Հայ ռազմագերիների վերադարձը քաղաքական բանակցությունների տիրույթում է. Սիրանուշ Սահակյան

Հայ ռազմագերիների վերադարձը քաղաքական բանակցությունների տիրույթում է. Սիրանուշ Սահակյան

62 հոգանոց շիրակցիների  խմբից 32֊ը հայրենադարձվել են, 30֊ը դեռեւս գտնվում են Բաքվում։

Այս մասին «Հրապարակ»֊ի հետ զրույցում ասաց  Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Անդրադառնալով Բաքվի բանտում պահվող հայ գերիների թվին` փաստաբանն ասաց, որ ընդհանուր առմամբ կա 38 հաստատված գերի. «Դա պաշտոնական թիվն է, իսկ չպաշտոնականացված թվով` եւս 80 անձինք գերեվարվել են, պարզապես նրանց ճակատագրերի վերաբերյալ Ադրբեջանը հրաժարվում է պատասխանատվություն ստանձնել, այս պահին նրանք գնահատվում են որպես բռնի անհետացածներ»։

Հարցին, թե 2022 թվականին Հայաստան վերադարձե՞լ են գերիներ, Սահակյանն ասաց. «Այս տարի 8 անձ հայրենադարձվել է»։

Գերիների վերադարձման վերաբերյալ, ըստ էության, միջազգային ատյաններում որեւէ բան չի քննարկվում, վերջինը Հաագայի դատարանում էր, որը մերժեց գերիներին ՀՀ վերադարձնելու միջնորդությունը. «Քանի որ Հաագայի դատարանից բարձր դատական ատյան չկա, եւ այնտեղ Հայաստանը ռազմագերիների վերադարձման մասով պարտություն կրեց, իրավական հարթակներում հեռանկարներ չկան, բայց մենք ունենք ՄԻԵԴ֊ում վերջնական ակտերով պահանջի հեռանկարը, ուղղակի դա կկայացվի 2֊3 տարվա ընթացքում։ Այդ իսկ պատճառով խնդիրը հիմա քաղաքական բանակցությունների տիրույթում»։

Նշենք, որ օրեր առաջ Բրիտանական Amnesty International կազմակերպությանը զեկույց էր հրապարակել, որտեղ անդրադարձել էրնաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին և նրանց հետագա ճակատագրին:

Զեկույցում նշվում է, որ դեռևս սեպտեմբերին Եվրախորհուրդն իր զեկույցում մտահոգություն էր հայտնել տասնյակ գերիների՝ անմարդկային պայմաններում գտնվելու փաստի կապակցությամբ։

Ըստ զեկույցի՝ Ադրբեջանում գերության մեջ մնացածների ստույգ թիվը տարեվերջին հայտնի չէր։

«Տասնյակ գերիներ շարունակում են մնալ անմարդկային պայմաններում և ենթարկվում արագ, անարդար դատավարությունների։ Իսկ շուրջ 30 հայ գերիների ճակատագիրն ու գտնվելու վայրը մնում են անհայտ՝ նրանց բռնի անհետացման և հնարավոր սպանության մասին պնդումների ֆոնին», - նշված է զեկույցում։