Մարդը գիտնական չէ, բայց ուզում է դառնալ թեկնածու

Մարդը գիտնական չէ, բայց ուզում է դառնալ թեկնածու

Հայաստանում տարեկան 40 դոկտորական եւ մոտ 500 թեկնածուական թեզ է պաշտպանվում։ Սա, իհարկե, շատ է, եթե նկատի ունենանք, որ հեղինակավոր վարկանիշային աղյուսակներում նրանց չնչին տոկոսն է նշված։ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը՝ ԲՈՀ-ը, վերջերս համակարգի փոփոխություններ է իրականացրել։ ԲՈՀ նախագահ Լիլիթ Արզումանյանին խնդրեցինք մանրամասնել, թե ինչն է փոխվել։ 



- Այդ աշխատանքը մենք նախաձեռնեցինք հիմա, որովհետեւ՝ նախ, նախկին վարչապետի օրոք հանձնարարական կար համակարգը բարեփոխելու, եւ երկրորդը՝ որովհետեւ սեպտեմբեր-հոկտեմբերը համեմատաբար հանգիստ ամիսներ են, իսկ նոյեմբեր-դեկտեմբերին ավելի շատ են պաշտպանում, եւ մենք փոփոխություններն իրականացրինք օգոստոս-հոկտեմբեր ամիսներին, որ 2017 թվական մտնենք արմատապես նոր համակարգով։ Հիմնականում հետեւյալ սկզբունքն ենք որդեգրել. եթե կան նեղ մասնագիտություններ, որոնց գծով 23 տարվա մեջ պաշտպանություն չի եղել, կամ դոկտոր չկա, կամ կա մեկ դոկտոր, դրանք միավորվել են անվանացանկի հարակից մասնագիտությունների հետ։ Շուրջ 40 մասնագիտություն այս ճանապարհով միավորվել է, եւ այսօր անվանացանկում ունենք 155 նեղ մասնագիտություն։



- Ինչո՞վ է վատը ներկայիս համակարգը։



- Մենք իրավահաջորդն էինք Ռուսաստանի ԲՈՀ-ի։ Մենք վերցրինք նրանց անվանացանկը, որը համապատասխան էր Խորհրդային Միության հզոր գիտական ներուժին։ Բայց տարիները ցույց տվեցին, որ այդ տարբերակն այնքան էլ կիրառելի չէ։ Եթե ես երեք տարվա մեջ խորհուրդներում պաշտպանած 240 աշխատանք վերադարձրել եմ՝ ուղարկել եմ վերանայման կամ մերժել եմ, հետեւապես, ինչ-որ բան այն չէ։ Աշխատանքը գիտական հատվածով գնահատվում է մասնագիտական խորհուրդներում, որը 15-20 հոգանոց կազմով հավաքվում է, քվեարկում է, հետո աշխատանքը գալիս է մեզ մոտ աննորմալ թերություններով՝ կրկնվող, դատարկ էջերով, սխալ բանաձեւերով՝ բաներ, որոնք ընդամենը թերթելով՝ կարելի էր հանել։



- Սա չի՞ նշանակում, որ ԲՈՀ-ը պետք չէ, եւ բավական է ունենալ լավ մասնագիտական խորհուրդներ։



- Այդ խոսակցություններն արդեն հոգնեցրել են։ Ասենք թե՝ պետք չէ։ Եթե 200 աշխատանք հետ ես վերադարձնում, հիմա ես եմ Ձեզ հարցնում՝ պե՞տք է, թե՞ պետք չէ։ Եթե գա այնպիսի ժամանակ, որ մի տարի ԲՈՀ-ը ոչ մի աշխատանք հետ չի տա, կասենք՝ ուրեմն մասնագիտական խորհուրդներն աշխատում են այն բարեխղճությամբ, որ ԲՈՀ-ը դարձել է ավելորդ։



- ԲՈՀ-ի հետ ուղարկած աշխատանքների ո՞ր տոկոսն է հետ գնում մասնագիտական խորհուրդներ ու էլի պաշտպանվում։



- Հիմնականում հաստատվում են, բայց վերանայված, ուղղված։



- Իսկ եթե մասնագիտական խորհուրդը վատ աշխատանք է ուղարկել Ձեզ, ինչ-որ պատասխանատվության ենթարկվո՞ւմ է դրա համար։



- 2016 թ․ փետրվարին կառավարությունը վերանայեց մեր կանոնակարգը, եւ հավելեցինք կետ, որ եթե 3 աշխատանք տվյալ խորհրդին վերադարձվում է, ուրեմն ԲՈՀ-ն իրավունք ունի վերակազմավորել կամ լուծարել խորհուրդը, եւ այդ իրավունքից ես օգտվելու եմ անպայման։



- Վերադառնանք փոփոխություններին։ Մասնագիտական նոր խորհուրդները ձեւավորվել են, ի՞նչ սկզբունքներով։



- Անվանացանկի հիման վրա ստեղծվեց մասնագիտական խորհուրդների նոր ցանց՝ բացարձակ նոր սկզբունքներով։ Պաշտպանության պրոցեսը մոտեցրինք եվրոպական չափանիշների։ Այնտեղ միասնական չափանիշ չկա, եւ ամեն բուհ իր սպեցիֆիկ ձեւով է պաշտպանություն կազմակերպում։ Ընդհանրությունը փոքր կազմն է, այնտեղ պաշտպանությունը 5-7 նեղ մասնագետներ են իրականացնում։ Մենք ընտրեցինք ոսկե միջինը՝ այսօրվա գործող 9-21 հոգանոց խորհրդի անդամների առավելագույն թիվը սահմանեցինք 9։ Յուրաքանչյուր պաշտպանություն մասնագիտության թվանիշի գծով պետք է իրականացվի 9 հոգանոց կազմով, որից 7-ը պարտադիր տվյալ թվանիշի նեղ մասնագետներ են, եւ կարծում ենք, որ սրանով խորհրդի յուրաքանչյուր անդամի պատասխանատվությունը կբարձրանա։ Մյուս նորությունն այն է, որ նախկինում երեք հոգու էր հանձնարարվում կարդալ եւ ընդհանուր եզրակացություն տալ։ Մեծ թերություն կար այդ հատվածում, որովհետեւ իրականում չէին կարդում։ Այսօր բարձրացվել է թափանցիկությունը։ Ես պահանջել եմ, որ եռյակից յուրաքանչյուրն առանձին կարծիք գրի՝ գործերին կցվող, եւ մենք հետագայում տեսնելու ենք արդյունքի պատասխանատուներին։ Ուզեն-չուզեն՝ կարդալու են։ Յուրաքանչյուր գիտնական պետք է հանդես գա միայն մեկ գիտական խորհրդում եւ մեկ թվանիշով։ Եթե դոկտոր է, ապա վերջին 5 տարում 5 հոդված պետք է ունենա կամ 1 մենագրություն, իսկ եթե թեկնածու է՝ 10 հոդված։



- Հետո՞։ Գտա՞ք այդպիսի գիտնականների։



- Այո, բայց պարզվեց՝ պատկերն այնքան էլ լավը չէ։ Տպավորությունը նա է, որ մարդիկ հոդված են գրում, որ պաշտպանեն, ու դրանից հետո էլ ոչինչ չեն անում։ Բայց այս նոր չափանիշները դարձան զտման մեխանիզմ։ Շատ թարմացան մեր մասնագիտական խորհուրդները, մարդիկ ստիպված սկսեցին փնտրել դոկտորներ՝ ասենք, Մատենադարանից, Երեւանից դուրս, որոնք պաշտպանել էին, բայց ընդգրկված չէին համակարգում։ Ես հիմա գոհ եմ, ինձ թվում է՝ այսօր դոկտորների 90 տոկոսն ընդգրկված է մեր համակարգում։ Այն առողջացվում է, եւ լուծվում է սերնդափոխության հարցը․ մասնագիտական խորհուրդներում ընդգրկվեցին մեծ թվով աշխատող թեկնածուներ, որովհետեւ այս 10 հոդվածի պահանջը խստորեն պահում ենք։



- Դիմադրություն, կռիվ եղա՞վ։



- Եղան բանակցություններ, բայց կռիվ չեղավ։



- Վերջերս Գիտպետկոմի պաշտոնյաները հայտարարեցին, որ անցնում ենք միաստիճան գիտական համակարգի։



- Խնդրում եմ, որ նման հայտարարություններ անողները նախ ուսումնասիրեն, թե աշխարհում աստիճանավորման ինչ համակարգեր կան։



- Գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանը վերջերս խոսում է աստիճանավորման համակարգի փոփոխությունների մասին եւ չի բացառում, որ ԲՈՀ-ը միանա Գիտպետկոմին։ Ինչպե՞ս եք ընդունում սա։



- Ես դա ընդունում եմ որպես հարձակում։ Ոչ մի կերպ չեմ հասկանում անվերջանալի ոտնձգությունները մեր համակարգի նկատմամբ։ Գիտպետկոմը մարմին է, որ գիտության բնագավառում բավական անելիքներ ունի, բայց աստիճանաշնորհման համակարգը մեր գործառույթների շրջանակում է։



- Հնարավո՞ր է, որ ԲՈՀ-ը միավորեն Գիտպետկոմի հետ։



- Գիտեք, ես իմ գործն եմ անում՝ ի շահ մեր գիտության եւ պետության։ Եվ դեռեւս շարունակում եմ հույս փայփայել, որ աշխատանքը կգնահատվի, իսկ համակարգը փորձադաշտ չի դառնա եւ նոր վտանգավոր ցնցումների չի ենթարկվի։



- Հաճախ մեր պաշտոնյաները, պատգամավորները՝ ընտանիքով հանդերձ, կանանցով, որդիներով, դոկտոր են դառնում։ Անունները հայտնի են, Ձեր գնահատականն այս երեւույթին։



- Մեր այսօրվա աղավաղված բարոյահոգեբանական կերպարը, ագահությունը երկրի պատկեր է ձեւավորում։ Մարդիկ փոխվել են, ուզում են ամեն ինչ ունենալ, անկախ նրանից՝ իրենց «հագով է», թե չէ։ Մարդը գիտնական չէ, բայց ուզում է դառնալ թեկնածու։ Մյուսը միջին հնարավորությունների թեկնածու է, բայց պետք է անպայման դառնա դոկտոր։ Դրա արդյունքում ստացվում են ոչ օբյեկտիվ գործընթաց, սուտ թվեր, սուտ տվյալներ եւ հակասություն։ Ունեցեք այն, ինչի ընդունակ եք, մի քիչ էլ զսպեք ձեր ախորժակը։ Ռուբեն Հախվերդյանը հրաշալի բան էր ասել՝ միաժամանակ քանի՞ հարկում կարող ես բնակվել, քանի՞ տան մեջ կարող ես ապրել, քանի՞ մեքենա քշել, ընտանիքում քանի՞ դոկտոր կարող ես ունենալ։ Արդյունքում դառնում է սխալ երկիր։ Սա մեր ողբերգությունն է։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ