Երեք մահացած ծննդկանների հարազատներին նախարարությունից չեն զանգել

Երեք մահացած ծննդկանների հարազատներին նախարարությունից չեն զանգել

Երեկ առողջապահության ծառայությունը հաղորդում էր տարածել ծննդկանների թեմայով։ «Հաշվի առնելով, որ նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարարի կողմից հնչեցված խոսքը տարընթերցման տեղիք է տվել, Լեւոն Ալթունյանը, որն այս պահին բացակայում է երկրից, պատրաստվում է վերադառնալուն պես՝ նոյեմբերի 8-ին, ընդունել վերջին մեկ տարվա ընթացքում մահացած երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթեւիկ Գասպարյանի եւ Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատներին»։ Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ նախարարը հայտարարել էր․ «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները, մորգը»: 



Ինչո՞ւ հենց այս երեքի հարազատների հետ է հանդիպում նախարարը, եթե 2015-2016 թվականներին մայրական մահացության դեպքերը 15-ն են եղել։ Այս հարցն անմիջապես թեւածեց համացանցով մեկ։ Երեք «ընտրյալների» հարազատներին չէին զանգել ու հրավիրել հանդիպման։ Հոկտեմբերի 18-ին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի իրավահաջորդների շահերը պաշտպանող փաստաբան Անի Չատինյանը մեզ հայտնեց, որ իր պաշտպանյալներն այնքան էլ մեծ հույս նախարարի հետ չեն կապում։ «Դեռ որեւէ մեկին նախարարությունից չեն հրավիրել, չեն զանգահարել, չեն կանչել հանդիպման։ Թեթեւ հայտարարության նման բան է եղել, որի մասին նրանք կարող էին եւ չիմանալ։ Եթե հարգանքի պահը չի պահպանվել, եթե նրանց հետ չեն կապվել, ապա դժվար վաղվա հանդիպումն ինչ-որ դրական բան տա Հռիփսիմեի հարազատներին»,- ասաց նա։ Հռիփսիմեի հարազատները ծանոթներից են լսել, որ նախարարությունն ինչ-որ նման հայտարարություն է տարածել, եւ զանգահարում էին տարբեր մարդկանց, որ ճշտեն, թե արդյոք նման բան կա՞։ «Այդ մարդիկ բնակվում են Վանաձորում, հանդիպումը վաղն է լինելու, չպե՞տք է գոնե մեկ օր առաջ տեղեկացնեին նրանց»,- ասում է Անի Չատինյանը։ Նրա կարծիքը հարցրինք, թե գործադիր մարմնի ղեկավարը, առողջապահության նախարարն արդյոք չպե՞տք է զբաղվեն մայրերի մահացությամբ։ «Ինչ վերաբերում է հիվանդանոցների պայմաններին, ախտահանիչ միջոցների առկայությանը, ծննդատների սանիտարահիգիենիկ պայմաններին, մասնագետների վերապատրաստումների հարցերին եւ այլն, ապա, իհարկե, իրենք ունեն գործառույթներ, իսկ անհատական պատասխանատվության հարցը կորոշվի այլ մարմինների կողմից, դատաբժշկական եզրակացությունից հետո։ Գործադիր մարմնի ղեկավարի գործը պետք է լինի յուրաքանչյուր մահվան դեպքից հետո հաջորդ նմանատիպ դեպքերի հնարավորինս կանխումը։ Պետությունը, իսկ տվյալ դեպքում պետության ներկայացուցիչը նախարարն է, պոզիտիվ պարտականություն ունի անձի կյանքի պաշտպանության, այդ իրավունքի ապահովման եւ այս իմաստով ունի նաեւ պատասխանատվություն, նաեւ վնասների փոխհատուցման պարտավորություն ունի։ Ոչ միայն բժիշկն է մեղավորը, այլ նաեւ պետությունը, որովհետեւ իր վերահսկողության ներքո է դեպքը եղել»։



Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները չեն լսել նախարար Լեւոն Ալթունյանի արտահայտությունը մեկ-երկու ծննդկանի մասին, որոնցով պետք է ոչ թե նախարարն զբաղվի, այլ մորգն ու դատարանները։ «Նրանք ավանդապաշտ մարդիկ են եւ մինչ օրս հեռուստացույցից կամ կապի այլ միջոցներից չեն օգտվում, եւ լավ է, որ չեն օգտվում, առանց այդ էլ նրանց վիշտը ծանր է»,- ասաց փաստաբանը։



Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն իր պաշտոնն ստանձնել է սեպտեմբերի 27-ին եւ արդեն հասցրել է աչքի ընկնել օրիգինալ պահվածքով եւ տարօրինակ հայտարարություններով։ Մեկ-երկու ծննդկանների մահվան մասին արտահայտությունը, որից հետո վարչապետը հայտարարեց, որ նշանակելուց առաջ նրան չի ճանաչել, դեռ մի կողմ։ Նախարարությունում անհանգիստ իրավիճակ է։ Նոր, դեռ չհրամանագրված կադրերի խորհրդային անցուդարձ է տիրում եւ կադրային ջարդի սպասում։ Հին աշխատողները գուշակում են, թե այս երիտասարդներից որն է շեֆի նախկին հիմնարկից՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունից, ով ում բարեկամն է եւ ինչ պաշտոն է զբաղեցնելու։ Իսկ նորերը լուրջ դեմքով փաստաթղթեր են կարդում եւ ասում են՝ պատրաստվում են ինչ-որ բացահայտումների, մասնավորապես՝ գնումների համակարգում։ Մեր աղբյուրները հայտնում են, որ նախարարությունում լարվածություն կա հին եւ նոր կադրերի միջեւ։ Օրինակ՝ Ալթունյանի բերած օգնականները կարող են զանգահարել որեւէ վարչություն եւ հանձնարարական տալ աշխատակիցներին՝ անտեսելով պետերին: Միջին եւ փոքրիկ պետերին վիրավորում է սուբորդինացիայի՝ ապարատի համար անթույլատրելի խախտումը։ «Շատ նեղված ենք, ստացվում է՝ եթե չես ուզում քո ձեռքով հանես, ստեղծում ես այնպիսի պայմաններ, որ իրենք գնան: Դա ի՞նչ ձեւ է աշխատելու։ 1000 նախարար ենք փոխել, ոչ մեկը սուբորդինացիան չի խախտել։ Ձեւն այսպես է՝ հանձնարարությունը տալիս է նախարարը փոխնախարարին կամ օգնականին, վերջինս՝ վարչության կամ բաժնի պետին։ Իսկ իրենք անտեսում են այդ ամենը, կապի մեջ են մտնում միանգամից»,- ասում է նրանցից մեկը։ Նախարարության մամուլի ծառայությունից պատասխանում են մեկ տողով. «Տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»։ Դժգոհության տեղիք են տվել նախարարի նորամուծությունները։ Նա պահանջում է, որ իր աշխատակիցները լավ տիրապետեն համակարգչին եւ «արագատպության» հմտություններին՝ ինչպես առաջատար քարտուղարուհիները։ Եվ արդեն մեկ ամիս է՝ նախարարության աշխատողները համակարգիչ են պարապում, տեքստեր են հավաքում, մրցում են, թե ով ավելի արագ տեքստ կհավաքի։ Ինքը՝ Լեւոն Ալթունյանը, հայերենին է զարկ տվել, քանի որ ռուսախոս է եւ նպատակ ունի ամբողջությամբ անցնել մայրենիին։ Իր աշխատողներին էլ է հայերենի թեստեր բաժանել, որ ուղղագրություն սովորեն։ Շուտով նրանք հայերենից ստուգարք են հանձնելու։ Երբ նոր էր եկել, ռուսերենի տիրապետում էր պահանջում։ Մի խոսքով, երեւի ավելի ճիշտ կլիներ՝ Լեւոն Ալթունյանին տանեին կրթության նախարարություն։ Լրագրողների համար էլ ուրբաթ օրերը նախարարը թեյախմություն է կազմակերպել, բայց թեյ չկար, կար միայն «բոնբոներկա»։ Չորրորդ իշխանավորների բոլոր հարցերին էլ նա պատասխանում էր՝ չգիտեմ, տեղյակ չեմ, հետո կպատասխանեմ, գուցե։ Նա նույնիսկ չգիտեր, թե քանի խորհրդական ունի։ Իհարկե, լավ է, որ չի խաբում, չի ասում՝ էս կանեմ, էն կանեմ։



Խորամանկ ժպիտով այս մարդն անկեղծ խոստովանում է, որ անտեղյակ է։ Բայց այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ է հանդիպում լրագրողների հետ, կանչել է, որ ի՞նչ անի՝ կոնֆե՞տ ուտի։ Սա այն դեպքն է, երբ չխոսկանությունը, 100 օր խնդրելը նախարարին կներվեր։ Այժմ նա գործուղման մեջ է։ Ի՞նչ գործուղում է, ի՞նչ նպատակով, ո՞ւր։ Աշխատակազմի ղեկավար Արայիկ Բաղրյանին զանգեցինք, նա խոստացավ զանգել ու պատասխանել մեր այս հարցին, բայց չկատարեց խոստումը։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ