ժողովուրդ, Լենինական չկա, ավիրվել ա. չմոռացվող հիշողություններ երկրաշարժից

ժողովուրդ, Լենինական չկա, ավիրվել ա. չմոռացվող հիշողություններ երկրաշարժից

«Դեկտեմբերի 7-ի առավոտյան մեր գյուղից պատրաստվում էի գնալ Գյումրի՝ եղբորս տուն, քանի որ եղբորս կինը այդ օրը պետք ա երեխա ունենար: Առավոտ պապայիս հետ պետք ա գնայի, էն էլ մայրս չթողեց, ասեց՝ տան գործերը ավարտենք, հետո ժամը 11-ին գյուղի ավտոբուսով կգնաս: Ես էլ 11:30 գյուղի ավտոբուսով եկա քաղաք, այն էլ չհասա տեղ: 12-ին 20 պակաս երկրաշարժը եղավ: Հիշում եմ՝ ավտոբուսում էինք՝ Արփաչայ գետի կամուրջին կանգնած էինք, էդ ցնցումից ավտոբուսը ետ էր գնում, վարորդը կանգնեց, ասաց՝ էս ի՞նչ ա կատարվում, մի 2 րոպե սպասեց ու շարժվեցինք: Հասանք Լենինականի «Մայր Հայաստան»-ի մոտ, տեսանք, որ ամբողջ քաղաքը ավիրվել է»: Դեռ մինչև հիմա հիշողության մեջ պահելով այդ բոլոր դրվագները՝ պատմում է տիկին Ալիսան, ով այդ ժամանակ եղել է 19 տարեկան: Նրա խոսքերով՝ գետինն ամբողջովին ճեղքվել էր, ջուր էր հորդում, մի քանի րոպե կանգնելով փոշու, հողին հավասարված քաղաքի դիմաց, իրեն և մյուսներին ուշքի է բերել ավտոբուսի վարորդը, ասելով ՝«ժողովուրդ, Լենինական չկա, ավիրվել ա»:



Երկրաշարժը խլել է նրանց ընտանիքից 2 տարեկան Հայկի կյանքը, եղբայրը ձեռք է բերել հիվանդություններ, իսկ հղի հարսը՝ փլատակներից դուրս գալուց հետո, հենց նույն օրը երեխա է ունեցել. «Ասել էին՝ ինչքան բարձրահարկ շենքեր կան, բոլորը փլվել են, դպրոցներ, մանկապարտեզներ, շենքերը բոլորը ավիրվել էին: Մամաս մի կերպ հասնում ա եղբորս շենքի մոտ, տեսնում՝ փլվել ա: Եղբորս գիրկը երեխեն մահացել ա, փլատակների տակ են եղել, վերջում մի քար պոկվել ընկել ա էրեխու գլխին, էդ պատճառով մահացավ: Հարևանի երեխան եկած ա եղել եղբորա տուն՝ խաղալու, հարսս փլատակների տակ հարևանի երեխու հետ ա եղել: Երկուսնն էլ փրկվեցին, փառք Աստծո»:



Եղբորը փլատակների տակից դուրս բերելուց հետո ուղղաթիռով տեղափոխել են Սարատակ գյուղ` տեղի կացարաններ, այնտեղից էլ ծանր վիրավորներին տեղափոխել են Երևան, դրանից 6-7 օր հետո՝ Մոսկվա. «Եղբայրս 2 ամիս պառկեց հիվանդանոցում, մենք իրեն չէինք կարողանում գտնել, ազգանունը սխալ էին գրել՝ Հովհաննիսյանի փոխարեն Հովսեփյան: Նույն հիվանդանոցը 10 անգամ մտել-դուրս ենք եկել, բայց, քանի որ ազգանունը սխալ էին գրել, չէինք գտնում»:



Աղետից 28 տարի անց մեր զրուցակցի աչքով՝ Գյումրին դեռ ոտքի կանգնելու տեղ ունի, մինչ երկրաշարժը առատ քաղաք է եղել, սակայն գյումրեցու հիշողությունից չի ջնջվել 1988 թ դեկտեմբերի 7-ը:



Աննա ՊԱՊԻԿՅԱՆ