Ներիշխանական գզվռտոց՝ 30-ամյա ավանդույթի ուժով

Ներիշխանական գզվռտոց՝ 30-ամյա ավանդույթի ուժով

Հին «հայկական» ասացվածք կա՝ բաժանիր, որ տիրես։ Երբ ներքեւներում իրար են «ուտում», վերեւների գործը, ասում են, հեշտանում է։ Միշտ՝ բոլոր ժամանակներում, իշխանություններն օգտվել են այս ասացվածքից, երբեմն արհեստական կոնֆլիկտներ հրահրել իրենց ենթակաների շրջանում, մեկին հանել մյուսի դեմ, տրամադրել միմյանց դեմ, որ միակ «արբիտրն» ու դատավորն իրենք լինեն։ Այս հնարքից հատկապես օգտվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի իշխանության տարիներին ներիշխանական գզվռտոցը հասել էր գագաթնակետին։ Կային սուպերնախարարներ՝ հանձինս Վազգեն Սարգսյանի ու Վանո Սիրադեղյանի, եւ կային շարքային նախարարներ, որոնց իրավունքներն ու լիազորություններն էականորեն տարբերվում էին սուպերների լիազորություններից։ Սուպերնախարարները երբեք կառավարության նիստերին չէին գնում, նրանք վարչապետի՝ երկրի երկրորդ դեմքի գերակայությունն իրենց նկատմամբ չէին հանդուրժում։

Նրանք ուղիղ ենթարկվում էին երկրի նախագահին՝ Տեր-Պետրոսյանին, սասանելով Հրանտ Բագրատյանի՝ վարչապետի հեղինակությունն ու խաղալով նրա նյարդերի հետ։ Մյուս բարձրաստիճան պաշտոնյաներն էլ բազում կոնֆլիկտներ ու խնդիրներ ունեին միմյանց հետ, եւ այդ իրավիճակն ինչ-որ կերպ խրախուսվում էր երկրի նախագահի կողմից, որը դարձել էր միակ ու անվերապահ հեղինակությունը բոլորի համար։ Եվ հասկանալի էր, որ եթե չլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկիրը կհայտնվեր խառնաշփոթի մեջ, եւ իրար ատող պաշտոնյաները քաոսի կվերածեին այն։ Եվ այս գիտակցությունը, որը հատկապես ձեռնտու էր երկրի առաջին դեմքին, զսպում էր իրար ատող իշխանավորներին, եւ երկար ժամանակ ոչ ոք ոտնձգություն չէր կատարում առաջին դեմքի աթոռի ուղղությամբ, չնայած 1995 թվականից սկսած պարզ էր, որ իշխանությունը ճգնաժամի մեջ է։ Շատ հետո էլ այս գործոնը դեր էր խաղում, որ ՀՀՇ-ից ու 90-ականների իշխանությունից ոչ մեկը չհամարձակվեր մտնել քաղաքականություն՝ բոլորը սպասում էին Տեր-Պետրոսյանի երկրորդ գալստյանը, որը տեղի ունեցավ 2007 թվականին։

Անփոխարինելիի կարգավիճակ ունեին նաեւ մեր մյուս նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ Նրանց շրջապատը շարունակ մի միտք էր ներշնչում բոլորին, թե՝ «բա որ Սերժը չլինի, պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի երկրում, էս կլաններն իրար կմորթեն, պաշտոնյաներն իրարից աթոռ կխլեն» եւ այլն։ Ու այս ներշնչանքն աշխատում էր։

Հետո եղավ 2018 թվականը, եւ թվում էր՝ այս նախնադարյան մեթոդներով, քրեական հեղինակության եւ ցեղի առաջնորդի սկզբունքով կառավարելը պետք է անցներ պատմության գիրկը։ Ասպարեզ էին եկել գաղափարական մարդիկ, որոնք համատեղ պայքարի դժվար ճանապարհ էին անցել, կիսելու ոչինչ չունեին, ընկերներ էին եւ երկիրը կառուցելու նպատակ էին դրել իրենց առաջ, այլ ոչ թե ազդեցության ոլորտների բաժանելու, տիրելու, հարստանալու եւ այլն։ Սակայն, ցավոք սրտի, պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանը, որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի արժանի հետեւորդ, գնաց հենց «բաժանիր, որ տիրես» ճանապարհով։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ այս թիմի միակ առանցքը եւ զսպողը հենց ինքն է՝ վարչապետը։ Ընդ որում, ամենացավալին այն է, որ այդ հակասությունները խրախուսվում են վարչապետի կողմից, գոնե՝ նա ոչինչ չի ձեռնարկում այդ իրավիճակը փոխելու համար։ Չէ որ այդպես իշխելը հեշտ է։ Հիմա ներիշխանական թիմում հակասություններ ունեն գրեթե բոլորը։ Նրանք, ովքեր միմյանց հետ առնչվում են աշխատանքի բերումով, նրանք, ովքեր միմյանց հետ չեն առնչվում աշխատանքի բերումով։ Հները՝ նորերի հետ, նորերը՝ ավելի նորերի հետ։ Օրենսդիրը՝ գործադիրի, արդարադատության նախարարությունը՝ դատարանների, կրթության նախարարությունը՝ դպրոցների, առողջապահության նախարարությունը՝ բժշկական կենտրոնների, մի փոխվարչապետը՝ մյուսի, Կենտրոնական բանկը՝ ֆինանսների նախարարության, ՊԵԿ նախագահը՝ տեղակալի, ԿԳՄՍ մի փոխնախարարը՝ մյուսի եւ այլն, եւ այլն։ Ու այդ հակասություններն այնքան են աճել ու ցցուն դարձել, որ կողմերն անգամ չեն թաքցնում դա։

Ասենք, այլեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի եւ Ազգային ժողովի գլխադասային՝ կրթության հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի «ջրերը մի առվով չեն հոսում»։ Նույնկերպ «շուն ու կատու» են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ Ասում են՝ անտագոնիզմի մեջ են նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Միմյանց հետ հակասություններն այնքան են մեծացել, որ իրար դեմ որոշումներ են կայացնում՝ ԿԳՄՍ նախարարն ու ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը։ Իրար չեն բարեւում Արսեն Թորոսյանն ու քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ի դեպ, Մարությանը գրեթե ոչ մի պետական օղակի ղեկավարի հետ նորմալ գործընկերային հարաբերություններ չունի՝ բոլորի հետ հակասությունների մեջ է, այդ թվում, ասենք՝ Զարուհի Բաթոյանի։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ առողջապահական հիմնարկների ղեկավարների հետ է պայքարի մեջ, ամենալուրջ կոնֆլիկտը Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ է։ ԿԳՄՍ նախարարը չի շփվում ռեկտորների հետ, մասնավորապես՝ ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի, եւ բուհերում մրցույթներ չի կազմակերպում, հոգաբարձուների խորհուրդներն էլ չի ձեւավորում, որ այդ մրցույթները կայանան։
Մի խոսքով, «Իմ քայլում» եւ ՔՊ-ում անհաշտ մթնոլորտ է՝ յոլա չեն գնում միմյանց եւ ուրիշների հետ։ Իսկ երբ ընտանիքում գզվռտոց է, բնականաբար, ընտանիքի «հայրն» է մեղավոր՝ ուրիշ ոչ ոք։

Սվետա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ