Ազատության հրապարակը՝ պայքարի օջախ. հանրահավաք-երթ` ի հիշատակ Արթուր Սարգսյանի (ֆոտո, տեսանյութ)

Ազատության հրապարակը՝ պայքարի օջախ. հանրահավաք-երթ` ի հիշատակ Արթուր Սարգսյանի (ֆոտո, տեսանյութ)

«Հանրության մեջ տարածվել է մի կարծիք, որ մենք թատերաբեմ ենք այստեղ դարձրել և պահանջել ենք Արթուրին հուղարկավորել Եռաբլուրում, բայց նման բան չի եղել: Մենք պահանջել ենք նաև, որ պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապ ունեն Արթուրի սպանության հետ, երրորդը՝ հեռացնել Սերժ Սարգսյանին: Այսօր առաջին պահանջին ավելանում է երկրորդ պահանջը՝ դատավորի և քննիչի նկատմամբ հարուցել քրեական գործեր, պահանջում ենք աշխատանքից հեռացնել արդարադատության նախարարին և դատախազին».- Շահեն Հարությունյանն այս հայտարարությունն արեց Ազատության հրապարակի բեմահարթակից: Մինչ քայլերթը, երիտասարդ քաղաքացիական ակտիվիստը հորդորեց երթի մասնակիցներին հնարավորինս պահել կոռեկտությունը վանկարկումների ժամանակ, ինչպես նաև զերծ մնալ «Շանթ ռեժմի գլխին» խոսքերից, քանի որ այն շահարկվում է որոշ մարդկանց կողմից:



Այսօր կրկին Ազատության հրապարակում էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ՝ հավաք-երթ իրականացնելու ի հիշատակ Արթուր Սարգսյանի: Նրանք երեկ կառավարություն պահանջագիր էին ներկայացրել երեկ, ըստ որի՝ Արթուր Սարգսյանը պետք է հուղարկավորվի Եռաբլուրում: Այսօր էլ գնացին այդ պահանջագրի պատասխանը ստանալու:



Մաշտոցի պողոտայում հավաք-երթն արդեն իսկ կաթվածահար արեց երթևեկությունը, վիճակը լարվեց, երբ հրմշտոց սկսվեց ոստիկանների և քաղաքացիների միջև: Մի փոքր ուշ, երբ արդեն քայլերթն ընթացքի մեջ էր, հայտնի դարձավ, որ այդ հրմշտոցի հետևանքով մի կին է հոսպիտալացվել՝ Լաուրա Զաքարյանը, ով վերջին տվյալներով ուսի կոտրվածք է ստացել: Ականատեսներից մեկը պատմեց, որ ոստիկանների հրմշտոցից մի քանի մարդ ընկել է կնոջ վրա:



«Մենք ենք տերը մեր երկրի», «Արթուրին սպանել են» վանկարկումներով ցուցարարները Մաշտոցի պողոտայով թեքվեցին դեպի Ամիրյան, մի պահ առաջին շարքի քաղաքացիները նստեցին փողոցում, կարծես նստացույց էր սկսվում, սակայն հետո շարունակեցին իրենց ճանապարհը: Մինչ կհասնեին գլխավոր դատախազություն, Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ վաղը նույնպես Ազատության հրապարակում ցույց են իրականացնելու:



Առաջին կանգառը, ինչպես նշեցինք, գլխավոր դատախազությունն էր, ապա արդարդատության նախարարությունը, այստեղ ցուցարարներին թույլ չտվեցին մոտենալ շենքին, այնուհետև կառավարության շենքը, որտեղ մարդիկ հասկացան, որ իրենց նամակ-պահանջին չեն արձագանքելու: Դա առաջացրեց ցուցարարների զայրույթը, նրանք սկզբից նստացույց արեցին: Հանրապետության հրապարակում բախումներ եղան: Ցուցարարները պահանջում էին հանդիպում վարչապետի օգնականի հետ, որպեսզի վերջինս պատասխան տա, թե ինչու են մերժել Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը «Եռաբլուր» պանթեոնում իրականացնել:Երթի մասնակիցները մի քանի անգամ փակեցին ճանապարհի երթևեկելի մասը, այնպես որ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանները ուժով հեռացրեցին մասնակիցներին, սակայն ոչ մեկին բերման չենթարկեցին:



Մանրամասները՝ տեսանյութում:



Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը, ում -ժողովուրդը կնքել է «Հաց բերողը» անունով, երկու օր առաջ մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում: