Ուրիշի դժբախտության վրա անուն ու փառք չես վաստակի

Ուրիշի դժբախտության վրա անուն ու փառք չես վաստակի

Հայաստանում արևմտամետություն գոյություն չունի: Այսպես կոչված արևմտամետների պակաս չկա, բայց արևմտամետություն, որպես այդպիսին, որպես գաղափարական հոսանք, որպես լուրջ փիլիսոփայություն, որպես ծրագիր, չկա: Եթե մի պահ մտովի հիշեք մեր «արևմտամետներին», ապա դուք էլ կհամոզվեք, որ ի դեմս հայ արևմտամետների գործ ունեք պատեհապաշտների մի հանրույթի հետ: Թվարկե՞մ նրանց, թե՞ իմաստ չունի… Անիմաստ է, այո, դրանք հանրության կողմից չսիրված, հայհոյված, պախարակված, խայտառակված մարդիկ են, որոնք արևմտամետ են, որովհետև կարողանում են կեր հայթայթել բացառապես այդ ուղղության վրա:

Ես շատ բարեկամներ ունեմ, որոնք հիացած են եվրոպական և արևմտյան բարձր արժեքներով, բայց «մասնագիտությամբ» արևմտամետ չեն, ոչ էլ ռուսամետ են, որովհետև տեսնում են նաև «մասնագիտությամբ» ռուսամետների թերությունները: Իմ բարեկամները Արևմուտքին մեղադրում են ամենաստոր կերպով Ուկրաինայի գլխին սարքելու, իսկ Ռուսաստանին՝ եղբայրասպան պատերազմն Ուկրաինայում դադարեցնել չկարողանալու մեջ: Իրենց այս դիրքորոշմամբ իմ բարեկամները պարզապես հայամետ են: Հայը չի կարող ուրախանալ ռուս-ուկրաինական պատերազմով:

Իսկ ի՞նչ են անում մեր երդվյալ «արևմտամետները»: Ինչքան լրատվամիջոց ունեն, ինչքան քաղաքական և ոչ այնքան քաղաքական գործիչ, լցրել են արևմտյան տեղեկատվական հարթակներ, որ չլինի թե Արևմուտքի որևէ աջակցություն Ուկրաինային աննկատ մնա Հայաստանում, ու հայերը մտածեն, որ Ռուսաստանը հաղթում է կամ կհաղթի այդ պատերազմում:Բնականաբար, արևմտամետության մեջ մասնագիտացած հայկական սբրոդի աչքից չեն վրիպում նաև ռուսական կողմի խնդիրները, որոնք ծագում են Արևմուտքի՝ Ուկրաինային նորագույն զինատեսակներ մատակարարելու հետևանքով: Եվ այս ամենի արդյունքը լինում է այն, որ հայկական մեդիան ողողվում է կեղծ արևմտամետության հորթի հրճվանքով՝ ահաաաաա, Ամերիկան նոր զենքը տվեց, փողը տվեցին, հիմա տեսեք թե ինչ է լինելու ռուսների վերջը: Ուզում ես ասել՝ հիմարներ, սա ի՞նչ արևմտամետություն է, ո՞վ է տեսել ուրիշի դժբախտության վրա մի բան կառուցեն, ու այդ մի բանը հետո քո գլխին չգա իբրև դժբախտություն:

Օրվա հայ «արևմտամետներին», բոլորին անխտիր, ես համարում եմ հայ ժողովրդի թշնամի: Նույնկերպ և անհավասարակշիռ «ռուսամետներին», որ ուրախանում են Ուկրաինայի ցավալի կորուստներով: Մենք իրավունք չունենք հրճվելու այդ ամենով, եթե նույնիսկ դա փող է բերում մեզ: Ուկրաինայում ամեն ինչ մի օր կավարտվի, բայց մեր պահվածքը երկար կմնա ռուս և ուկրաինացի ժողովուրդների հիշողության մեջ: Եվ ուրեմն չանենք մի բան, որ մեզ օգուտ չի բերելու, ավելին՝ վնասելու է տեսանելի ապագայում: