Եթե խոսքի ազատությունը նեղում է ձեզ, օրենք ընդունեք՝ թող լրագրողներին արգելեն գրել

Եթե խոսքի ազատությունը նեղում է ձեզ, օրենք ընդունեք՝ թող լրագրողներին արգելեն գրել

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կազմի ընտրությունը։ Կազմը՝ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ, ընտրվեց։ ԿԸՀ անդամների մեջ է նաեւ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության նախկին ղեկավար Սեյրան Շահսուվարյանը, որը նաեւ «Մարտիկ» հաղորդաշարն է կազմակերպում։ 2011-ից նա այլեւս ՊՆ լրատվականում չէ։ Նախօրեի քննարկումների ժամանակ ԱԺ ամբիոնից մեղադրանքներ հնչեցրեց լրագրողների հասցեին՝ նշելով, որ հիմա ինչ ուզում՝ գրում են, անգրագետ են եւ այլն, եւ որ նրանց կրթելու կարիք կա։ Անգամ առաջարկեց, որ այդ գործն իր վրա վերցնի՝ դասընթացներ կազմակերպի լրագրողների համար՝ հիշեցնելով, որ ժամանակին հարյուրավոր կադրեր է պատրաստել։



«Ես մեղադրական տոնով չէի խոսում, ես ասում էի՝ կան լրատվամիջոցներ, որոնք չեն տիրապետում այս գործընթացներին, ու ասում էի՝ ես պատրաստ եմ իմ գործից դուրս, հասարակական կարգով, տրամադրել տեղեկատվություն, բուկլետներ, ամեն ինչ էն լրատվամիջոցներին, որոնք կուզենան մասնակցել էդ դասընթացներին։ Ու մոդելներ ասացի, օրինակ՝ հայտարարություն կտանք, որ, ասենք, այսինչ օրը գալիս ենք Սյունիք։ Ովքեր կցանկանան իմանալ այդ օրենքները, ունենալ այդ բուկլետները, կմասնակցեն, ովքեր չէ՝ չէ։ Ու շատ ուրախ կլինեմ, որ այդ ամենին մասնակցի մի հարյուր լրագրող, մինչեւ ապրիլ»,-երեկ մեզ հետ զրույցում ասաց ԿԸՀ նորընտիր անդամը։



- Դուք ասացիք, որ այս տարիներին կադրեր եք տվել, կնշե՞ք Ձեր տված կադրերից մի քանիսի անունը, որոնք, այսպես ասած, Ձեր ձեռքի տակով են անցել՝ դարձել լրագրող։



- Ես ասացի՝ այսքան տարիներ ես լրատվության վարչության պետ եմ եղել, դասախոս եմ եղել, հիմա էլ եմ, համալսարանում ռազմական ժուռնալիստիկա եմ դասավանդել, բայց ռազմական կադրերի մասին է խոսքը։ Ու շատ են այդ կադրերը, որի՞ն ասեմ, մեկը հենց Հ2-ի լրատվության բաժնի պետը՝ Շավոն (Շավարշ), ինձ մոտ են եղել Հ2-ից Գայանե Փայտյանը, Գայանե Սարգսյանը, «Զինուժով» է անցել այսօր Ռադիոյի տնօրենը՝ Արման Սաղաթելյանը, որ նախագահի մամուլի քարտուղարն էր, ինձ մոտ է եղել նախագահի մյուս մամուլի քարտուղարը՝ Արմեն Արզումանյանը, ինձ մոտ է եղել Վիկոն Սողոմոնյան՝ նախորդ նախագահի մամուլի քարտուղարը, Հրաչ Քեշիշյանը՝ ռեժիսոր․ բազմաթիվ ռեժիսորների անուններ կարող եմ տալ։



- Իսկ թերթերի ակտիվ լրագրողներից կա՞ն, օրինակ՝ «Հրապարակից», «Ժողովուրդ»-ից, «Հայկական ժամանակ»-ից, «Առավոտ»-ից։



- Ժամանակին եղել են։ Այդ թվարկածս անձանց մի մասն ուսանող են եղել, մի մասը «Զինուժով» են աճել-մեծացել։



- Հիմա գո՞հ եք Ձեր տված կադրերից։



- Էդ իրենց հարցրեք՝ իրենք գո՞հ են նրանից, որ անցել են էդ դասընթացը։ Բավականին լրագրողներ էսօր մի քանի հեռուստատեսություններում ես հենա տեսնում եմ՝ հենց համալսարանի ռազմական ժուռնալիստիկայի լրագրող են, գործող են ու աշխատում են տարբեր հեռուստատեսություններում. «Երկիր մեդիայում» եմ տեսել մի քանիսին, «Կենտրոնում» եմ տեսել։



- Ամեն դեպքում՝ ռիսկայի՞ն չէր ԱԺ ամբիոնից լրագրողների հասցեին նման սուր ձեւով հայտարարություններ անելը։



- Ի՞նչ առումով՝ ռիսկային, ո՞ր մասն է դրա վատ եղել, եթե ասել եմ՝ լրագրողներ կան, որ չեն տիրապետում այս գործընթացներին, ու ես պատրաստ եմ իմ գործից դուրս դասընթացներ կազմակերպել։ Սուր ձեւով ուրիշ բան էր, երբ որ դեպուտատներից մեկը հարց տվեց, թե բա ո՞նց պայքարենք էն լրագրողների դեմ, որ ինչ-որ բաներ են գրում, եսիմինչ են անում։ Ես էդ հարցին պատասխանեցի, որ դա ձեր դաշտում է, եթե ուզում եք, որ ձեզ չպատասխանեն, էս ազատությունը նեղում է ձեզ, ուրեմն օրենք ընդունեք՝ թող լրագրողներին արգելեն գրել նման բաներ։ Բայց քանի կա խոսքի ազատության մասին օրենք, ուրեմն ինչ ուզեն՝ գրելու են, ինչ ուզեն՝ անելու են։



- Հիմա Դուք որի՞ն եք կողմնակից։



- Ես կողմնակից եմ նրան, որ ճիշտ բաներ գրեն։ Ես էնտեղ մի բան ասացի, որ անգամ եթե գումարով հոդված են հրապարակում, իսկ նման բաներ կան, ուրեմն ճիշտ կլինի, որ երկրորդ կողմին էլ լսի լրագրողը. շատ ժամանակ չեն լսում։ Այ, դա ասել եմ, որովհետեւ լինում են դեպքեր, որ ուղղակի հրապարակում են նյութ՝ առանց ստուգելու։ Ճիշտ լրագրողը նա է, ով որ երկու կողմին էլ լսում է։



- Հիմա Դուք՝ որպես ՊՆ լրատվականի նախկին ղեկավար, գո՞հ եք ՊՆ լրատվականի, նախարարի խոսնակի աշխատանքից, քանզի պաշտպանության նախարարությունը միշտ դժգոհ է, երբ մամուլն իրեն քննադատում է, եւ գոհ է, երբ իր ուզածով է գրում։



- Ոչ, էդպես չէ, պաշտպանության նախարարությունը միշտ էլ գոհ է, երբ ճիշտն են խոսել։



- Ես բազմաթիվ օրինակներ հենց «Հրապարակի» մասով կարող եմ ասել, որ, օրինակ, քառօրյա պատերազմի օրերին մենք ինֆորմացիան ավելի շուտ էինք իմանում-հրապարակում, ՊՆ խոսնակը հաջորդ պահին հերքում էր՝ մեզ մեղադրելով, իսկ ավելի ուշ՝ հաստատում։



- ՊՆ խոսնակի գործողությունները ես հիմա չեմ մեկնաբանում։ Էստեղ խնդիրն ուրիշ բանի մեջ է։ Եթե ռազմական լրատվությանն է վերաբերում, չափորոշիչներ կան, որ չի կարելի դրա մասին խոսել։ Օրինակ՝ դեպքեր եղան, որ լրատվամիջոցի տված լուրերով էդ վայրը ռմբակոծվեց։ Ես ամբողջ քառօրյա պատերազմին էնտեղ եմ եղել։ Ես հիմա կոնկրետ չեմ կարող հիշել օրինակներով, բայց որ ասեն՝ այ, էստեղից էնտեղ 8 կմ է ընդամենը, ենթադրենք, ու հետո տեսնում ես, որ էդ դիրքը ռմբակոծվում է, կամ երբ մարդուն նկարում են էն ֆոնի վրա, որը բացահայտում է տեղանքը, դա չի կարելի, դա սովորեցնել է պետք։



- Մեր գերատեսչությունները, այդ թվում՝ ՊՆ-ն, շատ ծանր են տանում մեր ամեն մի հրապարակումը։



- Իմ աշխատած շրջանում ես չեմ կարող մի լրագրող ասել, որ ինձնից դժգոհ եղած լինի էդ առումով։ Հարյուրավոր լրագրողներ իմ հետ գնացել են Ղարաբաղ՝ տարին մեկ անգամ, ու խնդիր չեն ունեցել։ Մեկին գտեք, բերեք-ասեք՝ այ, էս լրագրողին տարել ես, հետո նա բողոքել է։ Ես միայն դեմ եմ եղել սուտ բաներ գրելուն եւ դեմ եմ եղել անդեմ հայտարարություններին։ Պարզ ասեմ՝ թող գրեն, որ այսինչ զորամասում այսինչ բանն է տեղի ունեցել, բայց շատ լրագրողներ խուսափել են դրանից։ Գրում են, որ այսինչ զորամասում ճաշի մեջ ճանճ կա, ուրեմն բանակում ճանճ կա։ Թող բարի լինեն գրեն՝ Սեյրան Շահսուվարյանի գլխավորած զորամասում ճանճ կա։ Էս բանից լրագրողների 90 տոկոսը խուսափել է միշտ։ Այ, սա վատ է, երբ որ ընդհանուր են խոսում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ