Պարտադիր չէ, որ ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն գա խորհրդարան

Պարտադիր չէ, որ ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն գա խորհրդարան

Ընտրական նոր համակարգը, մասնավորապես ռեյտինգային ընտրակարգը, այս ընտրություններում հեշտացրեց Սերժ Սարգսյանի գործը։ Այնպիսի տպավորություն է, ասես Սերժ Սարգսյանը «տենդեր» է հայտարարել, ով լավ «գին» առաջարկի՝ շատ ձայներ բերի կուսակցությանը, նա էլ կանցնի խորհրդարան։ Իշխող կուսակցությունում, ըստ էության, ստեղծվել է անառողջ «մրցակցային» մթնոլորտ, որի արդյունքում ամեն դեպքում շահելու է կուսակցությունը, բայց տուժելու են մարդիկ՝ հարաբերություններ են փչանալու, իրարից ձայն են գողանալու, իրար դեմ են աշխատելու։



Մենք արդեն գրել ենք համամասնական ցուցակի առաջին հատվածի մասին, որտեղ տեղ են գտել արտոնյալները՝ նրանք, ովքեր ռեյտինգայինով չարքաշ աշխատանք չեն կատարելու, այլ մյուսների բերած ձայների հաշվին հանգիստ հայտնվելու են խորհրդարանում։ Այդ հատվածում Սերժ Սարգսյանի սիրելի կազմն է՝ նախարարներ, կուսակցությանն ու անձամբ առաջնորդին ծառայություններ մատուցած անձինք։ Մյուս հատվածում նրանք են, ում հնարավորություն է տրվել պայքարել եւ ապացուցել, որ արժանի են լինել իշխող կուսակցության մեջ։ Այստեղ ոչ միայն վաղեմի ընտրակեղծարարներն ու կուսակցության համար ամեն ինչի պատրաստ օլիգարխներն են, այլեւ մարդիկ, ովքեր, լինելով վարկաբեկված կուսակցության շարքերում, կարողացել են իրենց դեմքը քիչ թե շատ պահպանել, բարեխիղճ պատգամավորներ են եղել, խորհրդարանում իրենց ուսերին են տարել կուսակցության խաչը, չեն բացակայել նիստերից, աշխատել են հանձնաժողովներում եւ այլն։



Այս փոքրաթիվ խումբը Սերժ Սարգսյանին քծնելու մրցավազքում, անշուշտ, պարտվել է մյուսներին, որովհետեւ նողկալի տեքստեր չի արտաբերել ամբիոնից եւ հարկավոր պահին ձեռքերը քշտած չի հարձակվել ընդդիմության վրա։ Հիմա նրանք պարզել են, որ Սերժ Սարգսյանի համար թանկ են անգամ այնպիսի ժամկետանց գործիչներ, ինչպիսիք են Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը, որոնք պատվավոր երկրորդ տասնյակում են հանգրվանել։ Այստեղ են նաեւ Կարեն Ավագյանը, Շուշան Պետրոսյանը, գեներալ Մանվելը, Մարգարիտ Եսայանը եւ ուրիշներ։ Իսկ Կարինե Աճեմյանը, Արտակ Դավթյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Սուքիաս Ավետիսյանը, ՀՀԿ-ի «պոետ» Տաճատ Վարդապետյանը, Լեռնիկ Ալեքսանյանը եւ նույնիսկ Վարդան Այվազյանը, որը տնտեսական հարցերում ՀՀԿ փրկիչն է հաճախ եղել, հայտնվել են ցուցակի հետին հորիզոնականներում։ Ի դեպ, ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում է, որ ցուցակի մինչեւ 25-րդ հորիզոնականն է անցողիկ, իսկ հիշատակված անձինք 30-ից հետո են։ 



Ծնունդով գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը 1995-ից պատգամավոր է, սակայն այս անգամ ցուցակում 171-րդն է, նրան գործուղել են Շիրակի մարզ՝ ռեյտինգայինով ուժերը փորձելու անհավասար մարտում։ Շիրակում ՀՀԿ-ից առաջադրվել են նաեւ Արման Սահակյանը՝ Նեմիրովի Արմանը, գողականների հետ սերտ կապեր ունեցող Մարտուն Գրիգորյանը, նախագահի սերը վայելող Ֆելիքս Ցոլակյանը, մարզային այլ հեղինակություններ, որոնք զրոյի են հավասարեցնում Սուքիաս Ավետիսյանի շանսերը։ Ավետիսյանը, սակայն, մեզ փոխանցեց, որ կուսակցությունում նախապես որոշվել է, որ ովքեր առաջադրվելու են ռեյտինգային ընտրակարգով, տեղ չեն զբաղեցնի առնվազն առաջին 5-6 տասնյակում, ավելին՝ նա վստահեցրեց, որ պարտադիր պայման չէ, որ խորհրդարան անցնեն ռեյտինգայիններում ամենամեծ թվով քվե ստացած թեկնածուները, այդ առումով չի կարծում, թե մրցակցությունից, խորհրդարանից դուրս կմնա․ «Դուրս մնալու, ներս մնալու հարցը որոշելու է կուսակցության ղեկավարը։ Խնդիրը նա է, որ մենք կարողանանք թիմի համար նորմալ աշխատել։ Օրենքը չի պարտադրում, որ ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն պետք է գա խորհրդարան»։ Սուքիաս Ավետիսյանը հիշեցրեց նախկին ընտրությունները՝ ասելով, թե այնպես չէ, որ առաջին տասնյակներում ընդգրկվածներից բոլորն էլ եկել են ԱԺ․ «Ես միշտ իմ աշխատանքը կատարել եմ, առանց սպասելու գնահատականների, բայց գնահատականները միշտ էլ եղել են տեղին, այնպես որ, ոչ մի վիրավորվելու հարց չկա»։ Առաջին հորիզոնականի թեկնածուները կարո՞ղ է ավելի շատ էին գովաբանում կուսակցությունն ու ղեկավարին, քան ինքը։ «Ամեն մարդ՝ իրա չափով»,- հումորի տվեց Ավետիսյանը։



ՀՀԿ-ի ամենահամեստ ու պարտաճանաչ պատգամավորներից մեկի՝ Արտակ Դավթյանի կարծիքով, ՀՀԿ-ն ընտրություններին գնում է բացառապես մեկ նպատակով՝ հաղթելու, խորհրդարանական մեծամասնություն ձեւավորելու, հետեւաբար, այդ «ամենաբարձր նշաձողով» էլ կազմվել է կուսակցության ցուցակը․ «Թե ովքեր պետք է ցուցակում լինեն, առաջնային տեղերում լինեն, ինձ համար ամենեւին տխրեցնող որեւէ բան չկա, որ այս անգամ 37-րդն եմ, նույնկերպ ես կվերաբերվեի, եթե նույնիսկ ցուցակում չլինեի։ Կարեւորը վերջնական արդյունքն է»։ Արտակ Դավթյանից հետաքրքրվեցինք, թե որն է առաջին երեք տասնյակում հայտնվածների մրցունակության գաղտնիքը։ «Գիտեք, ընտրական պրոցեսը բազմաշերտ պրոցես է։ Միգուցե առաջին հայացքից ոչ այնքան տեսանելի, բայց խորը, խորքային պրոցեսներ են գնում, եւ ամենեւին էլ պարտադիր չէ, որ, ինչպես Դուք եք նշում, այդ գերազանցիկներն առաջնային դիրքերում լինեն։ Ոմանք առաջնային դիրքերում են, կան այնպիսիք, ինչպես ես եմ՝ միջանկյալ դիրքերում, կան նաեւ, որ ընդհանրապես չեն ընդգրկվել ցուցակ։ Սա պրոցես է, եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը ճիշտ այն տեղում է, որ տեղում պիտի լիներ»։



Լեռնիկ Ալեքսանյանը, որն ընդհանրապես դուրս է մնացել ՀՀԿ ցուցակից, ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է հայրենի Արարատի մարզից ու, բնականաբար, պարտվելու է կատաղի պայքարում։ Նա չի կարող ասել, թե ինչ սկզբունքով է ձեւավորվել ցուցակը, միայն նկատել է, որ առաջին տասնյակները երիտասարդացել են․ «Դե գիտեք, Արտաշես Գեղամյան, Բաբուխանյան եւ մյուս՝ քաղաքական փորձ ունեն, կուսակցություն ունեն, իսկ ճամբար փոխելն իրավիճակից ելնելով է եղել, ես վստահեցնում եմ, որ իրենք ակտիվ աշխատել են խորհրդարանում»։ Ալեքսանյանը վստահեցնում է, որ խորհրդարան մտնելու «լուրջ ամբիցիաներ» չի ունեցել, ու նախնական խոսակցությունների արդյունքում էլ որոշվել է, որ չի ընդգրկվի։



Ջավախահայ Տաճատ Վարդապետյանը վստահաբար հայտնում է, որ իր 33-րդ հորիզոնականն անցողիկ է․ «Անկեղծ ասած՝ ես որեւէ բացասական վերաբերմունք չունեմ ցուցակի հետ կապված, ու իմ զբաղեցրած խորհրդանշական հորիզոնականն անցողիկ է, ընդ որում՝ անցողիկ ոչ վերջին հորիզոնականը՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն քաղաքական դաշտում ունի իր դիրքը, եւ թափանցիկ ընտրությունների արդյունքում կհաստատվի այդ դիրքը»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ