Սաքունցից քշվածները

Սաքունցից քշվածները

Այնտեղ, որտեղ Արթուր Սաքունցն է, միշտ մի հիմար բան է կատարվում: Ոչ ոք թող չկասկածի: Ավելին ասեմ` Արթուր Սաքունցը միայնակ ավելի վտանգավոր է, քան հանցավոր խումբն ու ՊՊԾ գունդը գրաված «գրոհայինները»` միասին վերցրած: Այդ Արթուր Սաքունցին պետք է ձերբակալել և հանձնել Ադրբեջանին, որովհետև Բաքվում այդ կարգի իրավապաշտպաններին լավ են վերաբերվում:



Իսկ հիմա` ըստ էության:



Ո՞վ է Արթուր Սաքունցին խնդրել 1000 դրամների հետ կապված ցույց անել ԱԺ-ի դեմ ու խայտառակել մի ողջ ժողովրդի` աշխարհի, այդ թվում նաև Ադրբեջանի ու Թուրքիայի աչքի առաջ: Ի վերջո` այդ գումարով նախատեսվում է օգնել 2017թ-ից հետո զոհված եւ հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքներին: Ի՞նչ է նշանակում ցույց անել` զոհված եւ հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքներին չօգնելու համար: Ի՞նչ է նշանակում 20 հոգով նման ցույց անել: Սա նշանակում է մի պարզ բան` օգտվել իրավիճակից, որ ժողովուրդը բողոքում է իշխանությունների հերթական տապոռային քայլից, իսկ դու տելե ու թերթ գլխիդ ես հավաքում, թե տեսեք` նույնիսկ աշխատանք ունեցող ժողովուրդը չի ուզում 1000 դրամ տալ զոհվածների և հաշմանդամների ընտանիքներին:



Թիկունքից հարված Հայաստանին. այլ մեկնաբանություն չկա:



Անձամբ Արթուր Սաքունցը աշխատանք ունեցող չի համարվում և այդ 1000 դրամն էլ պարտավոր չէ տալ: Բայց դու տես, որ բոլորից բարձր է բղավում, որ չի տալու: Հետևաբար` նրա արածը կապիկություն է, իսկ եթե իր բառապաշարն օգտագործեմ` քուչի թուլի արարք:



Հազար անգամ կարող եմ կրկնել` խնդիրը 1000 դրամը չէ: Ինքս աշխատող չեմ, բայց տալու եմ այդ հազար դրամը, պարտավոր եմ տալ, բոլորս ենք պարտավոր տալ: Խնդիրը ՀՀ կառավարության, ՀՀ ՊՆ-ի և ՀՀ նախագահի բռնած խամ գործն է: Երբեք ու երբեք չի կարելի վարչական չագուչն առած այսպես մխել` օրենք եմ ընդունում, որ ամեն աշխատող պիտի տա: Չի կարելի սրանից նոր հարկատեսակ սարքել, տպավորություն ստեղծել, որ մարդիկ բանակին փող չէին տալիս, դրա համար ենք ընդունել այս օրենքը: Նման իրավիճակից կարողանում են օգտվել միայն արթուրսաքունցներն ու նրանց հավասարեցված մարդիկ, ովքեր «Ֆեյսբուքում» այս օրերին ոռնոց են բարձրացրել, թե ՀՀ քաղաքացուն կողոպտում են:



Շատերի բերանին այս խոսքն է` թող հարուստները տան: Կա՞ մի մարդ, որ կասկածում է, թե հարուստները բանակին փող չեն տալիս: Անհնար է պատկերացնելը, որ հարուստները փող չեն տալիս բանակին: Մինչդեռ բոլորն այդ մասին են խոսում: Ինչի՞ց է դա: Սխալ կազմակերպելուց, ժողովրդի հետ խոսել չիմանալուց, ժողովրդի հետ մարդավարի խոսելուց խուսափելուց, երևույթը բացատրել չկարողանալուց:



Քիչ չեն դեպքերը, որ թերթի մեկ հրապարակումից հետո բարի մարդիկ են ճարվում և օգնում հույսը կորցրած ընտանիքներին, նրանց երեխաներին ոտքի կանգնեցնում: Մի՞թե նմանները չեն ճարվի զոհվածների և հաշմանդամների ընտանիքների համար, մի՞թե կգտնվեր մի հայ, ով հնարավորություն ունենալու դեպքում, չէր մոտենա այդ նպատակի համար դրված հանգանակության արկղին ու իր 1000 դրամը չէր տա: Ընդամենը մեկ բանկային հաշվեհամար էր պետք, ոչ ավելին, որպեսզի այս ողջ սաքունցաբանությունը չբերեինք մեր գլխին:



Էդիկ Անդրեասյան