Էրդողանին խորհուրդ են տվել պայմանավորվե՞լ Ասադի հետ

Էրդողանին խորհուրդ են տվել պայմանավորվե՞լ Ասադի հետ

Թուրքիայի նախագահի կարճատեւ այցը եւ ՌԴ նախագահի հետ փակ բանակցություններն այն դեպքում, երբ երկու-երեք շաբաթ հետո նախատեսված է Սիրիայի հարցով Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթաժողով, փորձագետները «խիստ ինտրիգային» են գնահատում: Մանավանդ՝ Անկարայում թուրք-ամերիկյան ռազմական մասնագետների հանդիպումից հետո, որի արդյունքում կողմերը եկել են համատեղ կենտրոն ստեղծելու համաձայնության: Ի՞նչն է այդ դեպքում Էրդողանին տարել Պուտինի հետ եւս մեկ հանդիպման: Ռուսաստանյան փորձագետները, հղելով դիվանագիտական անանուն աղբյուրներին, տեսակետ են զարգացնում, որ Մոսկվան ստեղծվախ իրավիճակում Թուրքիայի նախագահին միայն մեկ խորհուրդ կարող էր տալ՝ փորձել համաձայնության գալ Սիրիայի առաջնորդ Ասադի հետ, քանի որ քրդական հարցում Անկարայի բնական դաշնակիցը ոչ Միացյալ Նահանգներն են, ոչ Ռուսաստանը, այլ՝ Սիրիան, որը ձգտում է պահպանել տարածքային ամբողջականությունը:

Ստացվում է, որ Թուրքիան, շահագրգռվաշ լինելով Սիրիայում քաղաքացիական պատերազմով եւ գործելով նախագահ Ասադի դեմ, արդյունքում ինքն է հայտնվել ճգնաժամային իրավիճակում: Ավելի քան երեք միլիոն սիրիացի փասխստականներ ապաստան են գտել Թուրքիայում, առաջ է եկել Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդական ինքնավարության խնդիրը: Եթե այդ ծրագիրն իրականություն դառնա, ապա Թուրքիայի հարավ-աերեւլյան քրդաբնակ շրջաններում անջատողական տրամադրություններն ավելի են խորանալու: Ռուսաստանը պաշտոնապես չի հովանավորում քրդերին, նույն մոտեցումն ունի նաեւ Իրանը: Իսկ ահա Միացյալ Նահանգների հետ Թուրքիան ոչ մի կերպ չի կարողանում պայմանավորվել:

Վաշինգտոնն, իհարկե, պաշտոնապես չի սատարում քրդական շարժմանը, բայց գործնականում իրականացնում է Սիրիան մասնատելու քաղաքականություն, եւ քրդերը փորձում են իրավիճակից առավելագույնը քաղել: Ստեղծված դասավորությունում Թուրքիային իրոք այլ բան չի մնում, քան գնալ Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման, հրաժարվել այդ երկրի հյուսիսը բռնակցելու նախագծից եւ Ասադի հետ պայմանավորվել քրդական հարցում: Նման առաջարկ ՌԴ նախագահն արե՞լ է Էրդողանին:

Ըստ երեւույթին, Էրդողան-Ասադ երկխոսություն սկսելու գաղափարը կհստակեցվի Պուտին-Ռուհանի-Էրդողան գագաթաժողովի քննարկումներում: Եւ Էրդողանը, հավանաբար, ստիպված կլինի մի կողմ թողնել անձնական հավակնությունները եւ գնալ Ասադի հետ շփումների վերականգնման: Տեղական ընտրություններից հետո Էրդողանի կուսակցության հեղինակությունը խստորեն սասանված է, ընդդիմությունն ավելի ու ավելի է քննադատում նրա արտաքին քաղաքականությունը: Ճգնաժամը հաղթահարելու համար Էրդողանը պարտադրված է միանալ Սիրիայի հարցով ռուս-իրանական կոնսոլիդացիային: Այլապես Թուրքիային ոչ մի հուսալի հեռանկար չի սպասում: