Երկու տարօրինակ այցելություն

Երկու տարօրինակ այցելություն

Հուլիսի 15-ին «գաղտնի գործակալի կարգավիճակով» Հայաստան է այցելում Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար Ուիլյամ Բըրնսը: Վերջինս, բնականաբար, հանդիպում է Փաշինյան Նիկոլին և Անվտանգության խորհրդի քարտուղարին: Ինչո՞ւ հենց «գաղտնի գործակալի կարգավիճակով»: Որովհետև եթե չլիներ ռուսական կայքերի բացահայտումը, ապա «ժողովրդավարության բաստիոնի» հիմնադիր, «ժողովրդի փրկիչ» վարչապետը դժվար թե դրա վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն տրամադրեր իր «սիրելի ժողովրդին»: 

Հուլիսի 18-ին Փաշինյան Նիկոլը հեռախոսազրույց է ունենում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ Նույն օրն էլ Փաշինյանն ընդունում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին: Այցելությունների տարօրինակ շքերթ էր. առաջին անգամ Հայաստան է գալիս ԱՄՆ ԿՀԳ ղեկավարը: Եվ դրանից 3 օր անց Երևան ժամանում արդեն ՌԴ ԱՀԾ տնօրենը: Վարչապետ Միշուստինի հետ հեռախոսազրույցը կարող ենք բաց թողնել՝ Ս. Նարիշկինը նրան չի ենթարկվում: Երբ բացահայտվեց, որ Ու. Բըրնսը ժամանել է Երևան՝ նույնիսկ լուր տարածվեց, թե այստեղ հանդիպում է ունեցել կամ պետք է հանդիպեր Ս. Նարիշկինի հետ: Բայց վերջինս 3 օր անց է ժամանել Երևան: Այնպես որ դժվար թե հանդիպած լինեին միմյանց: 

Առավել ընդունելի գաղափարը երկու երկրների կողմից Հայաստանի վարչապետին որպես միջնորդ նշանակելու  տարբերակն է: Ամերիկյան «լրտեսական» գլխավոր պաշտոնյան ինչ-որ տեղեկատվություն է հաղորդում Փաշինյան Նիկոլին, որն էլ այն փոխանցում է ռուսական «լրտեսական» գլխավոր պաշտոնյային: Հիշո՞ւմ եք դեռևս հեղափոխական Վանեցյանի (ԱԱԾ տնօրենի) կապավոր լինելու հանգամանքը Նիկոլի և Իլհամի միջև: Կարծում եմ, որ այդ գաղափարը խիստ դուր է եկել Փաշինյանի երկու հովանավորողներին: Եվ նրանք ևս «փոխանակվել» են այդ մակարդակի կապավորներով: Բայց այստեղ առկա է խնդիր. եթե Արթուր Վանեցյանն ընդամենը ծրար էր տանում-բերում, ապա նույնը դժվար թե անեին երկու գերտերությունների այցելուները: Եվ պետք է տեղեկատվությամբ կիսվեին Փաշինյան Նիկոլի հետ: Ավելի ճիշտ, ամերիկյան կողմն այն տրամադրում էր, իսկ ռուսականն՝ ընդունում: Բայց վախենամ, որ այդ դեպքում առաջանար «փչացած հեռախոսի» երևույթը՝ հաշվի առնելով, որ ընդունող-հաղորդող սարքի դերում հանդես է գալիս մեկը, որը երբեք չի փայլել իր ադեկվատությամբ: Եվ այդ պարագայում տեղեկատվության փոխանցում-ընդունում մեխանիզմը կունենար ոչ թե դրական, այլ բացասական դերակատարում:

Ենթադրելի է, որ տեղեկատվության բովանդակությունն էլ պետք է առնչվեր ռուս-ուկրաինական պատերազմին: Ռուսական բանակը դանդաղորեն, սակայն հասատակամորեն շարժվում է դեպի Ուկրաինայի խորքը: Դրան խոչընդոտել չկարողացավ նույնիսկ ամերիկյան գերժամանակակից հրթիռային զենքը (HIMARS): Ինչը, ենթադրաբար, Արևմուտքին ստիպում է ուղիներ փնտրել Ռուսաստանի հետ հակամարտությունը կասեցնելու ուղղությամբ: Ի դեպ, արդեն բացահայտվել է ուկրաինական զինուժի կողմից մեկ համալիր HIMARS ռուսներին վաճառելու դեպքը: Ինչևէ, եթե սխալված լինեմ, և նշված հանդիպումները միմյանց հետ առնչություն չունենան, ապա կարող ենք համարել, որ նույնիսկ 21-րդ դարում կարող են տեղի ունենալ նույն ուղղվածությունը կրող և իրար հետ կապ չունեցող երկու տարբեր իրադարձություններ: Բայց, այնուամենայնիվ, դրան խիստ դժվար կլինի հավատալը: