Զելենսկու հերթական նախաձեռնությունը
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի կարծիքով Հայաստանը ճիշտ ուղու վրա է։ Այդ կարծիքը Պոդոլյակը հայտնել է Բալթյան-Սևծովյան պաշտպանական դաշինքին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին պատասխանելով: Սա «Հրապարակ»-ի տեղեկատվությունն էր: Քանի որ առաջին անգամ էի լսում նման դաշինքի առկայության մասին՝ որոնում տվեցի Գուգլով: Եվ պարզվեց, որ 2014 թվականի դեկտեմբերին, Ղրիմում հանրաքվե անցկացնելու և դրա արդյունքներով թերակղզին ՌԴ-ին միացնելու գործընթացի ընթացքում Կիևում ստեղծվել է Բալթյան-Սևծովյան երկրների դաշինք: Որպես նպատակ է հռչակվել «Ռուսաստանի կայսերական քաղաքականության դեմ պայքարելը և Ուկրաինայի և Վրաստանի օկուպացված տարածքներն ազատագրելը»։ Բայց քանի որ 9 տարի անց այդ կառույցը որևէ լուրջ գործունեություն չի ծավալել՝ այս տարվա օգոստոսին Ուկրաինայի նախագահ Վլ. Զելենսկին առաջարկել է ստեղծել անվտանգության դաշինք այն երկրների միջև, որոնք ելք ունեն դեպի Բալթիկ և Սև ծովեր։ Վերջինիս նպատակն էլ Եվրոպայի արևելյան սահմանները պաշտպանելն է: Չնայած, որքան տեղյակ եմ, այդ սահմանները գտնվում են շատ ավելի արելքում՝ Ուրալյան լեռների շրջանում:
Թե ինչ հաջողություն է գրանցել Զելենսկին այդ նախաձեռնությամբ՝ դժվար է ասել: Համենայն դեպս, այդ դաշինքի մասին որևէ տեղեկատվության չեմ հանդիպել նույնիսկ ռուսախոս ուկրաինական տելեգրամյան ալիքներում: Իսկ ռուսախոս կամ հենց ռուսական ալիքները ես ամենօրյա կտրվածքով կարդացել եմ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր: Թեև շատ ավելի պակաս չափով՝ սեպտեմբերից հետո: Պատճառը, կարծում եմ, հասկանալի է՝ Արցախի կորստից հետո այդ պատերազմի ամենօրյա ընթացքին հետևելն արդեն կորցրել է իր իմաստը: Ինչևէ, նիկոլական Հայաստանը ոնց որ թե որևէ ձևով հետաքրքրություն չի ցուցաբերել դաշինքին անդամակցելու առումով: Ամեն դեպքում, դրա մասին խոսք չկար ուկրաինական ղեկավարության հետ ո՛չ Նիկոլի և ո՛չ էլ նրա կնոջ հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրություններում: Ենթադրում եմ նույնիսկ, այդ դաշինքի վերաբերյալ ո՛չ Նիկոլը և ո՛չ էլ նրա կինը տեղյակ չեն եղել այդ հանդիպումներից առաջ:
Ասվածը նշանակում է, որ Զելենսկին փորձում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ: Մինչ այդ, նա մի քանի անգամ նույնը փորձեց անել Վրաստանի առումով, սակայն մատնվեց անհաջողության: Վրաստանի գործող իշխանությունն այնքան ադեկվատ է, որ հանուն Ուկրաինայի նման քայլի չդիմեց: Զելենսկին փորձեց նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին դրդել հարձակվելու Մերձդնեստրի վրա: Մերձդնեստրը չճանաչված հանրապետության կարգավիճակով վաղուց գտնվում է ռուսական վերահսկողության ներքո: Այդտեղ առկա են ռուսական ոչ մեծ զորաբանակ և սպառազինության հսկայական պահեստ, ինչը որպես ժառանգություն է մնացել ԽՍՀՄ-ից: Սակայն տիկին Սանդուն ևս չտրվեց Զելենսկու սադրանքին՝ երկիրը զերծ պահելով Ռուսաստանի հետ պատերազմելու վտանգից: Հուսով եմ, որ Նիկոլը ևս կլինի այնքան ադեկվատ, որքան գոնե Մայա Սանդուն: Ինչո՞ւ հենց Սանդուն: Որովհետև նա վաղուց է ապացուցել, որ չունի Վրաստանի գործող իշխանության ադեկվատությունը: Եվ Արցախի կորստով չբավարարվելով՝ հիմա էլ Հայաստանը չի դարձնի պատերազմի թատերաբեմ:
Կարծիքներ