Ինչու են քրեական վարույթներ նախաձեռնվել գրողների եւ նկարիչների միությունների գույքի սեփականության նկատմամբ

Ինչու են քրեական վարույթներ նախաձեռնվել գրողների եւ նկարիչների միությունների գույքի սեփականության նկատմամբ

Արդեն գրել ենք, որ իշխանությունը որոշել է պետականացնել հասարակական կառույցներ հանդիսացող ստեղծագործական միությունների շենքերը։ Դրա մասին նամակ-գրություններ են ստացել դեռեւս գրողների եւ նկարիչների միությունները, բայց անխտիր անհանգիստ են բոլոր միությունները, քանի որ վաղ թե ուշ նույն «ուղտը չոքելու է նաեւ իրենց դռանը»։ Ակնհայտ է, որ ստեղծագործական միությունների շենքերն իր ձեռքը վերցնելով՝ իշխանությունը միաժամանակ մի քանի հարց է լուծում, նախ շենքերն է պետականացնում, որոնք հետագայում կարող է կա՛մ վարձակալության տալ, կա՛մ վաճառքի հանել, հետո նաեւ միություններին զրկում է ինքնուրույնությունից, անձնական եկամուտներից, որ շենքերի որոշ տարածքներ վարձակալության տալով՝ փոքրիկ եկամուտներ էին գեներացնում եւ իրենց հոգսերը հոգում։ 

Մեր հարցմանն ի պատասխան, Գլխավոր դատախազությունը լայնածավալ տեղեկանք է տրամադրել՝ կապված երկու միությունների սեփականության իրավունքի գրանցման հետ։ Մասնավորապես․ «Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ի թիվս այլ ՀԿ-ների, ուսումնասիրվել են «Հայաստանի գրողների միություն» եւ «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպություններին պատկանող՝ Երեւան քաղաքի Աբովյան 16, 16/1, Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների թիվ 1, Երեւան քաղաքի Բաղրամյան 3 եւ Սեւան քաղաքի թերակղզու տարածքում գտնվող Գրողների տան հասցեների անշարժ գույքերի կադաստրային գործերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»:

«Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի մասով, դատախազությունից նկատել են, որ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1993 թվականի հունիսի 4-ին, իսկ մինչ այդ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: «Այսինքն, վկայակոչած օրենքի հիմքով՝ Երեւան քաղաքի Բաղրամյան 3 հասցեում գտնվող անշարժ գույքը 1990 թվականից համարվել է պետական սեփականություն, եւ որեւէ իրավական հիմքով այն չի փոխանցվել 1993 թվականի հուլիսի 4-ին արդարադատության նախարարության կողմից գրանցված՝ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությանը, հետեւաբար, Երեւան քաղաքի Բաղրամյան 3 հասցեի անշարժ գույքը պետության տնօրինումից դուրս է եկել անհիմն»:   

«Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի մասով դատախազությունը դարձյալ հղում է արել «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետին, ըստ որի՝ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը ՀՀ սեփականությունն է: «Այսինքն, վկայակոչած օրենքի հիմքով՝ «Նկարիչների միություն» հասարակական կազմակերպության կողմից օտարված կիսակառույց շինությունները 1990 թվականին համարվել են պետական սեփականություն, իսկ կադաստրային գործում առկա չէ որեւէ ապացույց պետության կողմից դրանք 1990 թվականից հետո վերոհիշյալ հասարակական կազմակերպությանն օտարելու վերաբերյալ: Ավելին, Երքաղխորհրդի գործկոմի ՇՇԱԳ վարչության կազմած եւ վարչության պետի կողմից 11.09.1995 թվականին հաստատված թիվ 393 ակտի բովանդակությունից երեւում է, որ նշված շինություններն առաջնային գույքագրում են անցել «Աղաբեկյան եւ Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ին օտարվելուց հետո, ինչը եւս հաստատում է, որ օտարման պահին դրանք «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն պատկանել: Նշված խախտումների փաստով՝ վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ»:

Ակնհայտ է, որ միություններից շատերը դատախազությունից դեռ կստանան մասնավորեցման խնդրի վերաբերյալ նման գրություններ, քանի որ իշխանությունը, այս դեպքում՝ դատախազությունը, կփորձի վիճահարույց կետեր գտնել նաեւ այլ միություններում եւ նրանց պատկանող շինություններում ու նախաձեռնել քրեական վարույթներ։