Կառավարությանը մի սադրեք, Սեւրը թաղված է

Կառավարությանը մի սադրեք, Սեւրը թաղված է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Իրանի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների տեսակոնֆերանս անցկացնել՝ ներգրավելով Գերմանիային եւ Իրանին: Առերեւույթ խոսքն Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի քննարման մասին է: Ավելի վաղ ՌԴ նախագահը հանդես էր եկել «նոր Յալթայի» գաղափարով, որ, սակայն, դիվանագիտորեն մերժվեց: Իրանի միջուկային ծրագրի թեմայով ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկրների ձեւաչափով քննարկումներին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել Ֆրանսիան: Կկայանա՞ այդ տեսակոնֆերանսը՝ դժվար է կանխագուշակել: Իրողություն է, որ նոր աշխարհակարգի խնդիրն ավելի քան արդիանացել է: Այս համատեքստում Հայաստանի տասը կուսակցություններ, այդ թվում՝ նախկին իշխող ՀՀԿ-ն, հանդես են եկել Սեւրի պայմանագրի արդիականացման առաջարկությամբ:

Յուրովի գնահատելով այդ նախաձեռնությունը, հայրենական մեկնաբանն ի վերջո եզրահանգում է, որ առանց ռուս-թուրքական 1921թ. մարտի 16-ի «Բարեկամության եւ եղբայրության մասին» պայմանագրի վերանայման Սեւրի մասին խոսելն իմաստ չունի եւ բխեցնում, որ եթե տասը կուսակցություններն այդ ուղղությամբ ոչինչ չեն անում, ապա «քայլ կարող է անել պաշտոնական Երեւանը, մարտահրավեր նետելով տասնյակին եւ հարցի շուրջ նախաձեռնելով հանդիպում՝ Սեւրի արդիականացման հարցեր քննարկելու համար, խնդրի ռազմա-քաղաքական ամբողջությունն ապահովելու նկատառումով, որպես հանրության առաջ պատասխանատվության երաշխիք»:

Հայաստանն ու՞մ հետ պիտի Սեւրի արդիականացման հարցեր քննարկելու հանդիպում նախաձեռնի: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների՞: Եթե ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ եւ միջուկային տերություն Ռուսաստանին չի հաջողվում «նոր Յալթա» կազմակերպել, միամտություն չէ՞ վարկածել, թե Հայաստանին կհաջողվի «նոր Սեւր» նախաձեռնել եւ խնդիրը բերել գործնական քննարկումների հարթություն: Մանավանդ ու՞մ հետ պիտի «Անտանտի երկրները» եւ Միացյալ Նահանգները քննարկեն հարցը: Օսմանյան կառավարությունը հարյուր տարի առաջ իշխանազուրկ է եղել, ներկայիս հանրապետական Թուրքիան էլ համարում է, որ «թուրք ժողովուրդը պատռել եւ պատմության աղբամանն է նետել Սեւրի պայմանագիրը»: Ուզում ենք դա ընդունել, թե ոչ, պատմական փաստը մնում է անփոփոխ. թուրքական «միլլի» շարժումը կարողացել է Օսմանյան կայսրության փլատակներից կերտել Թուրքիայի հանրապետություն, որի ներկայիս սահմանները ճանաչվել են Լոզանի պայմանագրով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դրանք չեն վերանայվել: Այս իրողության հանդեպ ի՞նչ կարող է անել Հայաստանի կառավարությունը: Մանավանդ՝ ԼՂ հարցի չկարգավորվածության եւ «պատերազմից հինգ րոպե պակաս» պայմաններում: Գործնականում՝ ոչինչ: Իսկ այդ ուղղությամբ քարոզչա-դիվանագիտական նախաձեռնությունը, կարելի է չկասկածել, հակառակ էֆեկտը կտա:

Ի վերջո պետք է իրողություններին սթափ առերեսվել եւ ընդունել, որ մեզ «Սեւր» է պետք Լեռնային Ղարաբաղի հարցում: Եթե բուն Սեւրի պատմա-քաղաքական արձագանքները հնարավոր է փաթեթավորել որպես ԼՂ հարցում դիվանագիտական կռվան, դա բոլորովին այլ համատեքստ է ենթադրում, որն ամբողջացնելու համար հարկ է համատեղել միջազգայնագետ-իրավաբանների, քաղաքագետների, վերլուծաբանների, մի խոսքով՝ ազգային «ուղեղային կենտրոնի» ողջ ներուժը: Բայց մինչ այդ պետք է այդ «ուղեղային կենտրոնն» ունենալ՝ ապաքաղաքական, ոչ կուսակցական, զուտ պրոֆեսիոնալներից կազմված մի հաստատություն, որը հարկավոր մշակումներ կանի դիվանագետների, պետական-քաղաքական, ինչու չէ՝ նաեւ ռազմական հաստատությունների եւ գործիչների համար: Կառավարությանն էմոցիոնալ քայլերի սադրելու անհրաժեշտություն չկա: Ոչ էլ, ըստ էության, Սեւրի արդիականացումը հանրային պահանջ է: