Իրենց ներկայությամբ կրակոց լինի, արձանագրում են, եթե ոչ՝ արձանագրում են, որ խաղաղ է

Իրենց ներկայությամբ կրակոց լինի, արձանագրում են, եթե ոչ՝ արձանագրում են, որ խաղաղ է

ՀՀ իշխանությունը շարունակ խոսում է այն մասին, թե որքան կարեւոր են Եվրամիության հետ հարաբերություններն ընդլայնելն ու ամրապնդելը, Փաշինյանը հայտարարեց՝ ՀՀ իշխանությունները պատրաստ են ԵՄ-ի հետ համագործակցել այնքան, որքան որ ԵՄ-ն կցանկանա։ Իսկ 2020 թվականից հետո նման հայտարարություն անել՝ նշանակում է «տրորել» Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության եւ Թուրքիայի «ոտքը»։ 

Հատկանշական է նաեւ, որ ՀՀ իշխանությունը, իր սատելիտ ուժերը պարբերաբար շեշտում են եվրոպական դիտորդական առաքելության ներկայության կարեւորությունը Հայաստանում ու հայտարարում, որ վերջիններիս ներկայությունը զսպող դեր է կատարում։ Իսկ դիտորդների՝ Հայաստան ժամանելու որոշման օրերին ուղղակի ցնծություն էր տիրում արեւմտամետների շրջանում, որ՝ վերջ, լուծվեց խաղաղության հարցը, եւ ադրբեջանական ռազմական ագրեսիա այլեւս Հայաստանի դեմ չի իրականացվի։ 

Մի բան են ՀՀ իշխանության հայտարարությունները, այլ բան՝ ռեալ իրողությունները, օրինակ, Ներքին Հանդի ուղղությամբ փետրվարի 13-ի ռազմական ագրեսիան, որի պատճառով զոհվեց չորս երկրապահ կամավորական։ Արդյո՞ք այդ տեղանքում եվրոպացի դիտորդներ են եղել, եւ, առհասարակ՝ սահմանամերձ գոտիներում նրանք երեւո՞ւմ են եւ գոնե փաստահավաք գործունեություն իրականացնո՞ւմ են։
Մենք Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ են վերջին անգամ տեսել եվրոպացի դիտորդներին։ Վերջին անգամ Տեղ համայնք եվրոպացի դիտորդներն այցելել են փետրվարի 10-ին, եկել են Տեղ գյուղից Արավուս չհասած հատվածը,  նկարահանել հայկական ու ադրբեջանական դիրքերն ու հեռացել։ 

«Գալիս են Տեղ գյուղի վերջ, որտեղից ճանապարհը թեքվում է ու դեպի Արավուս գնում՝ նկարում են մեր դիրքերը, թողնում գնում են»,-ասաց Հովսեփյանը։ Պարզվում է, որ ավագանու ԱԵ խմբակցության ղեկավարը մի երկու անգամ է ընդամենը տեսել եվրոպացի դիտորդներին։ «Իրենց ուզում էի ասել, որ էլ չգան այստեղ՝ Արցախը հանձնել են, հիմա եկել եք այստեղ՝ սա է՞լ եք ուզում հանձնեք»,-ասաց ավագանու անդամը։ Եվրոպացի դիտորդների այցելություններից որեւէ դրական ազդեցություն Տեղի բնակիչները չեն զգում իրենց վրա։ «Գալիս է, նկարում է, որ ի՞նչ, ի՞նչ անի։ Եվրոպացի դիտորդներն ի՞նչ պիտի անեն խաղաղության հաստատման համար։ Մենք պիտի ուժեղ լինենք, հայը պիտի ուժեղ լինի, որ կարողանա ինքն իրեն պահել։ Եվրոպան, չէ՝ Արեւմուտքն է գալու մեզ պահի, նույնիսկ ռուսը՝ մեր դաշնակից կոչվածը, մեզ չպահեց, Արեւմուտքը ո՞նց կպահի։ Արեւմտյան պետություններից միայն Ֆրանսիան չի՞, որ հայամետ է, իբր թե հայամետ է։ Եվրոպացի դիտորդներն ընդհանրապես ոչինչ չեն փոխում»,- վրդովված ասում է խմբակցության ղեկավարը։ 

Արգամ Հովսեփյանը հարցադրում է անում՝ ինչպե՞ս է Արեւմուտքը պահելու Հայաստանը, կամ նույն Ֆրանսիան։ Չէ՞ որ տասն ամիս շրջափակման մեջ սովամահ էին անում արցախցիներին, ինչո՞ւ այդ նույն Արեւմուտքը ոչինչ չձեռնարկեց, ոչինչ չարեց՝ կասեցնելու  ցեղասպանությունը։ 

Գեղարքունիքի մարզի Կութի վարչական ղեկավար Գրիգոր Ավակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սովորաբար եվրոպացի դիտորդներին չեն էլ տեսնում, քանի որ վերջիններս գալիս են, նկարահանումներ անում ու հեռանում։ «Կարող է ընդմիջման ժամ լինել եւ այլն, իրենք հիմնականում տեղյակ չեն պահում։ Սկզբում գալիս էին գյուղապետարանի մոտ, տեսնում էինք՝ սպասում էին, հարցուփորձ էին անում, բայց հիմա՝ վերջին երկու ամիսը, կարող եմ ասել, որ չենք էլ նկատում իրենց գալը, տեսնենք՝ տեսնենք, չէ՝ չէ»,-ասաց Կութի ղեկավարը։ Հետաքրքրվեցինք, թե արդյոք դիտորդների ներկայության ազդեցությունը զգո՞ւմ են իրենց վրա։ «Իսկ Դուք գիտե՞ք իրենց գործը որն է։ Եթե իրենց ներկայությունն ազդեր, չեմ կարծում, թե երեկ չորս զոհ տված կլինեինք։ Իրենց գործը ոչ թե ազդեցություն թողելն է, այլ իրենք ասում են, որ պարեկություն են անում։ Նույն այդ հարցը ես իրենց եմ տվել, թե որն է ձեր գործի բնույթը՝ այսքան գալիս, ստից կանգնում, գնում եք։ Իրենք ասեցին, որ ընդամենը պարեկ են, գալիս են, կանգնում, ու իրենց ներկա լինելու ընթացքում եթե կրակոց լինի, արձանագրում են, եթե ոչ, ապա արձանագրում են, որ խաղաղ է ամեն ինչ, ու գնում են։ Իսկ թե կես ժամ կկանգնեն կամ մեկ ժամ՝ դա արդեն իրենց գործն է»։ Կութի ղեկավարը շեշտում է․ վերջիններիս գործն է ոչ թե գնալ ու կանգնել հայ-ադրբեջանական դիրքերի մեջտեղում ու արձանագրել, որ խաղաղ է եղել, այլ ընդամենը գալիս են, գյուղում պտտվում ու ասում՝ մենք պարեկություն ենք անում, մեր գործի բնույթը սա է՝ Հայաստանի սահմանային գյուղերում պարեկություն անելը։ 

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանն էլ հաստատեց, որ նույնիսկ չի հիշում, թե վերջին անգամ եվրոպացի դիտորդները երբ են այցելել իրենց բնակավայր։ Հիշեցնենք, որ 2020 թվականից հետո Վերին Շորժան դարձել է շփման գոտում գտնվող բնակավայր, ու պարբերաբար թշնամու կողմից ռազմական ագրեսիան հենց այս ուղղությամբ է լինում։ 
Մենք կապ հաստատեցինք նաեւ Սյունիքի մարզի Ներքին Հանդի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ։ Նախօրեին լուր էր տարածվել, որ ադրբեջանական կողմի՝ փետրվարի 13-ի ռազմական ագրեսիայից հետո եվրոպացի դիտորդները փորձել էին գյուղ այցելել, սակայն ռուս սահմանապահները թույլ չէին տվել։ «Եվրոպացի դիտորդների ես ընդհանրապես չեմ տեսել»,- ասաց Բաղդասարյանը։ Հետաքրքրվեցինք՝ իսկ ճի՞շտ է, որ ռուս սահմանապահները թույլ չեն տվել վերջիններիս այցելել Ներքին Հանդ։ «Իրոք տեղյակ չեմ, նման տեղեկություն ինձ չի հասել»։ 

Ի դեպ, «Հրապարակի» հետ զրույցում դեռեւս յոթ ամիս առաջ Ներքին Հանդի բնակչուհին նշել էր, որ եվրոպացի դիտորդները վախեցել են մտնել Ներքին Հանդի տարածք եւ ադրբեջանական ու հայկական դիրքերը բավականին հեռվից են նկարել։ Ինչպես տեսնում եք, ՀՀ իշխանություններն ու շփման գոտի դարձած բնակավայրերում ապրող մարդիկ գրեթե միանման գնահատականներ են տալիս եվրոպացի դիտորդների առկայությանը ու առավել եւս՝ նրանց ունեցած ազդեցությանը։ Ինչպես պարզեցինք Կութի ղեկավարի հետ զրույցից, դիտորդներն անձամբ իրենց գործառույթը բնութագրում են որպես ականատեսի, որոնք պետք է արձանագրումներ անեն։ Հարցական է, թե խիստ արեւմտամետ դիրքորոշում ունեցող քաղաքագետները, մեկնաբաններն ու քաղաքական գործիչներն ինչի հիման վրա են պնդում, որ եվրոպացի դիտորդները խաղաղություն են բերել տարածաշրջանին։