Տարեկան 37 միլիոն անիմա՞ստ է հատկացվել լուծարվող ընկերությանը (տեսանյութ)

Տարեկան 37 միլիոն անիմա՞ստ է հատկացվել լուծարվող ընկերությանը (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր կառավարության նիստում հաստատվեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին նախագիծը։։ Նշենք, որ այս ՓԲԸ-ն ստեղծվել էր Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի շրջանակներում հիմա հիմա իր առաքելությունը այդպես էլ չիրականացրած՝ լուծարվում է։ ՏԿՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ ընկերության լուծարումը պայմանավորված է օպտիմալացմամբ, քանզի դրանով նրանք մտադիր են խնայել տարեկան 37 մլն դրամ։ Այդ ընկերությունը բյուջեից ֆինանսավորում էր 2011 թվականից։ Այսինքն՝ 185 (կամ, եթե 6 տարով հաշվենք՝ 222) մլն դրամ անտեղի՞ է հատկացվել այս տարիներին այդ ընկերության գոյության համար, որը, ըստ էության, ոչինչ չի արել և անիմա՞ստ է «աշխատել»։ Նախարարը վստահեցնում է, որ աշխատանքներ տարվել են։ «Ոչ, անիմաստ չի աշխատել, աշխատանքներ տարել է, քննարկումներ տարել է, այդ ընթացքում ունենք պայմանագիր մեկ կոնսենսիոն կառավարչի հետ, ովքեր որ ուսումնասիրություններ են, թե քանի թունել, քանի կամուրջ է անհրաժեշտ։ Ես չեմ կարող գնահատել՝ 185 մլն դրամի համար դա շատ է, թե քիչ է, բայց աշխատանքներ տարվել են»։



Hraparak.am-ի հարցին, թե ով է փոխարինելու այդ ընկերությանը, եթե մի որ հանկարծ մեկնարկվի Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, նախարարն ասաց․ «Ունենք երկաթուղու վարչություն, երբ օրը հասնի մրցույթներ հայտարարելուն, դա կիրականացվի ծրագրերի իրականացմամբ»։



Նախարարը անդրադարձավ նաև Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի հավանական հեռանկարներին, դրա շուրջ ընթացող բանակցություններին և նրան, թե հույս կա՞, ի վերջո, որ մի օր այդ ծրագիրը վերջապես կյանքի կկոչվի։



Մանրամասները՝ տեսանյութում․




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ