Համայնքների զարգացումը՝ կարեւոր թիրախ

Համայնքների զարգացումը՝ կարեւոր թիրախ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են աջակցել Վայոց Ձորի Մոզրով գյուղին: Գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, կողմերը գյուղին նվիրել են 2016թ. գործարանային արտադրության թրթուրավոր «ԴՏ-75» տրակտոր: Ակնկալվող գյուղտեխնիկան տրամադրվել է համատեղ իրականացվող «Համայնքային զարգացում» ծրագրի շրջանակում:



Չնայած խիստ անհրաժեշտությանը, Մոզրովի բնակիչները տրակտոր երբեք չեն ունեցել. գյուղացիներն օգտագործել են հարեւան գյուղերինը, ինչը լրացուցիչ ծախսեր է առաջացրել։ Հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող սահմանամերձ գյուղի համար այս կարեւոր տեխնիկան տարվա երեք եղանակներին կօգտագործվի գյուղատնտեսական, իսկ ձմռան ամիսներին՝ գյուղ տանող ճանապարհը մաքրելու նպատակով։



Առատ տեղումների պատճառով ձմռան ամիսներին Մոզրով տանող ճանապարհը հաճախ փակվում է, եւ գյուղը երբեմն շաբաթներ շարունակ մեկուսացված է մնում։ Հաջորդ տարվա ձմռանը, անկախ եղանակի մատուցած անակնկալից, խնդիրն այլեւս անհաղթահարելի չի լինի:



Նոր գյուղտեխնիկան նվիրելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը հերթական շրջայցով եղել են Մոզրովում, հանդիպել եւ մտքեր են փոխանակել համայնքի ղեկավար Արա Լեւոնյանի եւ բնակիչների հետ:



«Ավելի քան տասնմեկ տարի մեր ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը եղել է համայնքների զարգացումը: Դա պատասխանատու մոտեցման դրսեւորումներից մեկն է: Փորձել ենք քայլ առ քայլ զարգացնել ենթակառուցվածքները: Այսօր տրամադրվող գյուղտեխնիկան նույնքան կարեւոր է, որքան բնականոն կյանքի համար ստեղծված մյուս պայմանները: Սահմանամերձ գյուղերն այս տարի եւս կլինեն մեր ուշադրության թիրախում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցության արդյունքն այս համայնքում բազմիցս են արձանագրել: 2016թ.-ին Գնիշիկ համայնքում, որի կազմում Մոզրով եւ Գնիշիկ գյուղերն են, կառուցվել է 2050 մ երկարությամբ նոր ջրագիծ. համայնքն ամբողջությամբ ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Իսկ 2015թ.-ին համայնքն ապահովվել է նաեւ լուսադիոդային (LED) համակարգով գործող արտաքին լուսավորությամբ։ Տեղակայվել է լուսավորության 37 սյուն:



Մոզրով գյուղն ունի 72 բնակիչ: Տեղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ եւ մեղվաբուծությամբ։ Տարածաշրջանը հայտնի է պատմամշակութային արժեքներով եւ հարուստ բնությամբ: