Երբ լռությունը ոսկի չէ

Երբ լռությունը ոսկի չէ

Երեկ հայտնի դարձավ, որ առանց Ադրբեջանի թույլտվության ԼՂՀ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ում նկատմամբ Մինսկն արտահանձնման որոշում էր կայացրել, տեղափոխել են Բաքու եւ հանձնել Ադրբեջանի պետանվտանգության ծառայությանը: Հայտնի դարձավ նաեւ, որ Լապշինին Բաքու են հասցրել հատուկ չվերթով:



Հայկական որոշ շրջանակներ, որոնք Իլհամ Ալիեւին ռացիոնալ գործիչ են համարում, կարող են հանգիստ խղճով ռացիոնալ գործիչ համարել նաեւ նրա բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին: Կասկած չկա, որ այս ընկերակցությունից է նաեւ Ղազախստանի ռացիոնալ նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Այս տրիոն, պետք է ասել, շատ հիմար վիճակի մեջ դրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Բանն այն է, որ Ալեքսանդր Լապշինը ՌԴ քաղաքացի է, իսկ Բելառուսն ու Ադրբեջանը նրա հետ վարվում են որպես իրավազուրկ իրի հետ:



ՀՀ իշխանություններն այս ամենի հետ կապ ունեն այնքանով, որ Մինսկ-Բաքու այդ խայտառակ գործարքը դեմարշ է Հայաստանի նկատմամբ եւ ոտնահարում է մեր երկրի միջազգային հեղինակությունը թե քաղաքականության եւ թե բարոյականության հարթություններում: ՀՀ-ն, եթե նույնիսկ միջազգային նորմերը թույլ չեն տալիս վիճարկել սուվերեն Բելառուսի դատարանի որոշումը, առնվազն պարտավոր է իր կարծիքը հայտնել տեղի ունեցածի մասին, եթե դեռ չի մոռացել, որ ինքն է Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Բացառված չէ, որ վաղը Բելառուս այցելող որեւէ բելգիացի պատգամավոր, որ եղել է Ղարաբաղում, ձերբակալվի եւ արտահանձնվի Բաքվին: Իսկ դա արդեն սպառնալիք է Ղարաբաղի անվտանգությանը:



Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում զայրացած գրել է. «Բելառուսում Հայաստանի դեսպանը պետք է խայտառակ ձեւով հեռացվի համակարգից: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը, որը շաբաթներ առաջ Ստրասբուրգում ձմեռային նստաշրջանի էր մասնակցում ու մի ելույթ անգամ չունեցավ Բելառուսի, Ադրբեջանի կողմից մարդու հիմնարար ազատությունները սահմանափակելու մասին, պետք է նկատողություն ստանա ԱԺ ղեկավարության կողմից: Մնացած պաշտոնյաների մասին չասեմ»: Կիսելով քաղաքագետի զայրույթը` ասեմ, որ կարիք չկա, որ մենք նման հիստերիկ քայլերով արձագանքենք Մինսկի քայլերին, բայց Բելառուսում ՀՀ դեսպանին կարելի է խորհրդատվության նպատակով գոնե հետ կանչել Մինսկից: ԱԺ ղեկավարությունը նկատողություն հայտարարի ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանը, որ ի՞նչ անի: Առաջարկում եմ ԱԺ ղեկավարությանը՝ հայտարարել, որ, ի նշան բողոքի, ՀՀ պատվիրակությունը չի մասնակցի ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանին: Եթե հետեւենք Սաֆարյանի խորհրդին, ապա կարող է ստացվել, որ Բելառուսի դեսպանն է մեղավոր եւ ոչ թե ՀՀ արտգործնախարարը, ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն է մեղավոր եւ ոչ թե ՀՀ ԱԺ ղեկավարությունը, որոնց ոչ հռռոցն է լսվում, ոչ բռռոցը, եթե կենդանության նշան չհամարենք երեկ ՀՀ ԱԳՆ տարածած վախկոտ երկտողը, որով, վախ, վախ վախ, Լապշինի արտահանձնումը Բաքվին մարդու իրավունքների խախտում են որակել: Իսկ այն լավատեսությունն էլ, որ հայտնում է ԱԳՆ-ն, թե, միեւնույն է, դա չի խոչընդոտելու, որ քաղաքական ու մշակույթի գործիչներ այցելեն Ղարաբաղ, ընդամենը ինքնահանգստացում է, որովհետեւ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը երաշխիք չի տալիս Ղարաբաղ այցելող օտարերկրացիներին` վստահ լինելու, որ իրենք պաշտպանված են ՀՀ իշխանությունների կողմից:



Բելառուս-Ադրբեջան-Ղազախստան առանցքը մեզ համար լուրջ խնդիրներ է ստեղծում թե Եվրասիական տնտեսական միությունում, թե ՀԱՊԿ-ում: ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկիր չէր հանդուրժի իր շահերի ստորադասումը նույն դաշինքի այլ անդամի շահերին: Հետաքրքիր վիճակ է ստեղծվել մեր դեպքում: Ադրբեջանը բացահայտ գործում է Հայաստանի դեմ, իսկ վերոնշյալ դաշինքների մեր գործընկերներից առնվազն երկուսն Ադրբեջանի կողմից են խաղում: Ի՞նչ է մնում Հայաստանին անելու, երբ Բաքվի պահանջով Բելառուսն ու Ղազախստանը շրջափակում են Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ղեկավարությունն ստանձնելու գործը, երբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառում Հայաստանի դեմ` իբր մտահոգված իրենց երկրներ ղարաբաղյան արտադրանքի ներթափանցումից: Այս կարգի հարցերը դեսպանին աշխատանքից ազատելով կամ արտգործնախարարին նկատողություն հայտարարելով չեն լուծվում: Դեմարշին պետք է դեմարշով, ապտակին` ապտակով պատասխանել: ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի գագաթնաժողովն այն մակարդակը չէ, որտեղ պետք է ջենթլմենի պես պահես քեզ: Վաղ միջնադարի այդ հանրույթի հետ պետք է խոսես միայն իրեն հասկանալի լեզվով, այլ ճանապարհ չկա, եթե, իհարկե, այդ կառույցները լքել չես կարող:



Ո՞ւր է Հայաստանի բողոքը վերջերս տարածված այն հայտարարությունների դեմ, թե Նազարբաեւը պատրաստվում է միջնորդական դերակատարություն ստանձնել Ղարաբաղի հարցում: Նստել, սպասում ենք, որ սկսի՞:



Այս լռությամբ մենք կարող ենք պարզապես այլասերության աստիճան երես տալ լուկաշենկոնազարբաեւներին: Ո՞վ են, առհասարակ, նրանք, միջազգային հանրության կողմից մերժված ու անկյուն քշված այդ մարդիկ, որ փորձում են իրենց միջազգային վարկը բարձրացնել Հայաստանի ու Ղարաբաղի հաշվին` օգտվելով ՄԽ համանախագահների անգործությունից եւ հարցի կարգավորման ուղղությամբ վերջիններիս արած նախկին հայտարարություններից ու մեջտեղ բերած ճանապարհային քարտեզներից:



Բաքուն, ամենայն հավանականությամբ, Լապշինին կծախի ՌԴ իշխանությունների վրա` որպես բարի կամքի արտահայտություն եւ նախազգուշացում ՌԴ մյուս քաղաքացիներին, որ այսուհետ Ղարաբաղ չայցելեն առանց Բաքվի թույլտվության: Ռուսաստանը, բնականաբար, չի հերոսացնի Լապշինին, իսկ միջազգային հանրության մեջ էլ կամրապնդվի այն թյուր կարծիքը, որ Ադրբեջանն իսկապես իրավական գերիշխանություն ունի Ղարաբաղի նկատմամբ: Չի կարելի լռել ու նպաստել այդ կարծիքի ամրապնդմանը: Ամբողջ աշխարհում հայության ներուժն այսօր կենտրոնացած է Ղարաբաղի ճանաչման գործընթացի վրա, Ղարաբաղի ղեկավարներին ընդունում ու նրանց հետ բանակցում են շատ մայրաքաղաքներում, ամեն ինչ արվում է Ղարաբաղի տնտեսության մեջ օտարերկրյա կապիտալ ներգրավելու, բնակավայրեր վերակառուցելու եւ նորանոր կոմունիկացիաներ ստեղծելու համար: Այս ամենը մեր լռությամբ կարող ենք ջուրը լցնել եւ մնալ Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի հույսին:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ