Ինչպես ազատվել Հերման Գյորինգից կամ՝ պռիվե՛ե՛ե՛տ, ազիզ…
Կարդում եմ Հայկ Մարությանի մասին Նիկոլի կայքում հրապարակված հոդվածը, ու մեջս ցանկություն է առաջանում՝ ինչ գնով էլ լինի, նույնականացնել հոդվածի հեղինակին: Ինչո՞ւ հեղինակ չկա նշված, պարոնայք եւ տիկնայք խմբագիրներ, ես վեճ ունեմ հեղինակի հետ: Ինչ է, գնամ Նիկոլի հե՞տ վիճեմ, Աննայի՞, իսկ գուցե Աշոտիկի ու Մարիամի՞: Հասկանալի է, «Հայկական ժամանակն» այս ընտանիքի թերթն է, բայց դա հո չի՞ նշանակում, որ կարելի է այդ թերթում «ֆեյք» հեղինակի ապուշություններ տպել: Հայկ Մարությանի համար աչքերս չեն ուռել, հասկանում ես, բայց չի կարելի մարդուն այս աստիճանի «ցածրացնել» ու մի քոսոտ ստորագրություն չդնել հոդվածի տակ: Այո, ես Մարությանի կողմից եմ այս դեպքում եւ չեմ հանդուրժի, որ մի վախկոտ «ֆեյք», ինչ է թե նա «լավ չի ծառայում» Նիկոլին ու նրա ընտանիքին, ափեղ-ցփեղ բաներ գրի նրա մասին: Այլ խոսքով ասեմ՝ ողբամ էն մայրաքաղաքապետին, որ պետք է սողա, այսպես կոչված, «կենտրոնական իշխանությունների» առաջ ու թողնի, որ այդ իշխանություններն իրենց պատկերին համեմատ աղավաղեն ու մունդռեն մայրաքաղաքը: Իր պատմության 3-րդ հազարամյակը բոլորող Երեւանի պարագայում՝ առավել եւս:
Եվ ուրեմն՝ ո՞վ է այդ հոդվածի հեղինակը: Դատելով քառակուսի մտքերից՝ համարենք, որ դա Վահագն Հովակիմյանն է: Ըստ իս՝ միայն նա կարող էր մի այսպիսի նախադասությամբ Նիկոլին այնպես վարկաբեկել, որ հետո մի ամբողջ ՔՊ չկարողանա «վերակենդանացնել»․ «Հայտնի է, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, իր պաշտոնավարման մեկնարկից սկսած, բազմաթիվ անգամներ ցանկություն է ունեցել հրաժարական տալ, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով ամեն անգամ հետ է կանգնել այդ մտքից»: Նախ, պատկառելի պարոն, ինձ նման բան հայտնի չէ, որովհետեւ այդ մասին երբեք պաշտոնական հաղորդագրություն չի եղել: Տարբեր ԶԼՄ-ներ, այո, բազմաթիվ անգամներ գրել են, որ Հայկոյի ու Նիկոլի ջրերը մի առվով չեն գնում, բայց դա ինձ հիմք չի տվել մտածելու, թե ամեն անգամ Նիկոլն ընկել է Հայկոյի ոտքերն ու խնդրել, որ նման բան չանի: Այլ հարց, որ «հեղինակին» է դա հայտնի, թեեւ խիստ կասկածում եմ, որ նա Հայկոյի եւ Նիկոլի այս չափազանց «ինտիմ» հարաբերությունների մասին երբեւէ իմանար, եթե Նիկոլենց տնից մեկնումեկը պատմած չլիներ: Եվ ապա՝ Նիկոլն էդքան կորած վարչապե՞տ էր, որ այդ ընթացքում Հայկ Մարությանին փոխարինող չգտներ: Եվ վերջապես՝ ես կարո՞ղ եմ ենթադրել, որ Նիկոլի «ծով» համբերությունը հատել է, եւ նա այս անգամ որոշել է Հայկոյին չհորդորել, որ մնա: Այս ոչ խորամանկ, ես կասեի՝ նույնիսկ պարզունակ հոդվածի հայտնվելը «ՀԺ»-ում դա չի՞ նշանակում, արդյոք:
Գնանք առաջ: «Սակայն տարօրինակ կերպով ամեն ինչ փոխվեց, երբ նա (Հայկ Մարությանը) պատերազմի օրերին հայտնի գեներալ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) հետ, որի հետ նա ունի քավոր-սանիկական հարաբերություններ, մեկնեց Արցախ»: «Ադամանդե ձեռքը» ֆիլմի հերոսուհուն հիշեցի. «Наши люди в булочную на такси не ездят…»: Ինչպե՞ս կարող էր իրենց Հայկոն Ամարասի Արթուրի հետ գնալ Արցախ: Այս հանգամանքը խիստ կասկածելի է թվացել հեղինակին, որն այս հիմարությունը հաստատելու համար ձեռքը գցել է «օդում կախված լուրերին», թե բա՝ «ըստ շրջանառվող տեղեկությունների, պատերազմի ավարտից հետո նա դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին եւ խզել հարաբերություններն իշխող ուժի անդամների հետ»: Այսինքն՝ ոչ թե պատերազմից առաջ կամ պատերազմի օրերին, այլ՝ հետո… Ճի՞շտ ենք հասկանում ենթադրյալ հեղինակ Վահագն Հովակիմյանին: Իսկ դու քեզ հարց չե՞ս տալիս, թե ինչու պատերազմից հետո միայն Հայկ Մարությանը դիմում ներկայացրեց խայտառակված ՔՊ-ի շարքերը լքելու համար: Բայց ո՞ւմ եմ ինչ հարցնում եւ կամ ինչո՞ւ:
Գերմանիայի կապիտուլյացիայից հետո Հիտլերի կուսակցությունում էլ մարդ չմնաց: ՔՊ-ն ի՞նչ է, բացառությո՞ւն է: Բացառություն չէ, իհարկե, բայց, այ, «Հայկական ժամանակն» ու այնտեղ հավաքված խմբկոլը բացառիկ են մտացածին բաներ շարադրելու հարցում: Ըմբոշխնեք, խնդրեմ, հետեւյալ մտավարժանքը, որ, ամենայն հավանականությամբ, Նիկոլի հավատարիմ ԱԱԾ-ից հատուկ ՀԺ-ի համար արված «սլիվի» արդյունք է. «Այժմ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մարությանն իր քավորի՝ Ամարասի Արթուրի միջոցով նաեւ սերտ հարաբերություններ է հաստատել մեկ այլ գեներալի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, որը նույնպես Ամարասի Արթուրի սանիկն ու մտերիմ ընկերն է:
Տեղեկություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Հատկանշական է, որ նրա հետ հանդիպումից հետո Մարությանի նկատմամբ շատ լոյալ դիրք են գրավել նաեւ Քոչարյանի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները, որոնք նախկինում «օր ու արեւ չէին տալիս» Մարությանին, եւ նա ամենաշատ քննադատության արժանացող պաշտոնյաներից էր իշխող քաղաքական թիմում: Թերեւս ուշագրավ է նաեւ այն, որ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Երեւանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները»: Ես ուղղակի ցնցված եմ… Սիրտս ԱԱԾ-ի «սլիվ ա ուզըմ»:
Օրինակ, սենց մի բան՝ ըստ «շրջանառվող տեղեկությունների»՝ Մարիամիկը դիմել է հորը, որ իր ընկերուհու համար քաղաքի կենտրոնում գեղեցկության սրահ դասավորի: Հայրը, այսինքն՝ Նիկոլը, կանչել է աներձագ Հրաչին եւ գործուղել Հայկ Մարությանի մոտ, որ հարցը կարգավորի: Հայկոս էլ, Ռոբերտ Քոչարյանի շտաբից տեղեկանալով, թե ինչ հարցով է գալիս Հրաչը, նրա հետ նախապես պլանավորված հանդիպումը «քենսըլ» է արել: Լավ «սլիվ» էր, չէ՞: Բայց պարզվում է, որ «ՀԺ»-ում հոդվածներ են ծնվում ոչ միայն հատուկ իրենց համար արված «սլիվների» եւ «օդում շրջանառվող տեղեկությունների» հիման վրա, այլեւ սեփական մատը ծծելու եղանակով: Խնդրեմ, մի վառ օրինակ՝ «ՀԺ»-ում մտածում են, որ նախկին իշխանությունները 2023 թվականի Երեւանի ՏԻՄ ընտրություններում իրենց համար հարմար թեկնածու են տեսնում նաեւ Հայկ Մարությանին… Ահա այսպես, ոչ ավել, ոչ պակաս:
Եվ վերդիկտի մասին: Այսպիսի վերդիկտ կարող էր գրել թերեւս մեկ էլ «սահմանադրագետ» Վահագն Հովակիմյանը: Ըմբոշխնեք. «Եթե մինչ այս կենտրոնական իշխանությունները «մի կերպ հանդուրժում էին» Հայկ Մարությանի ընդունած դիրքը, ապա այս ամենից հետո ակնհայտ է դառնում, որ լուրջ անդունդ է ձեւավորվում նրան քաղաքապետ դարձրած քաղաքական թիմի եւ նրա միջեւ: Թե ինչպես կորոշի Հայկ Մարությանի հետագա ճակատագիրը նրան քաղաքապետ դարձրած իշխող քաղաքական թիմը, պարզ կլինի ապագայում»: Իրավաբանության մեջ սապոգներով ճանապարհ հարթող սույն հեղինակին ասեմ, որ առնվազն թիմակցից այսպես չի կարելի բաժանվել:
Ի վերջո, խոսքը մի մարդու մասին է, որին, առանց իր ուսապարկերի կարծիքը հարցնելու, քաղաքապետ է դարձրել առաջնորդը: Այդ ինչպե՞ս եք առաջնորդին շրջանցելով՝ տնօրինելու այդ մարդու հետագա ճակատագիրը: Հետեւաբար, բարի եղեք խոստովանել, որ Նիկոլը որոշել է, որ Հայկոն քաղաքապետ չպետք է լինի: Այլապես կարելի է կարծել, որ ձեր քաղաքական թիմն այնքան խելք ուներ, որ հենց այս հոդվածի հրապարակման օրը ավտոբուսի վարորդներին հաներ քաղաքապետարանի դեմ ցույցի:
ՀԳ. Նիկոլի թիմը քանդվում է, բարեկամներ… Ո՞վ է հաջորդը։ Անուններ տալն իմ կողմից ճիշտ չի լինի, բայց ասեմ, որ նրանք քիչ չեն: Այսուհանդերձ, անհանգստանալու պատճառ չունենք: ՔՊ-ից եւ իշխող թիմից հաջորդ հեռացողի մասին մենք կիմանանք վերկուսակցական «ՀԺ»-ից, որ Փաշինյանի կադրային քաղաքականության սրբագրությամբ է զբաղվում: Նիկոլը լավ հուշարար ունի: Կարծեմ՝ Գեբելսն է մի անգամ Հիտլերի ականջին շշնջացել՝ Գյորինգը դադարել է մեր Գյորինգը լինելուց:
Կարծիքներ