22 տարվա անդուլ աշխատանք եւ բազում հաղթանակներ

22 տարվա անդուլ աշխատանք եւ բազում հաղթանակներ

Դեկտեմբերի 12-ին «Լև գրուպ» փաստաբանական գրասենյակը նշեց իր հիմնադրման 22 ամյակը: Ընկերության անցած ճանապարհի, մարտահրավերների և դժվարությունների մասին «Հրապարակը» զրուցել է գրասենյակի հիմնադիր-ղեկավար, փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ:

- Պարոն Բաղդասարյան, շնորհավորում ենք Ձեր գրասենյակի հիմնադրման 22-ամյակը: «Լև գրուպն» այսօր իրավական ոլորտում իր ուրույն և կարևոր տեղն ունի: Այս 22 տարվա ճանապարհն ինչպիսի՞ն էր` կնկարագրեք:

- Մեր ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականի դեկտեմբերի 12-ին, հիմնադիրների կողմից ինքնանպատակ չի եղել իրավապաշտպան կառույցի ձևավորումը, գիտակցելով այն ճանապարհը, որը պետք է անցներ ընկերությունը: Հիմնադրումից հետո գլխավոր պլան մղվեց հետևյալ իրավանորմը` իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին, որի հիմքով էլ տարիներ շարունակ ծավալել ենք մեր գործունեությունը: Արձանագրենք, որ 2000 թվականից մինչ այսօր ընկերությունը ոլորտում եղել է առաջատարներից, բացառապես հայտնի է դարձել աղմկահարույց այն գործերով, որոնց հաջողությունն անհնարին է թվացել շատերին: Ընկերության փաստաբանների կողմից անգամ ամենաանհնարին թվացող հաղթանակները դարձել են հնարավոր: Ընկերության մասնագետները տարբեր ոլորտներում են ներգրավված, մեզ մոտ չկան ունիվերսալ փաստաբաններ: Կան քրեական, քաղաքացիական և վարչական իրավունքի փաստաբաններ: Այս տարի հիմնադրվել է նաև կորպորատիվ ծառայության բաժինը, որտեղ ևս պրոֆեսիոնալ մասնագետներ են ներգրավված: «Լեվ գրուպ» փաստաբանական ընկերությունն այս 22 տարիների ընթացքում տասնյակներով ձեռք է բերել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ: Ընկերությունը որդեգրել է նաև չորրորդ իշխանության դերն ու նշանակությունը երկրի կայացման և հզորացման մեջ կարևորելու սկզբունքը և հենց այդ պատճառով էլ հարյուրավոր դատական գործեր` հենց չորրորդ իշխանությանն են վերաբերում: Արդեն երեք տարի է, ընկերությունը սպասարկում է «Հրապարակ» օրաթերթին: Այս տարիների ընթացքում տասնյակ դատական գործեր են եղել, որոնցից և ոչ մեկը չենք պարտվել:

- Տպավորություն է, թե բոլոր իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել սահմանափակել ազատ խոսքը, լռեցնել անկախ մամուլը, նաև ներազդել դատական իշխանության վրա: Դժվար չէ՞ մեր օրերում աշխատելն ու հաջողություններ գրանցելը:

- 2000 թվականից առ այսօր ընկերությունը գործում է և երբ համեմատական եմ անցկացնում այս տարիների մեջ, ապա 2000-ականներին մեր աշխատանքն ավելի բարդ էր ու դժվար, քան այսօր: Եթե նախկինում լիազոր մարմիններն իրենց կարող էին թույլ տալ անօրինական գործողությունների դիմել, կոտրել, ջարդել խմբագրություններ և մնալ անպատիժ, ապա այսօր այդ առումով դրական փոփոխություններ տեսնում եմ, սակայն գտնում եմ, որ դա շատ քիչ է: