Քանի հոգի է դատապարտվել պետական դավաճանության համար

Քանի հոգի է դատապարտվել պետական դավաճանության համար

44-օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նոյեմբերի 9-ին ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթ, միանգամից ԱԱԾ-ի կողմից սկսվեց «պետական դավաճանների» որսը։ ԱԱԾ-ն պետական դավաճանների մասին գրեթե ամեն շաբաթ սարսափազդու ձայնով ռեպորտաժներ էր պատրաստում, այնպիսի տպավորություն էր, որ պատերազմի ընթացքում ու դրանից հետո պետական դավաճանության զանգվածային դեպքեր են եղել։

Նշենք, որ 2023 թվականի ապրիլի 20-ին ՀՀ դատախազությունից «Հրապարակ» օրաթերթի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ այդ պահի դրությամբ ուժի մեջ մտած դատավճիռներ չկան՝ պետական դավաճանության վերաբերյալ․

«2020-2022 թվականներին ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվել է պետական դավաճանության 20 վարույթ: Դրանցից 13-ը՝ 22 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան։ Յոթ քրեական վարույթ՝ 34-ի վերաբերյալ, ընթացքի մեջ է։ Այս պահին պետական դավաճանության դեպքերով ուժի մեջ մտած դատավճիռ չկա»։ Նշենք, որ այս գործերից շատերի նախաքննության ընթացքում փոխվում էին մեղադրանքները և եթե ի սկզբանե քրգործը հարուցվում էր պետական դավաճանության հոդվածով, ապա ընթացքում փոխվում ու այլ մեղադրանք էր առաջադրվում, այսինքն՝ անձը արդարացվում էր այդ արարքը կատարած չլինելու հիմքով։ 

Մենք օրերս ևս մեկ հարցում ուղարկեցինք դատախազություն՝ հետաքրքրվելով, թե մինչ օրս քանի՞ հոգի է դատապարտվել պետական դավաճանության համար։ Դատախազությունից հետևյալ պատասխանն են ուղարկել․

«44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում պետական դավաճանության առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնվել է 27 քրեական վարույթ: Հիշյալ քրեական վարույթներով մեղադրանք է ներկայացվել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներում ծառայություն իրականացրած 26 անձի: Քրեական վարույթներից 10-ով նախաքննությունը շարունակվում է, իսկ 17 քրեական վարույթ՝ 25 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարան ուղարկված քրեական գործերից 3-ով (6 անձի վերաբերյալ) դատաքննությունն ավարտվել է և կայացվել են մեղադրական դատավճիռներ, իսկ մյուս քրեական գործերով դատաքննությունը շարունակվում է»: 

Այսինքն՝ եթե հենվենք դատախազության տվյալների վրա, ստացվում է, որ պետական դավաճանության համար դատապարտված 6 անձ պետք է լինի։