ԿԸՀ-ն իր գործն արեց-վերջացրեց

ԿԸՀ-ն իր գործն արեց-վերջացրեց

Բողոքների մերժումը ԿԸՀ-ի համար վարքագիծ է դարձել, հետընտրական գործընթացի «գալոչկա», նույնքան սովորական, ինչպես ՀՀԿ-ական իշխանության համար ընտրախախտումները։ Շաբաթ եւ կիրակի օրերին Տիգրան Մուկուչյանի ղեկավարած մարմինը հերթով մերժեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» եւ Կոնգրես-ՀԺԿ դաշինքների դիմումները։ Իսկ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության՝ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշման բողոքարկման վերաբերյալ դիմումը, որը նշված էր ապրիլի 8-ի նիստի օրակարգում, հանձնաժողովն ընդունեց միայն երեկ առավոտյան։ ԿԸՀ պահակակետի աշխատողը թյուրիմացության մեջ էր գցել դիտորդների ներկայացուցչին՝ ասելով, թե շաբաթ օրը հանձնաժողովը չի աշխատում, ինչի վերաբերյալ նախաձեռնությունը հայտարարություն տարածեց եւ դիմեց ՄԻՊ-ին։ Մեկ այլ թյուրիմացություն էր ԿԸՀ տեխնիկան։ Շաբաթ օրը քաղաքացիները չէին կարողանում դիտել ԿԸՀ նիստը։ Այն պետք է սկսվեր 18։00-ին, բայց 5 րոպե հետո կորավ ձայնը, հետո՝ պատկերը։ Հանձնաժողովից բացատրեցին՝ «տեխնիկական պատճառներով»։ Սա արդեն երրորդ խոտանն է՝ մատնահետքեր գրանցող սարքերի անսարքությունը չհաշված։



Ընտրության օրն ընտրատեղամասերում տեսախցիկները չէին աշխատում, մինչեւ ժամը 1-ն ուղիղ հեռարձակում ընտրատեղամասերից չկար, 1-ից հետո քվեարկության ընթացքը համր կինո էր հիշեցնում, եւ ընդամենը կարելի էր գլխի ընկնել, թե ինչ է կատարվում ներսում։ Հաջորդ օրը ժամեր շարունակ անհասանելի էին ընտրողների ստորագրված ցուցակները՝ չէին «բացվում»։ Ընտրությունների տեխնիկական ապահովման համար միլիոններ ստացած այս մարմինը քննադատությանը պատասխանեց, որ «չունի օրենքով սահմանված պարտավորություն` հանձնաժողովի նիստերն ուղիղ հեռարձակելու», եւ հիշեցրեց, որ «2013 թվականից ի վեր սեփական նախաձեռնությամբ է իրականացնում նիստերի ուղիղ հեռարձակումը` կարեւորելով տեղեկատվության հասանելիության դերը»:



Այլ կերպ ասած, կուզեմ՝ կհեռարձակեմ, կուզեմ՝ չէ, կուզեմ՝ կկարեւորեմ, կուզեմ՝ չէ, իսկ քաղաքացին պետք է շնորհակալ լինի մեզ։ ՕՐՕ-ն պահանջել էր ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում եւ անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու համար, թե եղե՞լ են կրկնաքվեարկություններ։ Հանձնաժողովը որոշեց, որ դա տարիների աշխատանք է, եւ, անհիմն համարելով դիմումը, միաձայն մերժեց այն։ Հիշեցնենք, որ նոր Ընտրական օրենսգրքի քննարկումների ընթացքում շատերն էին կանխատեսում, որ ներդրված մեխանիզմը թերի է եւ չի երաշխավորում կրկնաքվեարկություններից, բայց Հրայր Թովմասյանը, Տիգրան Մուկուչյանը եւ նոր օրենքի մյուս «պապաները» լավագույն դեպքում անպատասխան էին թողնում նման հարցադրումները։ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն էլ պահանջել էր անվավեր համարել ընտրությունների արդյունքները։ ՀԱԿ լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը հարյուրավոր խախտումների արձանագրումներ էր բերել, այդ թվում՝ նաեւ դիտորդների արձանագրած։ Երկար ու լարված բանավեճից հետո Մուկուչյանը որոշեց, որ պահանջը հիմնազուրկ է՝ նշված փաստերն էապես չեն ազդել թեկնածուների կամ կուսակցությունների ստացած ձայների քանակի վրա, քանի որ դիմումները վերաբերում են տեղամասերի ընդհանուր թվի 13 տոկոսին, որ «մի քանի տասնյակ փաստական տվյալներ կրկնվում են, որոշ դեպքերում նշված չեն տեղամասերի համարները» եւ այլն։ ՀԱԿ խմբակցության նախագահ Լեւոն Զուրաբյանը չցանկացավ նույնիսկ մեկնաբանել ԿԸՀ որոշումը․ «ԿԸՀ դիմելը ֆորմալ քայլ էր, որ պետք է արվեր։ Մեր հիմնական բողոքը ներկայացվելու է Սահմանադրական դատարան, մենք կենտրոնացած ենք դրա վրա»։




Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ