ԱԺ առաջին նիստի օրը կախված է ՍԴ որոշումից

ԱԺ առաջին նիստի օրը կախված է ՍԴ որոշումից

Այսօր առավոտյան, ժամը 10։00-ից Սահմանադրական դատարանը  քննում է ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը։



Ավելի քան 40 էջանոց դիմումը հիմնված է հիմնականում վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրակաշառքի, տարբեր մեթոդներով քաղաքացու ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու դեպքերի վրա, որոնց վերաբերյալ ներկայացված են տեսանյութեր եւ այլ հնարավոր ապացույցներ։ Նշենք, որ քաղաքական այս ուժին զուգահեռ, նմանատիպ դիմում ՍԴ էին ներկայացրել նաեւ ՀԿ-ները, սակայն դատարանը ՀԿ-ների դիմումը մերժել էր՝ որպես ոչ պատշաճ հայցվորների։



«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը ներկայացնող երկու փաստաբանները՝ Վահե Գրիգորյանն ու Տիգրան Եգորյանը, երեկ հրաժարվեցին բովանդակային որեւէ բան ասել դիմումի քննությունից առաջ։ Վ․ Գրիգորյանն ասաց, որ շատ զբաղված է, դիմումի վրա են աշխատում։ Տիգրան Եգորյանն էլ նշեց, որ հստակ սահմանված չէ, թե քանի օր կտեւի նիստը, հնարավոր է այսօր ամբողջ օրն էլ նիստ ընթանա, հնարավոր է՝ հետաձգվի։
Այս դիմումի պատճառով ԱԺ նոր գումարման առաջին նիստն ապրիլի 27-ին չի կայանա, քանի որ դա կախված է դիմումի քննությունից։ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը, փաստացի, խառնեց իշխանությունների պլանները։ Եգորյանն այս առնչությամբ նշեց միայն, որ ԱԺ ընտրությունների վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա, դիմումի քննությամբ կայացված որոշումը կլինի վերջնական որոշում։ Այսինքն՝ ՍԴ-ն կարող է մերժել դիմումը՝ ճանաչելով ԱԺ ընտրությունների արդյունքները լեգիտիմ, կարող է բավարարել եւ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բայց փաստաբանն ասաց, որ այսքանով չեն սահմանափակվում ՍԴ-ի որոշման տարատեսակները, դրանք շատ են։ Անցյալում, օրինակ, 2003 թվականին ՍԴ-ն որոշում էր կայացրել՝ Վստահության հանրաքվե անցկացնել՝ պարզելու երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի լեգիտիմության հարցը, սակայն 2004 թվականին Ռ․ Քոչարյանը որոշեց, որ կարող է չկատարել ՍԴ որոշումը։ Այդ պատճառով միտինգներ ու երթեր կազմակերպվեցին, ինչը ջրցաններով, ոստիկանության ուժերով իշխանությունը ցրեց։



Սահմանադրական դատարանում պատասխանող կողմը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, բայց Եգորյանը չգիտեր, թե ԿԸՀ ներկայացուցիչն ով է լինելու դատարանում։ Զրուցեցինք նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ։ Նա ասաց, որ որպես ԿԸՀ-ի ներկայացուցիչներ՝ ՍԴ-ում հանդես կգան ինքը եւ հանձնաժողովի անդամներ Արմեն Սմբատյանն ու Նունե Հովհաննիսյանը։ Մուկուչյանը նշեց, որ ԱԺ նոր գումարման առաջին նիստը կգումարվի, երբ ավարտվի այս դիմումի քննությունը։ Իսկ թե ինչ որոշումներ կարող է կայացնել Սահմանադրական դատարանը, ԿԸՀ նախագահը թվարկեց օրենքով սահմանված որոշումների ցանկը․ «Ընտրական հանձնաժողովի որոշումը թողնել ուժի մեջ, անվավեր ճանաչել Ընտրական հանձնաժողովի որոշումը, անվավեր ճանաչել ընտրության արդյունքները, ընտրված ճանաչել համապատասխան թեկնածուին կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների, ընտրությունը ճանաչել չկայացած, նշանակել ընտրության երկրորդ փուլ։ Սրանք հնարավոր բոլոր որոշումներն են։ Մեր պարագայում դիմում է ներկայացված հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով»։



Այսինքն, ՍԴ-ն կորոշի՝ կա՛մ մերժել, կա՛մ անվավեր ճանաչել, այլ որոշման այլ տարբերակ, ըստ էության, չի կարող լինել։ Թե որքան կարող է տեւել այս դիմումի քննությունը, ԿԸՀ նախագահն ասաց, որ նման գործերի քննության համար օրենքում սահմանված է 10-օրյա ժամկետ՝ վարույթ ընդունելուց հետո։ Դրանից հետո նոր, եթե, իհարկե, ՍԴ-ն անվավեր չճանաչի ընտրության արդյունքները, կնշանակվի ԱԺ առաջին նիստի օրը։ Նշենք նաեւ, որ, մեր տեղեկություններով, ամեն դեպքում իշխանությունն արդեն ծրագրել է, թե ինչքան կտեւի ՍԴ քննությունը, եւ ըստ այդմ հայտնի է նաեւ ԱԺ առաջին նիստի օրը՝ մայիսի 18։ Իսկ թե ինչպիսին կլինի ՍԴ որոշման բովանդակությունը, արդեն որեւէ տեղեկատվության կարիք էլ չկա՝ պարզ է բոլորին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ