Ծառուկյանը չոր տեղին ձեռք ա տալիս՝ կանաչում ա

Ծառուկյանը չոր տեղին ձեռք ա տալիս՝ կանաչում ա

Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ ընտրատարածքում «Ծառուկյան դաշինքի» թեկնածուներից մեկը 71-ամյա ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանն է։



- Պարոն Ազիզյան, ինչո՞ւ եք այս տարիքում որոշել Ձեր «անցավ գլուխը ցավի տակ դնել», իսկապե՞ս ուզում եք պատգամավոր դառնալ, թե՞ Կենտրոնում ԲՀԿ-ին ուժեղ թեկնածու էր պետք։



- Նախ՝ տարիքային սահմանափակում չկա, երկրորդն էլ՝ Թրամփն իմ տարիքում ու մի քիչ էլ ավել դարձավ ԱՄՆ նախագահ, Ավստրիայում նախագահ դարձավ ինձանից մի երեք տարի մեծ մարդ։ Տեսեք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ինձանից ուղիղ մեկ տարի մեծ է, նույն օրն ենք ծնվել։ Էդ հարցերը լավ կլինի իրենց էլ տաք։



- Ռեյտինգային ընտրակարգն ավելի դժվար է, քան մեծամասնականը, Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում, մանավանդ՝ ՀՀԿ-ից ուժեղ մրցակիցներ ունեք։



- Այո, բոլորին էլ գիտեմ, բոլորն էլ ուժեղ մարդիկ են, լավ մարդիկ են, ով կկարողանա, նա էլ կանցնի։ Ըմբշամարտի ժամանակ ասում են՝ խալին ցույց կտա, հիմա չխոսանք, ընտրությունները ցույց կտան։ Ինձ ձայն պիտի տան այն մարդիկ, ովքեր հավատում են «Ծառուկյան դաշինքին», իրավունք էլ չունեն չհավատալու, որովհետեւ Ծառուկյանը չոր տեղին ձեռք ա տալիս՝ կանաչում ա, ինչ խոստանում է ժողովրդին, արդեն կարելի է իրականություն համարել։ Բացի դրանից, ես ունեմ իմ ընտրազանգվածը, նոր մարդ չեմ, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ մխրճվելու եմ մեր թիմի ծրագրերը կյանքի կոչելու մեջ։



- Չե՞ք կարծում, որ երկու տարի առաջվա դեպքերը հանրության շրջանում հիասթափություն են առաջացրել, եւ մարդկանց դժվար է լինելու հավատացնել, որ Ծառուկյանը որտեղ ձեռք տա, այնտեղ կկանաչի։



- Նախ՝ իմ խոսքին չպիտի հավատան, Ծառուկյանը դա արդեն ապացուցել ա, եթե կարող եք գտնել երկրորդ մարդուն հանրապետությունում, ով այդքան մեծ ներդրումներ ա կատարել, ով ինչ կառուցել ա, կառուցել ա ճաշակով, ընենց չի, որ մենք Ծառուկյանին պիտի գովենք, որ իմանան։ Մարդիկ ապրում են, տեսնում են, ապացուցելու կարիք էլ չկա։ Ինչ վերաբերում է հիասթափությանը, եթե մարդիկ մի փոքր անալիզ անեն, կհասկանան, թե ինչ կլիներ, եթե Ծառուկյանը նման որոշում չկայացներ, կդառնար հեղափոխական ամբոխ, էդ ամենը կմնար Ծառուկյանի վրա։ Այդ պատճառով պետք է ոչ թե հիասթափվեն, այլ գոտեպնդվեն ու գնան Ծառուկյանի հետեւից։ Մարդիկ դեռ հետո ասելու են՝ այ, ինչ խելոք բան արեց Ծառուկյանը, Ղարաբաղի խնդիր ունենք մենք։



- Ձեր ընտրապայքարը կառուցելու եք Ծառուկյանի խոստումները ներկայացնելո՞ւ վրա, թե՞ ասելու եք, որ գնում եք իշխանափոխության։



- Իշխանափոխություն չէ, մենք ուզում ենք ժողովրդի քվեն ստանանք, մեծամասնություն կազմենք, մեր ծրագրերն իրականացնենք։ Մեր ծրագրում 15 առաջնային կետեր ունենք, որոնք շատ կարեւոր են, եթե մեզ քվե տան, ընտրություններից կարճ ժամանակ հետո այդ փոփոխություններն իրենց մաշկի վրա կզգան։ Այո, մենք ուզում ենք մեծամասնություն դառնանք։



- Դա արդեն իշխանափոխություն է լինելու։



- Ես չգիտեմ՝ Դուք ինչ եք ձեւակերպում, ցանկացած կուսակցության նպատակն է իշխանության գալը։ Մենք ուզում ենք քվե ստանանք, որ ապագայի հետ կապված ծրագրերն իրականացնենք։ Այսօր Գագիկ Ծառուկյանը բոլոր հարցումների արդյունքներով հասարակական ամենամեծ պահանջարկը վայելող գործիչն է։



- Այս ընտրություններին հաղթելու համար դեր կխաղան ռեսուրսնե՞րը, թե՞ հեղինակությունը։



- Ամբողջ աշխարհում իդեալական, 100 տոկոսանոց ընտրություններ չկան, երկրորդը՝ եւ ռեսուրսներն են գործելու, եւ․․․ բոլոր տարբերակներն էլ օգտագործվելու են։ Բայց ամենակարեւորը, որ ժողովրդի հավատքը վերադարձվի, եւ հիմնականում ժողովուրդն ում հավատա, նրա հետեւից էլ գնալու է։



- Հիմա Դուք աշխատելու եք, որ ժողովրդի հավա՞տքը մեծացնեք։



- Այո, ընտրարշավի ժամանակ ես ասելու եմ, որ մեր էդ խոստումները ժամկետ առ ժամկետ կատարելու ենք հարյուր տոկոսով։ Համոզված եմ, որ ժողովուրդը հավատալու ու քվեն մեզ է տալու։



- Դուք կարծում եք, որ Ձեր խոսքը կարող է այլընտրանք դառնալ իշխանության ռեսուրսների՞ն։



- Հիմա բոլորս էլ գիտենք, որ էդ ռեսուրսները կան, բայց ժողովուրդը պիտի հասկանա, որ ինքը մտնելու է քվեատուփ ու ընտրի ում ուզում է, որ դրա արդյունքում կարմիր գծերը վերանալու են, աշխատանք է ունենալու, որ էլ չի արտագաղթելու, որ իրա թոշակն ա բարձրանալու, արագաչափերը, կարմիր գծերը վերանալու են։ Դրա համար եմ ասում, որ պիտի հավատան, քիչ մարդիկ են կարդում էդ ծրագրերը, որովհետեւ մեկը մյուսից արտագրում են, տպում են ամպագոռգոռ բառեր։ Բայց ժողովուրդը պետք է հավատա, որ «Ծառուկյան դաշինքի» ծրագիրն իրական է, Ծառուկյանն իր կյանքով ա ապացուցել, որ ինքը կատարում ա։ Գյուղացիները խաղողագործությամբ են զբաղվում, իրենց մթերքը, գիտեք, իրացնում են Ծառուկյանի գործարանում, Դուք ի՞նչ եք կարծում, եթե էդ գյուղացուն Ծառուկյանը մի բան ասի, եւ նախարարության վարչության պետն ասի, ո՞ւմ են հավատալու, բնականաբար՝ Ծառուկյանին։



- Դուք հավատո՞ւմ եք, որ ընտրությունների միջոցով հնարավոր է լինելու հասնել ձեր ակնկալած փոփոխություններին, մեծամասնություն ձեւավորել։



- Իհարկե, հավատում եմ, կլասիկ ձեւն ըտենց ա։



- Եվ հավատո՞ւմ եք, որ իշխանությունը կեղծիքների չի դիմի։



- Ես համոզված եմ, որ իշխանությունը կեղծիքների չի դիմի, որովհետեւ մեր երկրի նախագահը եւ վարչապետն ամեն ինչ անում են, որ իդեալական ընտրություններ լինեն, ես համոզված եմ, որ առաջիկա ընտրություններն այդպիսին էլ լինելու են, եթե համոզված չլինեի, թեկնածությունս չէի առաջադրի։ Իշխանությունն ամեն ինչ կանի, բացի կեղծելուց, կարող է ճնշել եւ այլն, բայց կեղծիք չի լինի։



- Իշխանության նկատմամբ վստահության հիմքը ո՞րն է։



- Գիտեք, աշխարհի գրեթե բոլոր երկրների օրենսդրությունները նույնն են, խնդիրն այն է՝ օրենքը գործո՞ւմ է, թե՞ ոչ։ Հիմա եթե մեզ մոտ արմատական փոփոխություններ են սկսվել, իշխանությունը մեզ մոտ, կառավարությունը կամ առհասարակ իրականությունում այնպիսի մարդկանց է հանում իր շարքերից, որ հասարակության կողմից չէին ընդունվում․․․



- Իշխանությունը հրաժարվում է, «Ծառուկյան դաշինքը»՝ ընդունում․ օրինակ՝ Վարդան Ղուկասյան, Հակոբ Հակոբյան։



- Ինչի՞ համար են էդ մարդիկ մերժված։ Ղուկասյանը կարծեմ 15 տարի Գյումրիի քաղաքապետ է եղել, ահագին բաներ է կառուցել, հիմա մարդկանց մենակ վատը չպիտի նայենք։ ․․․Ուզում եմ ասել, որ բոլոր բաները կատարվում են այն ժամանակ, երբ պատասխանատվություն ստանձնած ուժը քաղաքական որոշում է կայացնում, իսկ ես դա տեսնում եմ ու հավատում, որ մեր նախագահի ու վարչապետի գլխավորությամբ շատ արդար ընտրություններ պիտի անենք։ Եվ հետո, որ ասում ենք ընդդիմություն, չպետք է միայն քննադատենք, ասենք՝ թալանել են, տարել են, ոչ մի լավ բան չկա, դա բնական ա՝ փաստ ա, ուղղակի բաներ կան, որ չպետք է անտեսենք։ Օրինակ՝ ո՞նց չտեսնել մեր նախագահի՝ ցեղասպանության ճանաչման հետ կապված գործերը, նա ճանաչումը հասցրեց այն մակարդակի, որ շատ շուտով շատերը կճանաչեն։ Ասենք՝ հիշեն էդ 100-ամյակի միջոցառումը, լավ միջոցառում էր, ով եղել է, կարող է ամբողջ կյանքում հիշել, կարան հիշեն, որ մեր նոր վարչապետը գնաց Ռուսաստան՝ ինչ ընդունելության արժանացավ։



- Իսկ եթե կեղծեն, հետընտրական գործողություններ պլանավորե՞լ եք։



- Հիմա ես ասում եմ՝ չեն կեղծելու։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ