Երգ, պար, նվերներ ու Գառնի-Գեղարդ` միջազգային հյուրերի համար (տեսանյութ, ֆոտոշարք)

Երգ, պար, նվերներ ու Գառնի-Գեղարդ` միջազգային հյուրերի համար (տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլի 20-22-ը Երևանում անցկացվեց Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների 11-րդ համաժողովը: Հայկական կողմից համաժողովի կազմակերպչական ապահովումն իրականացնում էր է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, որը տարածաշրջանում ասոցիացիայի միակ անդամն է:



Միջազգային կրթական համաժողովի շրջանակներում Հայաստան էին այցելել մոտ 200 պատվիրակներ Ռուսաստանի տարբեր շրջաններից, Ղազախստանից, ինչպես նաև հյուրեր Ֆինլանդիայից, Վրաստանից, Թուրքիայից, նաև ներկայացուցիչներ Round Square համաշխարհային ասոցիացիայի կողմից:



«Շիրակացի ճեմարանը»  Հայաստանի այն երեք եզակի դպրոցներից է, որն ունի Միջազգային բակալավրիատի հավաստագիր: Մյուս երկուսը «Քվանտ» վարժարանն ու Դիլիջանի միջազգային դպրոցն են: Բայց, ի տարբերություն նրանց, «Շիրակացին» միակ դպրոցն է, որ ունի բոլոր երեք՝ տարրական, միջին եւ ավագ դպրոցների ՄԲ ծրագրի հավաստագրեր: Մյուս երկու դպրոցներն ունեն դեռ միայն մեկ աստիճանի հավաստագիր:
Եռօրյա համաժողովի շրջանակներում քննարկվեցին կրթության ոլորտում արդյունավետ համագործակցության ուղղություններն աշխարհում, ինչպես նաև կրթական հաստատություններում նոր մանկավարժական մեթոդաբանության և միջազգային կրթական չափորոշիչներ ներդնելու հնարավորությունները: Համաժողովի բացմանը ներկա էր նաև ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ընթերցվեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձը:



Միջազգային հյուրերի այցը Հայաստան ուղեկցվեց նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր այցելելով: Հյուրընկալող կողմը նրանց տարել էր շրջագայության Գառնի և Գեղարդ:





Համաժողովն ամփոփվեց հավաստագրերի հանձնման արարողությամբ: Այստեղ «Շիրակացի» ճեմարանի սաներն անակնկալներ էին պատրաստել օտարերկրյա հյուրերի համար: «Շիրակացու» աշակերտներից Անի Մնացականյանը կատարեց Երևանին նվիրված երգ, որի հեղինակը հենց «Շիրակացի» ճեմարանի ուսուցիչներից մեկն է: «Յակուտիայի» ներկայացուցիչներն էլ նրան իրենց ազգային խորհրդանիշով հուշանվեր հանձնեցին:





Այնուհետև «Շիրակացու» սաները շուրջպար բռնեցին: «Շիրակացի» ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանն իր ելույթում ասաց, որ ճեմարանն այս տարիներին բազմաթիվ դժվարությունների, արհեստական խոչընդոտների միջով է անցել, մինչև հասել է միջազգային մակարդակի այսպիսի հաջողության: Նա անգամ այդ խոչընդոտներից մի դրվագ պատմեց հյուրերին: Վերջում ինքն էլ պատվիրակության պատվավոր հյուրերին ճեմարանի կողմից Հայաստանի մասին պատմող խտասկավառակներ ու գրքեր նվիրեց:





Ավելի ուշ Hraparak.am-ի հետ զրույցում ԱՊՀ երկրների Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի նախագահ Յուրի Շամիլովն ասաց, որ ինքը աշխարհի շատ դպրոցներում է եղել՝ Անգլիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, և «Շիրակացի» ճեմարանն իր տեսած լավագույն դպրոցներից մեկն է աշխարհում:



«Նախ նշեմ, որ ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված՝ բարձր մակարդակով: Եվ պետք է նշեմ, որ պարոն Ալիխանյանն իրեն շատ համեստ է պահում, ես իրեն ճանաչեցի որպես մարդ, ով ավելի շատ լսում է, քան խոսում իր արածների մասին, մինչդեռ, երբ հյուրեր ենք ունենում այլ դպրոցներից մեզ մոտ, նրանք սովորաբար գովում են իրենց դպրոցները, ասում են՝ մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է, բայց երբ այցելում ենք, տեսնում ենք՝ այդքան էլ այդպես չէ: Իսկ այս դեպքում մենք տեսանք, որ կա շատ լուրջ բովանդակություն»,-ասաց Յուրի Շամիլովը:



Հ.Գ. Միջազգային բակալավրիատի դպրոցներն ապահովում են միջազգային ամենաբարձր չափանիշներին և ժամանակի պահանջներին համապատասխան բարձրակարգ կրթություն, որի վառ ապացույցն է այն, որ աշխարհի 75 երկրների ավելի քան 2,300 համալսարաններում (այդ թվում` աշխարհի առաջատար) Միջազգային բակալավրիատի դիպլոմը համարվում է այցեքարտ՝ հնարավորություն ընձեռելով առանց լրացուցիչ քննությունների ընդունվելու նշված համալսարաններ:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ