Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվում ենթարկվում են բռնությունների

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվում ենթարկվում են բռնությունների

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները սեպտեմբերի 19-ից առայսօր գտնվում են ադրբեջանական գերության մեջ։ Նրանք իրենց հայրենիքից գերեվարվել են ոչ պատերազմական իրավիճակում, խաղաղ պայմաններում։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ պետությունը պարտավոր է առանձին քայլեր եւ գործողություններ ձեռնարկել՝ Բաքվի բանտերից նրանց դուրս բերելու համար։ 
«Այս ապօրինի ձերբակալումները եղան Լաչինի ապօրինի արգելափակման հետեւանքով։ Լաչինի միջանցքն անխափան շահագործելու պարտականություն կրել է նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ ՀՀ-ն ՄԻԵԴ-ում եղել է դատական գործընթացների կողմ։ Այստեղ շատ ավելի ինտենսիվ քաղաքական աշխատանք պետք է տարվի, որի մասով հստակ տեղեկություններ չկան։ Քննարկումները տեղի են ունենում խաղաղության օրակարգի, քաղաքական բնույթ կրող հարցերի օրակարգում։ Այս մարդասիրական խնդիրը երկրորդական պլան է մղվել, որն ածանցվող ձեւով պետք է լուծում ստանա խաղաղությանն առնչվող փաստաթղթերը ստորագրելիս։ Մարդասիրական այս խնդիրները լուծելու ուղղությամբ առանձին քաղաքական աշխատանք չենք տեսնում»,- նշեց Սահակյանը։

Իրավական գործընթացներ, ասում է, կան, սակայն դրանք ռիսկային փուլում են, եւ պարզ չէ, թե ինչ կլինի այդ մարդկանց ճակատագրերի հետ։ Տեղեկություն չկա նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պահման պայմանների մասին։ 

«Տեղեկատվությունը սահմանափակ է եւ կոնֆիդենցիալ հիմունքներով է տրամադրվում ընտանիքի անդամներին։ Տարաբնույթ հարցազրույցներ են անցկացնում Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարների հետ, դրանք ուսումնասիրելուց հետո կկարողանանք նաեւ այդ հարցերի շուրջ մեկնաբանություններ տալ»,- նշեց զրուցակիցս։
Սահակյանը վտանգներ է տեսնում այդ հարցազրույցների կոնտեքստում, Բաքվի ղեկավարությունն այդպիսով փորձում է կորզել այնպիսի տեղեկատվություն, որը քարոզչական նպատակներ է հետապնդում։

«Բնականաբար, այդ մարդկանց ազատ կամարտահայտությունը սահմանափակված է, եւ նրանք ենթարկվում են հոգեբանական եւ այլ բռնությունների։ Այստեղ մենք մարդու իրավունքների խախտման տարրեր ենք տեսնում՝ վերաբերմունքից մինչեւ խոսքի ազատության իրավունքի խախտումներ»,- ասաց նա։ 

Սակայն գերիներին ազատելու համար Հայաստանի իշխանությունները հատուկ գործընթացներ չեն ձեռնարկում, ուղղակի ՄԻԵԴ-ում ներկայացվել են միջպետական գանգատներ, իսկ առանձին թիրախավորված քաղաքական աշխատանք չի տարվում այս ուղղությամբ։ 

Անդրադառնալով պատերազմի ժամանակ անհետ կորածներին եւ գերեվարվածներին, Սահակյանն ասում է՝ անհետ կորածների թիվը, Կարմիր խաչի տեղեկություններով, գերազանցում է 300-ը, պետական մարմինների տեղեկություններով՝ 200-ը։ 

«Ինչ վերաբերում է 2023թ․ պատերազմին, ապա մենք ունենք 13 անձի անհետ կորած լինելու մասին տեղեկություն, որից 9-ը մեր վստահորդներն են»։

Հիշեցնենք, որ Բաքվում ապօրինաբար անազատության մեջ են պահվում Արցախի 8 ռազմաքաղաքական գործիչներ՝ նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ինչպես նաեւ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Դավիթ Մանուկյանը, Լեւոն Մնացականյանը, որոնց կալանքը պարբերաբար երկարաձգվում է։