում է իմ այս կարճաժամկետ՝ երեք-չորսօրյա ուսումնասիրություններին, ես Ձեզ վստահեցնում եմ այդ չափով, որ Հասմիկ Պողոսյանն աշխատել է շատ ֆունդամենտալ, եւ շատ ճշմարիտ աշխատանք է կատարվել, որի հիման վրա մենք կառուցում ենք այսօրվա մեր հետագա աշխատանքը։



-Հնարավո՞ր է փաստաթղթերի ուսումնասիրություն լինի, կամ ներքին աուդիտ անցկացվի։



-Մշտապես է ուսումնասիրություն կատարվում, մշտապես, մենք առանձին մոնիտորինգի կազմակերպություն ունենք, որ հետեւում է՝ ինչ է եղել, ինչպես է եղել։ Աուդիտի բաժին կա, ես՝ ինքս, ավելացրել եմ նաեւ անկախ աուդիտը, եւ բանակցում ենք տարբեր աուդիտորական՝ արդեն համաշխարհային հռչակ ունեցող աուդիտորական ընկերությունների հետ, որպեսզի հրավիրենք նրանց այստեղ․․․



-Ասացիք՝ վեկտորների փոփոխություն է տեղի ունեցել։ Հասմիկ Պողոսյանի վեկտորն ինչպիսի՞ն էր, եւ ինչպիսի՞ն է լինելու Ձեր որդեգրած վեկտորն այս ոլորտում։



-Թույլ տվեք իմ վեկտորների մասին խոսել։ Մենք ուզում ենք մշակույթը դարձնել ինքնաբավ, մենք ուզում ենք անպայման մշակույթն ավելի մոտ կանգնեցնել մարդկությանը եւ փորձել ձեւավորել պատվերներ։ Ես չեմ ուզում աջակցել ֆիլմարտադրությանը պարզապես նրա համար, որ ֆիլմ է նկարվում։ Ես ուզում եմ դրա մեջ դնել գաղափարախոսություն։ Ես չեմ ուզում աջակցել գրահրատարակչությանը զուտ նրա համար, որ գիրք է հրատարակվում, այլ ուզում եմ ձեւավորել պատվեր։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ