Մարդ սատկացնողից մինչև օգնականներ` ՀՀԿ-ի ցուցակը խայտաբղետ է

Մարդ սատկացնողից մինչև օգնականներ` ՀՀԿ-ի ցուցակը խայտաբղետ է

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակի հրապարակումից հետո ՀՀԿ-ի ակտիվը խորը ընդհատակ է անցել։ Սպասվում էր, որ երեկ կհրապարակվի ցուցակն ամբողջությամբ, եւ ՀՀԿ-ում բոլորը կիմանային այդ ցուցակում իրենց լինել-չլինելու մասին, որովհետեւ, ըստ լուրերի, ցուցակը ծայրից ծայր ձեւավորվել է Սերժ Սարգսյանի կողմից, նրա ճաշակով։ Բայց ՀՀԿ ղեկավարը որոշեց ինտրիգը պահել մինչեւ վերջ, խաղալ կուսակիցների նյարդերի հետ եւ որոշեց, որ ցուցակը ԿԸՀ կներկայացվի այսօր, երբ լրանալու է թեկնածուների գրանցման վերջնաժամկետը։ Երեկ ՀՀԿ որոշ շրջանակներում չհայտարարված սուգ էր, տագնապով էին կարդում ԶԼՄ-ների՝ ցուցակի հետ կապված ցանկացած հրապարակում, քանզի լրատվամիջոցներից էին շատերը տեղեկանում, թե ինչ է իրենց սպասվում։ ՀՀԿ-ի առաջին «երջանիկները» եղել են ԳՄ անդամները, որոնց նախօրեին Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր կազմած ցուցակը։ Մեր տեղեկություններով, ԳՄ-ում եւ առհասարակ ՀՀԿ-ում շոկ է առաջացրել ցուցակի չորրորդ հորիզոնականում Արա Բաբլոյանի անունը։



Ինչպես արդեն ներկայացրել ենք, առաջին տասնյակը կազմվել է Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ականների կողմից վերջին շրջանում թմբկահարվող հայտարարություններին իբրեւ հավատարիմ՝ երիտասարդ, նոր դեմքերով ներկայանալու տրամաբանության մեջ։ Այս անգամ որոշվել է, որ նախորդ անգամների պես ցուցակը չի գլխավորելու կուսակցության ղեկավարը, այլ պաշտպանության երիտասարդ նախարար Վիգեն Սարգսյանը, ինչը եւս տարատեսակ քննարկումների առիթ է տվել՝ իշխող կուսակցության մեջ արձանագրել են, որ իրենց ղեկավարը հասկացել է, որ ինքն այնքան է հեղինակազրկվել, որ ճիշտը ցուցակը չգլխավորելն է։ Թեպետ կա նաեւ կարծիք, որ սա «զոհաբերում» է քաղաքական նոր մշակույթին, սերնդափոխությանը։ Մեզ պատմեցին, որ թոփ տասնյակում Արա Բաբլոյանի ներկայությունը որեւէ կերպ չի մեկնաբանվել, ոչ հարցրել են, ոչ էլ Սերժ Սարգսյանն է արժանի համարել բացատրություններ տալ։



Մինչդեռ ՀՀԿ-ի ոսկե երիտասարդության այլ կարկառուն ներկայացուցիչներ կամ Բաբլոյանի տարիքի ՀՀԿ-ականներից ոմանք անգամ երկրորդ-երրորդ տասնյակում տեղ չեն գտել։ Հովհաննես Սահակյանը, օրինակ, չորրորդ տասնյակում է։ Իսկ ՀՀԿ-ի ՄԻԱԿ Նաիրա Կարապետյանն ընդհանրապես դուրս է մնացել ցուցակից։ Նոր երիտկարիերիստով է համալրվել ՀՀԿ-ի ցուցակը՝ «Արարատ» հեռուստաընկերության տնօրեն Միհրան Հակոբյանն է անցողիկ տեղում, ով անցած ամռանն առաջարկում էր «սատկացնել» «Սասնա ծռերին» եւ այդ պատճառով զրկվեց ԱՄՆ մեկնելու վիզայից:



Սակայն ՀՀԿ-ի հին դեմքերին էլ Սերժ Սարգսյանը շատ չի նեղացրել՝ ԱԺ նախագահ, վատառողջ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը, Հրայր Թովմասյանը, սոցապփոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը եւ ուրիշներ 20-30-ն ընկած հորիզոնականներում են։ Ուշագրավ է, որ երգչուհի Շուշան Պետրոսյանը նույնպես հայտնվել է անցողիկ տեղում:



Կանանց թիմում նոր անունների պակաս չկա․ Շուշան Սարդարյանն է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը, որը կլինի անցողիկ 25-րդում: Սակայն ուշագրավ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմին էլ առաջնակարգ տեղեր չեն հատկացրել։ Նրա ղեկավարած կառավարության անդամներից մի քանիսը հետին հորիզոնականներում են ներկայացված։ Կարեն Կարապետյանը նույնպես չի լինի ցուցակում։ Վարչապետն այս առիթով Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է․ «Ինձ համար անակնկալ չէ, որ Հանրապետական կուսակցության ցուցակում չեմ:



Կարող է կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում»։ Ստաժավոր պատգամավոր Կարինե Աճեմյանը հետ է մնացել նորաթուխ կուսակցականներից՝ Ռուզաննա Մուրադյանը, Շուշան Պետրոսյանն ու Շուշան Սարդարյանը, Մարգարիտ Եսայանը եւ նույնիսկ Վարդան Այվազյանի օգնական Մարիամ Ավետիսյանն ու Տարոն Մարգարյանի օգնական Մարիա Բարեղամյանը նրանից առաջ են։ Հրանուշ Հակոբյանը, որը 2012-ին առաջին կինն էր ցուցակում, նույնպես դուրս է մնացել։ Չիրականացան նաեւ Երեւանի ՀՀԿ ավագանու անդամ Նաիրա Նահապետյանի ակնկալիքները․ նա նույնպես դուրս է մնացել ցուցակից։ Երեկ ամբողջ օրը տիկին Նահապետյանը խորհրդակցության էր, տիկին Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը եւ նույնիսկ Մարգարիտ Եսայանը բջջայիններին չէին պատասխանում։ Դե, բնական է, ժամանակ է հարկավոր կատարվածը մարսելու համար։



Ընդհանրապես, ՀՀԿ-ականներից շատերը երեկ խնդրում էին իրենց արտահայտվելու համար մի քանի օր ժամանակ տալ։ Ավագների գվարդիայից Համլետ Հարությունյանին հարցրինք՝ չի՞ նեղվել՝ լսելով, որ, այնուամենայնիվ, ոչ բոլոր տարեցներից են հրաժարվել։ «Ես չեմ որոշողը, կուսակցության ղեկավարությունից հարցրու, ինձ հարցնում ես, որ ի՞նչ»,- ասաց նա։ Նրա կարծիքով, ցուցակում, հավանաբար, տեղ են գտել մարդիկ, որոնք ավելի շատ ծառայություններ են մատուցել հայրենիքին ու կուսակցությանը․ «Ընդհանրապես, երեւի մեր պետության կայացման գործում են անուրանալի դեր խաղացել»։ Փորձեցինք հասկանալ, թե ինչ «դեր» են խաղացել, ասենք, Արմեն Աշոտյանը կամ Մարգարիտ Եսայանը, ո՞ր հարցերում։ «Դե, դա ես չէ, որ պետք է գնահատական տամ, կուսակցությունն իր գնահատականը տվել է, եւ որեւիցե դժգոհություն, նեղացվածություն չկա»։



Ցուցակում Սերժ Սարգսյանի բացակայության առիթով էլ ասաց․ «Կարող է հենց դա է քաղաքական նոր մշակույթը, որ պարտադիր չէ, որ նախագահը ղեկավարի ցուցակը կամ վարչապետը»։ Սամվել Նիկոյանն էլ չցանկացավ պատասխանել, թե ինչպես ստացվեց, որ հայտարարված սերնդափոխության պարագայում ինքը հերթական անգամ հանգրվանեց համամասնականում։ Նիկոյանը, պարզվեց, իր ծնունդն էր նշում, որը փետրվարի 13-ին է եղել, բայց, բնականաբար, մինչեւ ցուցակի հրապարակումը ո՞վ սիրտ ուներ նշելու։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ