Մոտեցնել բեւեռները

Մոտեցնել բեւեռները

Մենք ծայրահեղությունների ազգ ենք։ Կարող ենք ի սրտե սգալ մեկի մահը, ափսոսանքի ու ցավի խոսքեր ասել, մեծարել ու աստվածացնել՝ անգամ առանց ճանաչելու, եւ կարող ենք հայհոյել ու անարգանքի սյունին գամել, ցանկանալ մեկ այլ անձի մահը, որին կրկին չենք ճանաչում։ Երբեմն չորրորդ դասարանի կրթությամբ մեր տաքսիստները կարող են ավելի գրագետ ու պատրաստված լինել, տնտեսությունից ավելի շատ բան հասկանալ, քան գիտությունների դոկտորները։ Մեկ կտեսնես՝ մարդն իր կյանքը չի խնայում ուրիշի համար, մեկ էլ տեսար՝ մի քանի թափթփուկ, կողքին մարդ են մորթում, վախենում է մոտենալ, տարրական դիտողություն անել, հանցագործի ձեռքը բռնել։ Իսկ սիրո ու հարգանքի հարցերում ընդհանրապես անհասկանալի է մեր պահվածքը։ Ոչնչով աչքի չընկած մի դերասան, բեմից ամբողջ կյանքում իշխանությանը քծնող մի պնակալեզ կարող է սիրվել ու մեծարվել որպես ազգի ընտրյալ, ծափերով ընդունվել, նրա ներկայացումներին կարող է անշլագ լինել ամիսներ շարունակ, իսկ մի իրական մտավորական, բարձրակարգ երաժիշտ կարող է դատարկ դահլիճներում հանդես գալ եւ օրվա հացի խնդիր ունենալ։ Ասենք, որեւէ բացատրություն ունի՞ այն ցնծությունը, որ մարդիկ տածում են վարչապետ Կարեն Կարապետյանին ու Գագիկ Ծառուկյանին տեսնելիս, կամ այն ոչնչացնելու, ոտնահարելու, անարգելու անհագուրդ մոլուցքը, որ այս օրերին համացանցի ակտիվիստները կիրառում են Արփինե Հովհաննիսյանի՝ վարչապետի թիմի մյուս անդամի հանդեպ։ Մեր Երեւանի մի հատվածում բղավում են «Սերժիկ, հեռացիր», մյուս հատվածում մինչեւ գոտկատեղը խոնարհվում են նրան տեսնելիս։ Ինչպե՞ս «մոտեցնել» այս երկու ծայրահեղությունները միմյանց՝ այնպես անել, որ պայքարողները չանցնեն թույլատրելիի սահմանները, իսկ քծնողները քծնանքը վերածեն հարգանքի ու կոռեկտ սիրո։