«Հայկական թեմատիկան»՝ ֆրանսիական ներքաղաքական օրակարգում

«Հայկական թեմատիկան»՝ ֆրանսիական ներքաղաքական օրակարգում

Ֆրանսիական մամուլի հրապարակումների համաձայն, 2022 թվականի ապրիլի 10-ին Ֆրանսիայում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին ընդառաջ, նախագահի թեկնածուներ Էրիկ Զեմուրն ու Վալերի Պեկրեսն իրենց առաջին նախընտրական ուղեւորությունը մտադիր են կատարել Հայաստան։ Ընդ որում, այդ այցերը լինելու են առաջիկա օրերին։ Ֆրանսիական մամուլում նաեւ հրապարակումներ են հայտնվել, որոնցում ներկայացված են ֆրանսահայ համայնքի մի քանի անդամների բաց նամակները՝ ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որոնցով վերջինիս կոչ է հղվում այցելել Հայաստան։

Դատելով Երեւանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի խոսքերից, նախագահ Մակրոնն ուրախ կլինի այցելել Երեւան, սակայն այցի ժամկետները դեռ հստակեցված չեն։ Հնարավոր է, որ նման այց լինի հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի պատվին։ Ամեն դեպքում, ըստ որոշ վերլուծաբանների, ընտրությունների օրացույցն այնպիսին է, որ Մակրոնը կարող է այս հարցում առանձնապես շտապողականություն չցուցաբերել։ Փաստորեն, այս հրապարակումներից ելնելով կարող ենք ասել, որ «հայկական թեմատիկան» հայտնվել է ֆրանսիական ներքաղաքական օրակարգում, ավելին, կարծես թե դառնում է ֆրանսիական նախընտրական արշավի «հաղթաթղթային հանգրվաններից» մեկը։

Սա, իհարկե, պատահականություն չէ, եւ Փարիզից Երեւանի հանդեպ ուշադրության գերկենտրոնացումը, բացի հայ-ֆրանսիական բարեկամության արգասիք լինելուց, նաեւ լավ հաշվարկված ռեալ պոլիտիկ է, եթե հաշվի առնենք, որ ընտրություններում հայկական համայնքն ունի կարեւոր նշանակություն։ Իսկ մինչ այդ, Ֆրանսիայում փորձագիտական հանրույթն արդեն կանխատեսել է, որ Մակրոնն իր մտադրությունների մասին, ամենայն հավանականությամբ, կհայտարարի դեկտեմբերի 21-ին՝ իր ծննդյան 44-րդ տարեդարձի օրը։ Դեկտեմբերի 21-ից մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 10-ը, իհարկե, բավական ժամանակ կա, բայց դե՝ Ֆրանսիան էլ, որպես ազատ եւ ժողովրդավարական երկիր, չի կարելի «դյուրամարս» համարել, եւ թե՛ Մակրոնը, թե՛ մյուսները դեռ պետք է «քրտնաջան աշխատեն»՝ ֆրանսիական հասարակության առնվազն համակրանքն ու հատկապես քվեն շահելու եւ առաջիկա տարիներին Ելիսեյան պալատում հանգրվանելու համար։

Պետք է նշել, որ ընտրական գործընթացները Ֆրանսիայում բավականին բարդ են ու «դրամատուրգիայով լի», ինչպես նկատում է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։ Այս պահին չորս տասնյակից ավելի քաղաքական գործիչներ կարծես թե իրենց հավակնությունները փորձել են ձեւակերպել՝ Ելիսեյան պալատում առաջիկա տարիներին տանտեր լինելու հետ կապված։ Սակայն, որպեսզի պաշտոնապես ներգրավվեն գործընթացում, ամեն թեկնածու պետք է մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 26-ը առնվազն 500 մունիցիպալ խորհրդականի կամ համայնքապետի (քաղաքապետի) հավանություն ստանա։ Վերջնական ցուցակը հայտնի կդառնա մարտի 11-ին։ Սա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, Զեմուրն ու Պեկրեսը Հայաստանում կլինեն ոչ որպես նախագահի պաշտոնական թեկնածուներ։

Ի դեպ, սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Զեմուրը կհավաքի ոչ ավել, քան 15 տոկոս, իսկ ահա Պեկրեսի դեպքում տոկոսային ցուցանիշները չափազանց արագ են փոխվում։ Հնարավոր է, որ նա ընտրությունների առաջին փուլում գրավի երկրորդ տեղը։ Ամեն դեպքում, սոցիոլոգիական հարցումները նախընտրություն են տալիս գործող նախագահ Մակրոնին։ Հայաստանում այս ամենից չպետք է «գլխապտույտի մեջ» հայտնվեն։ Բանն այն է, որ ե՛ւ Զեմուրը, ե՛ւ Պեկրեսը ունեն լավ հաշվարկված մարտավարություն։ Ու, մեծ հաշվով, խոսքն այն մասին չէ, որ Հայաստան գալով՝ այս երկու թեկնածուներն ուզում են շահել ֆրանսահայ ավելի քան կես միլիոնանոց համայնքի համակրանքը։

Բանն այն է, որ նախընտրական արշավի մի մասն արտասահմանյան այցերին, օրինակ՝ Հայաստան այցին տրամադրելով, այս թեկնածուները հույս ունեն շահել նրանց համակրանքը, ովքեր համոզված են, որ Ֆրանսիան Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների շահերի պաշտպանն է։ Բացի այդ, այս այցերով նրանք երեւի ինչ-որ կերպ կփորձեն խարխլել Մակրոնի դիրքերը, քանի որ 44-օրյա պատերազմում Փարիզը, իհարկե, բավականին բան արեց, սակայն ամենեւին չարդարացրեց այն սպասելիքները, որոնք առկա էին Երեւանում կամ նույնիսկ ֆրանսահայ համայնքում։

Իհարկե, կան նաեւ զուտ ներֆրանսիական քաղաքական օրակարգային հարցեր եւս, սակայն, ամեն դեպքում, բավական հետաքրքիր է լինելու ֆրանսիական քաղաքական Օլիմպոսի ներկայացուցիչներից ոմանց Երեւանում տեսնելը։ Եվ պետք է միշտ հիշել, որ, անկախ ամեն ինչից, Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում «վետո»-ի իրավունք ունեցող գերտերություն է, որն առաջին հերթին սպասարկում է իր շահերը։