Հասկացել են, որ գող պաշտոնյաներին պետք է պատասխանատվության ենթարկել

Հասկացել են, որ գող պաշտոնյաներին պետք է պատասխանատվության ենթարկել

Կառավարության նոյեմբերի 2-ի նիստը նշանավորվեց ոչ միայն վարչապետի գրեթե սենսացիոն հայտարարությամբ: Այն, կարելի է ասել, նշանակալից էր նաեւ «Հրապարակի» համար այն առումով, որ այդ նիստի մասին կայքում տեղադրված նյութը մի քանի ժամում գահընկեց արեց թերթի պատմության մեջ եղած համարյա բոլոր ռեկորդները: Այդպես կարդում են պատերազմի, ինքնաթիռների կործանման, ահաբեկչությունների մասին նորությունները: Այս դեպքում, սակայն, հրապարակումը կառավարության հերթական նիստի մասին էր, որի ժամանակ միմյանց չեն քաշքշել, չեն կոպտել, նախարարները, ամեն անգամվա նման համակարգիչների հետեւը նստած, սուսիկ-փուսիկ լսել են, թե ինչ է ասում վարչապետը:



Իսկ վարչապետն այդ օրը մի հայտարարություն էր արել՝ պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանն ուղղված. «Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճն էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»: Հայաստանում Ամերիկա են հայտնագործում, հեծանիվ են հնարում, էվրիկա… ՀՀ վարչապետն ասում է` գողերը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն` ծիծաղից կմեռնեն դրսում:



Եթե Կարեն Կարապետյանն այս հայտարարությունն արել է ամենայն լրջությամբ եւ ոչ թե, ասենք, PR ապահովելու ու ժողովրդի հոգու նուրբ թելերը քաշելու համար, ապա ես ցավում եմ, որովհետեւ գողերին քրեական պատասխանատվության ենթարկելու որոշում մարդկությունը կայացրել է դեռ նախնադարում` «քրեական» բառը դեռ չլսած, հանցագործին զանազան պատիժներ տալով կամ ուղղակի ուտելով: Մինչդեռ 21-րդ դարի Հայաստանում վարչապետն արդարադատության դշխոյին հրահանգում է օրենսդրություն մշակել գողերին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին:



Բայց այս մասին չէ, որ ուզում էինք խոսել, այլ թե ինչու ընթերցողն իր այցելություններով բառիս բուն իմաստով «տրաքացրեց» «Հրապարակի» կայքը: Պատճառը պարզ է` վարչապետը խոսել է մի բանի մասին, որի մեջ ներքաշված է մեր ողջ հասարակությունը. մի մասը՝ որպես ապօրինի հարստացող, մի մասը՝ որպես ապօրինի հարստացողներին նախանձող, մի մասը՝ որպես ապօրինի հարստահարված, մի մասը՝ որպես քաղաքացի, մի մասը՝ որպես մտավորական, մի մասն էլ՝ որպես ազնիվ «քյարփիչ», որ ուղղակի հետաքրքրությունից դրդված է հետեւում այդ ամենին:



Այդ են վկայում նաեւ արձագանքները` «Ժամանակն է», «Մեզ հիմարի տեղ են դրել», «Վերջը բարի լինի», «Նախընտրական շոուն շարունակվում է: Բարի գալուստ կրկեսի վերածած հայրենիք», «Հարգելի Կարեն Կարապետյան, աղաչում եմ՝ չդառնաք հանրապետական: Ժողովուրդը լարված ու մեծ հույսերով է հետեւում Ձեր գործունեությանը: Հուսախաբ չանեք», «Սա հերթական կոսմետիկ բնույթի հայտարարությունն է»:
Ավելի թունդն էլ կա. «Էս մեր վարչապետը կամ այլմոլորակային է, կամ էլ երազախաբ է եղել»:



Մեկ այլ ընթերցող էլ անհանգստացել է վարչապետի կյանքի համար եւ իրավիճակից ելք է հուշում․ «Պարոն վարչապետ, Դուք չեք կարող պայքարել, նրանք Ձեզ սաղ-սաղ կհոշոտեն: Ավելի լավ կլինի մարդկայինով կամ (…) մարդուց մի 5-10 միլիոն դոլար (դա նրանց համար շատ չէ: Դուք էլ դա լավ գիտեք` կարող են տալ) վերցնել: Դա մեծ օգնություն կլինի թե մեր բանակը սպառազինելու, մեր արտաքին պարտքը տալու, թե աղքատությունը մասնակի կրճատելու, թե անվճար պետական բժշկական ապահովագրական կազմակերպություն ստեղծելու համար (ոչ շիշ, ոչ քյաբաբ): Ինձ թվում է` ժողովուրդն էլ համաձայն կլինի այս տարբերակին: Նրանց անունները (գող պաշտոնյաներին նկատի ունի՝ Էդ. Ա.) հրապարակելու կարիք չկա: Նրանք պետք է միայն ժողովրդից եւ պետությունից գողացածի մի մասը տան միայն: Դա մեծ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ կլինի իրենց կողմից, եւ հանգիստ կարող են ապրել` առանց վախի»:



Մի պայծառատես տիկին էլ ուղղակի սառը ջուր է լցնում բոլորի ոգեւորության վրա. «Ժամանակից շուտ մի ուրախացեք: Համաձայն ՀՀ գործող սահմանադրության եւ Քրօրենքի համապատասխան հոդվածի, շուտով կպարզվի, որ ՀՀ-ում «Ապօրինի հարստացած պաշտոնատար անձինք» պարզապես չկան: Բոլոր միլիարդատերերն ու միլիոնատերերը, նաեւ «օֆշորագետները» հարստացել են իրենց արդար քրտինքի ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Ֆըռշտե՞յն...))))))))))))))»:



Եվ արձագանքների մեջ առանձնանում է «Եղբայրներ Փիլոսյան»-ի գրառումը. «Մի տեսակ այն տպավորությունն է, որ Հայաստանը մինչեւ հիմա չի ունեցել ՕՐԵՆՔ ասվածը, ու վարչապետը հարկադրված, իր գործով զբաղվելու փոխարեն, ՕՐԵՆՔԻ դրույթները շարադրելով է զբաղված: Լավ, եթե իսկապես կա օրինազանցներին պատժելու ցանկություն, մի՞թե առկա օրենսդրությունը բավարար չէ դրա համար: Արդյոք ժամանակը չէ՞, որ վարչապետը վերջապես խոսքից գործի անցնի»:



Ինչպես տեսնում եք, մարդիկ ներքուստ աջակցում են վարչապետի նախաձեռնությանը: Նման դեպքերում հասարակությունը զոհեր է պահանջում եւ բավարարվում է միայն սեփական աչքով խարույկներ ու կախաղաններ տեսնելով: Մարդկային հասարակության զարգացման այս փուլը առաջավոր երկրները վաղուց են անցել: Այնպես որ, կա հարուստ փորձ, թե ինչպես կարելի է պայքարել պետությանն ու ժողովրդին կողոպտողների դեմ: Մեր վարչապետը, կարծես, նկատել է, որ պետության եւ ժողովրդի կողոպտիչները գտնվում են հենց «պետություն» կոչվածի ներսում: Բայց նկատելը դեռ գործի սկիզբն է միայն: Նման դեպքերում այնքան էլ խելամիտ չէ Սասունցի Դավթի հանգույն թմբուկ զարկել` ով քնած է, ելեք, կացեք:



Հարցի մյուս կողմն էլ կա: Հանկարծ չստացվի այնպես, որ Կարեն Կարապետյանն իր այսպիսի հայտարարություններով նորագույն փախեփախի սկիզբ դնի Հայաստանում, եւ մինչեւ մեր արդարադատության նախարարությունն անի մեկ, երկու, երեք, չորս, պարզվի, որ խարույկ հանելու խոշոր եղջերավոր չկա այլեւս:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ