Ո՞վ պետք է պատասխան տա չաշխատող բիոզուգարանների համար

Ո՞վ պետք է պատասխան տա չաշխատող բիոզուգարանների համար

Տնտեսական զարգացման և ներդրումների՝ նախկին էկոնոմիկայի նախարարության անունը կարելի է փոխել և դնել, օրինակ, Տնտեսության քայքայման և անգործունակության նախարարություն։ Մի պարզ պատճառով՝ այս նախարարությունն ու նախարար Սուրեն Կարայանն ի զորու չեն իրենց ստորադաս մի հիմնարկից, ինչպիսին Ազգային մրցունակության հիմնադրամն է, ստանալ մի պարզ հարցի պատասխան՝ որտե՞ղ և ի՞նչ վիճակում են գտնվում Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք գնված բիոզուգարանները։ Հիշեցնենք` խոսքն այն երկու գերժամանակակից բիոզուգարանների մասին է, որ ձեռք են բերվել դեռ 2011 թվականին՝ շուրջ 100 մլն դրամով։ Այս զուգարանների շնորհիվ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել էր տուրիզմն ու տնտեսությունը զարգացնել. մարդիկ կայցելեին Տաթևի վանք կամ Երևանի կենտրոնում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցի, կնկատեին այնտեղ տեղադրված «ֆիրմա» զուգարանները (դրանք հենց այդ երկու եկեղեցիների բակերում էին տեղադրել), կգայթակղվեին դրանցով, կգցեին 200 դրամանոց մետաղադրամը, որ հենց այդ զուգարաններում՝ ռոմանտիկ երաժշտության ներքո հոգային իրենց կարիքներն, ու մեր տնտեսությունը թռիչքային աճ կարձանագրեր։



Շուրջ վեց տարի է անցել այս ամենից, և բիոզուգարաններից ու դրանց տված օգուտից որևէ ձայն-ծպտուն չկա։ Ու նաև շուրջ վեց ամիս է անցել այն ժամանակ Էկոնոմիկայի, այժմ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն այս թեմայով մեր ուղարկած հարցումից, ու մինչ օրս որևէ պատասխան չկա, թե որտեղ, ինչ վիճակում են գտնվում այդ երկու թանկարժեք զուգարանները, աշխատո՞ւմ են, թե՞ ոչ և այս տարիներին ինչ եկամուտ են ապահովել դրանք։ Էկոնոմիկայի նախարարությունն անընդհատ ձգձգում էր պատասխանը՝ նշելով, որ իրենք էլ լրացուցիչ հարցում են ուղարկել Ազգային մրցունակության հիմնադրամին, քանզի այդ զուգարանները սեփականության իրավունքով անհատույց հանձնվել էին հենց այդ հիմանդրամին։ Ու այս նախարարությունն ամիսներ շարունակ չէր կարողանում այդ հիմնադրամից իր հարցման պատասխանն ստանալ՝ մեզ էլ անընդհատ խնդրելով սպասել։ Նրանք անգամ խնդրում էին բիոզուգարան բառը չօգտագործել, այլ ասել «ավտոմատ կառավարվող զուգարան»՝ երևի հույս ունենալով այդպիսով մոռացնել տալ թեման։ Ու քանի որ նախարարն ու նախարարությունը, փաստորեն, անզոր են այն աստիճան, որ մի հարցման պատասխան ի վիճակի չեն ստանալ իրենց ենթակա կառույցից, ինքներս դիմեցինք այդ հիմնադրամին։ Եվ սահմանված ժամկետում ստացանք պատասխանը։



«Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին հանձնված երկու հասարակական զուգարաններից մեկը ժամանակին տեղադրվել է Տաթևի վանական համալիրի շրջակայքում, որը ներկայում պահեստավորված է և գտնվում է Շինուհայր համայնքում՝ եղանակային վատ պայմանների ազդեցությունից ավելի չվնասվելու համար, մյուսը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցուն հարակից տարածքում։
Հետագայում՝ 2015թ., նույն վիճակում (կոնսերվացված) վերոհիշյալ հասարակական զուգարանների տնօրինման իրավունքը փոխանցվել է Հայաստանի զարգացման հիմնադրամին: Դրանց շահագործման, պահպանման հետագա նպատակահարմարությունը որոշելու կամ գործարկման հնարավոր տարբերակները գտնելու նպատակով հիմնադրամի ներկայիս աշխատակազմի կողմից ուսումնասիրություն է կատարվում»,-նշել են Ազգային մրցունակության հիմնադրամից, ապա հավելել ամենակարևորը. «Երկու զուգարանները ներկայում չեն շահագործվում և գտնվում են անսարք վիճակում»։



Այս ամենի մասին, իհարկե, մենք տեղյակ էինք նախապես, պարզապես ուզում էինք պաշտոնական պատասխան ստանալ։ Իսկ նախարարությունը չէր տալիս այն՝ թերևս չուզենալով ջրի երես հանել նախորդ կառավարության և նախորդ նախարարի օրոք կատարված այս անպտուղ գործարքի կեղտերը, որն ի դեպ, կապվում է այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի անվան հետ։ Հիմնադրամից մեզ ուղարկած պատասխանը, սակայն, հերթական հարցերն առաջացրեց։ Օրինակ՝ ո՞վ է և ինչու՞ է այդ զուգարանները վնասել, որ հիմա կոնսերվացրել են՝ «ավելի չվնասվելու համար»։ Ինչու՞ դրանք չեն աշխատել, և ո՞վ է պատասխան տալու այդքան գումար դրանց վրա մսխելու և այդ թանկարժեք զուգարանները փչացնելու, անտերության մատնելու համար։ Արդյոք գործող կառավարությունն ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, որպես իրենց նախորդների իրավահաջորդ, պե՞տք է պատասխանատվություն կրեն այս ամենի համար կամ ի վիճակի՞ են պատասխանատվության հարց բարձրացնել թեկուզ նախորդների առաջ, թե՞ նրանց անզորությունն ու անպատասխանատու վարքը տալիս է այս ամենի պատասխանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ