Պատմության մեջ կա՞ նման ակնթարթ, որ թուրքը մեզնից մի բան զավթի, հետո վերադարձնի

Պատմության մեջ կա՞ նման ակնթարթ, որ թուրքը մեզնից մի բան զավթի, հետո վերադարձնի

Մի քանի օր առաջ մի խումբ արցախցիներ բաց նամակով դիմել են աշխարհին։ Նամակում նկարագրել են իրենց վիճակը եւ պահանջել յուրաքանչյուր արցախցու համար մեկ միլիոն դոլար ու աշխարհի որեւէ անկյունում նոր կյանք սկսելու հնարավորություն.

«Մենք` ներքոստորագրյալներս, 35 տարի ադրբեջանական տեռորի տակ տառապած, 1 տարի տոտալ ֆիզիկական պաշարումից, սովից ու ռմբակոծություններից հրաշքով ողջ մնացած, 30 հազար էլ զոհվածների քույր-եղբայրներս, պապերն ու տատիկներս, ծնողներն ու զավակներս, իր տարածքով 4,500 քառ. կմ, եւ բնության որակներով էլ Շվեյցարիային համարժեք Արցախից տեղահանված, տուն ու տեղ Ալիեւի մարդակեր ոհմակին թողած 120 հազար տարաբախտներս դիմում ենք ձեզ՝ աշխարհի ժողովուրդներին․․․ աշխատակազմերին, իշխանական ղեկավարներին եւ նրանց կաբինետներին։ Օգնեք մեզ` հանցագործ-մարդատյաց Ալիեւից բռնագանձելու մեզ պատկանող, առնվազն մեկ տրիլիոն՝ մեր պատմական-պապենական հարստության գոնե 10 տոկոսը, այսինքն` 100 միլիարդը (ամեն մեկիս հաշվով` 1 միլիոն դոլար) փողի ձեւով ետ ստանալու, որպեսզի մենք տեղափոխվենք աշխարհի այլ երկրներ եւ նոր կյանք սկսենք։ Դիմում ենք ձեզ, որ տեր կանգնելով մեզ, կանխեք աշխարհում ծավալվող գազանայինն ու ապագայում ինքներդ մեր օրը չընկնեք։ Դիմում ենք ձեզ, որ ամենքդ առանձին եւ բոլորդ միասին կարգի հրավիրեք, սանկցիաների տակ դնեք, պատժեք մեզ թալանած ու մեր կյանքը դժոխքի վերածած Ալիեւին, որ նախ արդարությունը վերականգնվի ու նաեւ, որ մեզ անպատիժ ոճրի ենթարկելը նախադեպ չդառնա, ու հենց դրանով կանխվի վաղվա գլոբալ դժոխքը»։

Աշխարհին հղված այդ ուղերձը համացանցում բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, եւ դրա արդյունքում այն կասեցվեց: Նախաձեռնության հեղինակն ամերիկաբնակ քաղաքագետ Արա Հարությունյանն էր: Արցախցի հրապարակախոս Վարդգես Օվյանն այս նամակը տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջում եւ միացել ստորագրահավաքին։ Մենք զրուցել ենք նրա հետ:

- Ալիեւից մեկ միլիոն դոլար պահանջելն ու բարեկեցիկ կյանք խնդրելը շատերը հայրենիքը վաճառելու փորձ դիտարկեցին, ձեզ մեղադրեցին: Ո՞րն է եղել ձեր պահանջը: Ի՞նչ նպատակ եք հետապնդել նման նախաձեռնությամբ:

- Արա Հարությունյանը գիտնական է ու մեծ քաղաքագետ: Նա շատ ավելի լավ գիտի, թե աշխարհում ինչ է կատարվում: Նա նամակ է պատրաստել` կարճ ու կոնկրետ, ոչ միայն փոխհատուցման համար, այլեւ սա քաղաքական քայլ է, որ աշխարհը հասկանա, որ Ալիեւը հրեշ է, հետագայում էլ այդ հրեշի քայլերը կանխելու նպատակով, քանի որ հիմա էլ ախորժակը բացված՝ Հայաստանի վրա է հարձակվել: Այդ նամակի հիմնական իմաստը դա է, բայց քանի որ մեզանում կան կենդանիներ, որոնք թքած ունեն բոլորի վրա եւ մտածում են միայն իրենց մասին, մեզ էլ իրենց արշինով են չափում, ասում են` «Արցախն ենք ուզում, այն փողով վաճառողը չենք»: Արդեն հարյուրավոր մարդիկ էին միացել ստորագրությանը, իբր ի՞նչ եք խոսում:

- Իսկ քանի՞ ստորագրություն էր հավաքվել, քանի՞ արցախցի էր միացել ձեզ:

- 300-ից ավելի` կարճ ժամանակահատվածում: Հիմա դադարեցվել է:

- Այդ բաց նամակում մի միտք կա, որը նույնպես քննադատվեց` նշված է, որ արցախցիները ցանկանում են տեղափոխվել աշխարհի այլ երկրներ եւ նոր կյանք սկսել: Այսինքն` Ձեզ համար չկա՞ այլեւս պայքարի որեւէ ստիմուլ: Վերջակե՞տ եք դնում Արցախի վրա:

- Այդ նույն ձեւով մեկ դար առաջ Արեւմտյան Հայաստանից մազապուրծ եղածները պետք է ցանկացած նախաձեռնության հերն անիծեն ու ասեն․ «Չէ, էս ի՞նչ եք ասում, բա մեր երկիրը, բա մեր հողերը, մեր օջախները»: Հարյուր տարի անցավ, ոչ միայն Արեւմտյան Հայաստանը չվերադարձրինք, այլեւ տվեցինք Շահումյանը, Գետաշենը, Արցախը, հիմա էլ Հայաստանն է օրակարգում: Թշնամին կոնկրետ ծրագրեր ունի եւ դրանք նպատակաուղղված կատարում է` տնտեսական, դիվանագիտական, գաղափարախոսական առումներով: Հայության հերն էդպես անիծում են: Ասել` չէ, ես իմ Արցախն եմ ուզում, ես էլ եմ շատ բան ուզում….

- Այսինքն` Արցախի վերադարձը, Արցախի համար պայքարը համարում եք անիմաստ, անիրատեսական, ժամանակավրեպ:

- Դուք որպես լրագրող ասեք` այս պայմաններում, երբ օրակարգում Սյունիքն է, ո՞վ է վերադառնալու Արցախ: Ընդհանրապես, պատմության մեջ կա՞ նման ակնթարթ, որ թուրքը մեզնից մի բան զավթի, հետո վերադարձնի:

- Այո, Արցախյան շարժումը, ի դեպ` շարժման 36-ամյակն է այսօր, դրա վառ ապացույցն է:

- Միայն Արցախյան շարժումը: Սովետական բանակի դպրոց անցած պրոֆեսիոնալ զինվորականների, գեներալների, սպաների` Դալիբալթայանի, Իվանյանի, Արկադի Տեր-Թադևոսյանի ու այլոց շնորհիվ և նույն խորհրդային տարիների սերնդի ոգու, քաջության ջանքերով, կյանքի ու արյան գնով կարողացանք թուրքից ետ խլել մեր պատմական հողերի մի հատված, թշնամուց մաքրել Արցախը։ Այն ժամանակ կարողացանք ազատագրել, բայց հիմա ի՞նչ: Վերջին 500 տարվա լուսավոր կետը դա էր, բայց այսօր այլ է: Թուրքը հային ոչինչ չի զիջելու: Այդ գաղափարի վրա գերեզմանաքար է դրված: Ալիեւը հիմա էլ է ասում՝ թող արցախցիները վերադառնան, որ աշխարհին ցույց տա, ասի՝ տեսեք, եկել են: Այսօր մի քանի արցախցի է մնացել այնտեղ, աշխարհից կտրված, կապից զուրկ, տնից էլ դուրս չեն գալիս անգամ: Հիմա, ենթադրենք, մենք էլ գնացինք, ի՞նչ է լինելու: Գերու կարգավիճակով ապրելու ենք, հետո արդեն սկսելու են տղամարդկանց հերն անիծել: Չկա մի արցախյան ընտանիք, որում պատերազմի մասնակից չլինի: Մեկառմեկ բոլորի հերը կանիծեն:

- Այսինքն` միակ տարբերակը աշխարհին ձուլվելն է:

- Մենք սիրում ենք պրոբլեմների ու իրականության առաջ մեր աչքերը փակել: Իմ շրջապատից բազմաթիվ մարդիկ այսօր Ռուսաստանում են գտնվում, շատերն էլ պատրաստվում են գնալ, այդ երեւույթը կա:

- Իսկ եթե մի ստորագրահավաք էլ սկսեք ու ՀՀ գործող իշխանություններից փոխհատուցում պահանջեք, եւ ինչո՞ւ այս իշխանությունների դեմ չեք պայքարում նման ճանապարհով:

- Ես այն մարդը չեմ, որ հեքիաթներով ապրեմ, հանրահավաք, նամակ եւ այլն: Հայաստանի իշխանությունները թուրքական իշխանություններ են: Նրանք մտածված վերացրին Արցախը, հիմա էլ Հայաստանն են վերացնում: Նրանք Ալիեւի, Էրդողանի կրնկի տակ են: Թշնամուն ի՞նչ բաց նամակ գրենք, որ ի՞նչ: Սրանք իշխանություն չեն, թուրքական դրածոներ են Հայաստանում: Հայաստանն ու հայությանը վերացնում են:

- Բայց եթե պայքարեք, գուցե արդյո՞ւնք լինի:

- Թող դուրս գան, ես առողջական բազմաթիվ խնդիրներ ունեցող մարդ եմ, տարիքս էլ վաղուց այն չէ: Ջահելները թող դուրս գան՝ իրենք իրենց ձեւով պայքարեն: Ո՞վ է խանգարում: Ես չեմ խանգարում: Մեզանում խոսողներն են շատ: Զանգ կախող չկա:

- Գուցե Դուք կախեք զանգը:

- Մենք փորձում ենք մի բան անել, ալիեւների հետագա քայլերը կանխել, արգելափակում դնել նրանց առաջ, որ աշխարհն իմանա՝ գործ ունի հրեշ, սրիկա բռնակալի հետ: