Մենք Սաշիկ Սարգսյանին «նալոգ» ենք տալիս, ինչ կուզենք, կանենք. Կառավարության դիմաց բողոքի ակցիա էր (ֆոտո,վիդեո)

Մենք Սաշիկ Սարգսյանին «նալոգ» ենք տալիս, ինչ կուզենք, կանենք. Կառավարության դիմաց բողոքի ակցիա էր (ֆոտո,վիդեո)

Կոնդեցիները, նաիրիտցիները, սևազգեստ մայրերը, տարբեր խնդիրներ ունեցող քաղաքացիներ այսօր կրկին հավաքվել էին կառավարության դիմաց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար: Երեկ լսելով, որ դատարանը սնանկ է ճանաչել «Նաիրիտ» գործարանը, նաիրիտցիներից մի քանի հոգի վհատված կրկին կառավարության դիմաց էին՝ պահանջելով գործարանի վերագործարկում:



Կոնդեցիները պահանջում են՝ պետության կողմից գերակա շահ ճանաչված իրենց բնակարանների վերադարձը կամ համապատասխան փոխհատուցում: Պետական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած նախկին օդաչուները տարիներ շարունակ պայքարում են, որպեսզի վերականգնվի ամսական իրենց տրվող 40 հազար դրամ հաշմանդամության թոշակը: Վերջիններս դրսում կարողացան հանդիպել մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: ՄԻՊ-ը նշեց, որ իրենց հարցը քննարկման փուլում է:



Աշխատանքից ազատված, օրեր շարունակ կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնելով, բերանը կարած և հացադուլ հայտարարած Արմեն Երանոսյանը, ում աշխատանքից հեռացրել էին խմածության պատճառով, այսօր կրկին կառավարության դիմաց էր՝ ձեռքին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը՝ Արմենին վերականգնել նախկին աշխատանքին: Սակայն, ինչպես հիմնարկի տնօրենն է պատասխանել նրան, «մենք Սաշիկ Սարգսյանին «նալոգ» ենք տալիս, ինչ կուզենք, կանենք»:



Կառավարության շենքի մոտ էին մի քանի կանայք, ովքեր տարիներ առաջ կորցրել են ՊԲ-ում ծառայող իրենց որդիներին, նրանց խոսքով՝ իրենց որդիներին բանակում սպանել են: Խաղաղ պայմաններում բանակում մահացած Արթուր Ղազարյանի մայրը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ինքը կառավարության դիմաց մոտեցել է դատախազության ներկայացուցիչ Արմեն Հարությունյանին և այդ ժամանակ անվտանգության աշխատակիցը մոտեցել է իրեն, ձեռքից վերցրել ու պատռել որդու լուսանկարը: Զոհված զինվորների հարազատները պահանջում են բացահայտել իրենց որդիների սպանության գործերը:



Մանրամասները՝ տեսանյութում: