Եվրոդատարանը առաջնահերթ անդրադառնալու է Շիրխանյանի առողջությանը

Եվրոդատարանը առաջնահերթ անդրադառնալու է Շիրխանյանի առողջությանը

ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից լավ նորություն է ստացել: Ինչպես հայտնի է, Շիրխանյանը ՄԻԵԴ-ին երկու գանգատ էր ներկայացրել` խափանման միջոցի և իր առողջության հետ կապված խնդիրներով: Մեր աղբյուրները հաղորդում են, որ Վահան Շիրխանյանի վերջին գանգատի վերաբերյալ, որը նա ուղարկել էր սեպտեմբերին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել կիրառելու 41-րդ կանոնը, այսինքն՝ գանգատը քննել առաջնահերթության կարգով:



Հիշեցնենք, որ ծրագրված պետական հեղաշրջմանը մասնակից լինելու գործով կալանավորված 70-ամյա գեներալ-լեյտենանտ Շիրխանյանը անցյալ տարվա դեկտեմբերի 19-ից գտնվում է անազատության մեջ, և մեկ տարում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նա թոքի կաթված է տարել, տրոմբոզ ունի, այլ հիվանդություններ: Իսկ 10 օր առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր կողմից ընդունված որոշմամբ հաստատված է համարել, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում Շիրխանյանի իրավունքները խախտվել են:



Որոշմամբ Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է ՀՀ արդարադատության նախարարին Շիրխանյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, կազմակերպել նրա անհրաժեշտ խնամքը, բացառել, որ այն կատարվի ազատազրկված այլ անձի կողմից, պատասխանատվության ենթարկել Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը խախտելու մեջ մեղավոր պաշտոնյաներին: