Փողերը կարող են այնպես լվալ, որ շարքային քաղաքացին գլխի չընկնի

Փողերը կարող են այնպես լվալ, որ շարքային քաղաքացին գլխի չընկնի

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Նարե Արամյանը մտահոգված է Երեւանի ծառահատումներով, նա նշում է, որ մայրաքաղաքում նման ծառահատումներն անթույլատրելի են. 

- Այն ծառերը, որ այսօր կտրում են, ես նրանց հետ եմ մեծացել, այդ ծառերն անգամ ինձնից էլ են մեծ և որ ամենակարևորն է՝ մեկը մյուսից լավ վիճակում են, ո՞նց կարելի է այդպես վարվել, ի՞նչ աստիճան պետք է բարբարոս լինել:

- Իսկ ինչո՞ւ հանկարծ որոշվեց այդ ծառերը կտրել: Ենթադրել կարելի է, որ դրա տակ ինչ որ մութ գործարքներ կան։

- Այո, ողջ կոլորիտն այս ամենի մութ պատմություններն են, բայց ասեմ, որ ամեն բան նախ տգիտությունից է սկսվում: Փողեր կարող են այնպես լվալ, որ շարքային քաղաքացին գլխի չընկնի: Բայց այս դեպքում անգամ դպրոցական երեխաներն են հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Ի տարբերություն նման տգետ մոտեցումներով առաջնորդվող անձանց, երեխաներն ունեն շատ ավելի լայն հնարավորություններ` տեղեկատվական դաշտից օգտվելու առումով: Բոլորն են հասկանում՝ ինչ է կատարվում: Ծառահատումների և նոր ծառեր տնկելու հիմքում չկա վերահսկողական հիմք: Այս ամենը հանրային վերահսկողությունից զուրկ պայմաններում է արվում: Իսկ նման դեպքերում ով ինչ ուզի կարող է անել: Մեր հասարակությունը հասել էր հանրային վերահսկողությունն իր ձեռքում պահելու, չեմ վախենա այդ բառն ասել` բարձունքների: Նախկին իշխանությունների ժամանակ մենք գիտեինք, որ զարգանալու տեղ ունենք, իսկ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո, բնականաբար, իրավիճակը պետք է փոխվեր դեպի լավը, սակայն եղավ ճիշտ հակառակը: Ամեն բան կտրուկ վատացավ: Հանրային վերահսկողություն ասվածն իսպառ վերացավ: Արդյունքում հասկանալի է, թե ինչ է տեղի ունենում: Վերահսկողություն չկա անգամ պատկան մարմինների կողմից: ՊՈԱԿ-ՀՈԱԿ-ների հիմնադիրները տեղում չեն, որ վերահսկեն, նախարարություններում ևս չկա վերահսկողություն: Այսինքն` նման բարձիթողի վիճակում կատարվողը լրիվ տրամաբանական է: Ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսի ծրագրեր պետք է արվեն շրջակա միջավայրի և կանաչապատման ոլորտում, ապա դա հետամնաց, բացարձակ չարդարացված  երևույթ է` Հայաստանի նման հետամնաց երկրների համար նախատեսված: Ի դեպ` մենք առաջինն ենք եղել, որ խոսեց ծառերի փոխարինման անհրաժեշտության մասին դեռ 2011 թվականին: Բայց այսօր դրանք արդական չեն, քանի որ մենք չունենք բավարար ռեսուրսներ: Մի խոսքով` ամեն բան միտումնավոր անում են` Երևանն ավերելու համար: Օդի նման աղտոտվածության պայմաններում անգամ մեկ ծառ չպետք է հատվի: Ծառերի փոխարինումը պետք է աստիճանաբար լինի, ոչ թե հին ծառերի կյանքի հաշվին: Ասեմ ավելին` կան վտանգավոր ծառատեսակներ, որոնք թողած մտածում են ծեր ծառերի մասին: Երևան քաղաքն ունի նաև ոռոգման ցանցի խնդիր:

- Ե՞րբ է ավագանու առաջիկա նիստը: Ի՞նչ հարցեր եք քննարկելու:

- Ամսի 21-ին` երեքշաբթի օրը: Դեռևս որոշված չէ:

- «Մայր Հայաստան» դաշինքը դատարան է դիմել և փորձում է վիճարկել Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետի պաշտոնը ստանձնելու հարցը: «Ազգային առաջընթացն» ի՞նչ կարծիք ունի այս մասով:

- Կիսում եմ այն տեսակետը, որ դա անօրինական պրոցես է: Ամեն ինչ պետք է արվի: Երբ տառակերության անհրաժեշտություն չի լինում, ամենատհաճ և տհաս կերպով այս իշխանություններն են տառակերություն բանեցնում: Հատուկ նիստը սահմանված էր օրենքով և պետք է տեղի ունենար: Փաստացի նման բան տեղի չի ունեցել, ուստի դատական հայցն արդարացի է: Պետք է դատական հայցով այն վիճարկել:

- Աջակցո՞ւմ եք «Մայր Հայաստանի» այս քայլին:

- Ցանկացած իրավական գործընթաց, անկախ հանգամանքից, ես անձամբ ողջունում եմ, եթե հիմքում կա սխալ: Իրավական երկիրն այդպես է կայանում: Այլ տարբերակ չունենք: Այս պարագայում անօրինական է այն, որ քաղաքապետի երդմնակալությունը պետք է տեղի ունենար հատուկ նիստով, սակայն նման բան չի եղել: