Հերթական խնդրահարույց փոփոխությունը տնտեսվարողների համար

Հերթական խնդրահարույց փոփոխությունը տնտեսվարողների համար

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որով ՀՀ կառավարությունն առաջարկում է հանել գնումների գործընթացում արտադատական կարգով բողոքարկման հնարավորությունը, այն է` վարչապետի կողմից նշանակված բողոքը քննող հանձնաժողովը չի գործի, միանգամից կօգտվեն դատական կարգով բողոքարկման հնարավորությունից: Իսկ դատարանում առանձնացվելու է 2 դատավոր, որոնք զբաղվելու են բողոքների քննությամբ։

Նախագիծը զեկուցում էր ֆինանսների փոխնախարար, էկոնոմիկայի նախարարությունից Տիգրան Խաչատրյանի հետ ֆիննախ տեղափոխված Ավագ Ավանեսյանը։ Նա որպես հիմնավորում էր բերում անկախության գործոնը, որ ի պաշտոնե վարչապետի կողմից ներկայացված 2 անձինք չեն կարող բավարար անկախ լինել տնտեսվարողների բողոքները քննելիս, մինչդեռ դատական համակարգն ավելի անկախ է։

Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի հրավերով նիստին ներկա էր նաեւ գնումների ոլորտի փորձագետ Հասմիկ Ենգոյանը, որը նաեւ Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ է, ընտրություններում էլ ընդգրկված էր «Հայաստան» դաշինքի ցուցակում։ Բայց նա բացառապես մասնագիտական տիրույթում եւ փորձագիտական մակարդակով սկսեց հիմնավորել, թե ինչ ռիսկեր է պարունակում այս օրենքի ընդունումը։ Օրինակ՝ մատնանշեց ֆինանսական բեռի ավելացման ռիսկը, որ միջանկյալ՝ արտադատական օղակում տնտեսվարողները կարողանում էին անգամ առանց փաստաբան վարձելու, ընդամենը 30 հազար դրամ պետտուրք վճարելով, բողոքարկել իրենց՝ սեւ ցուցակ ընկնելը կամ այլ դրվագներ, մինչդեռ հիմա պետք է փաստաբան վարձեն դատարան դիմելու համար, նաեւ գնման պայմանագրի 1 տոկոսի չափով պետտուրք վճարեն։

Տեսնելով, որ Ենգոյանը բացառապես մասնագիտական հարթության մեջ սխալ է հանում կառավարության բերած նախագիծը, որը պաշտպանում էին ՔՊ-ական պատգամավորները, նրանք որոշեցին ուղղակի հարձակվել Հասմիկ Ենգոյանի վրա եւ նրան «մեղադրել» քաղաքական անձ լինելու եւ իր բիզնես շահերն առաջ մղելու համար, քանի որ նա ղեկավարում է տնտեսվարողների շահերը գնումների գործընթացում պաշտպանող իրավաբանական ընկերություն։ Ենգոյանն ասաց, որ զուտ բիզնեսի տեսանկյունից իր համար տարբերություն չկա՝ տնտեսվարողներն իր ծառայություններից կօգտվեն իրենց իրավունքներն արտադատակա՞ն, թե՞ դատական կարգով պաշտպանելու հարցում, այստեղ խնդիրը պետության շահն է, որը տուժում է։

Ակնհայտ է, որ հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը նրան հրավիրել էր, որպեսզի իրենց՝ ընդդիմադիր պատգամավորների փոխարեն նա գրագետ հակադարձեր եւ ցույց տար նման նախագծի սխալները, բայց տպավորություն էր, որ ընդդիմադիրները չկարողացան պատշաճ կերպով պաշտպանել իրենց հրավիրած անձին եւ թույլ տվեցին, որ իշխանական պատգամավորները վիրավորեն փորձագետին։ ՔՊ-ականներն էլ, իրենց զգալով իրադրության տերը, ընդդիմության քվոտայով նախագահ ունեցող հանձնաժողովում Վահե Հակոբյանին ուղղակի թույլ չտվեցին, որ հնարավորություն տա Ենգոյանին՝ պաշտպանվելու եւ հակադարձելու իշխանական դեմագոգ մեղադրանքներին։ Հասմիկ Ենգոյանին մենք այդ հնարավորությունը տվեցինք՝ նիստից հետո, որպեսզի ասի այն, ինչը չի կարողացել ասել նիստի ժամանակ։

Նա նախ ասաց, որ սա էապես հարվածելու է տնտեսվարողներին, եւ գնումների գործընթացում պետությունն ինչ ուզենա, անելու է։

«Երբ այս նախագիծը մտել էր շրջանառության մեջ, բոլոր այն տնտեսվարողները, որոնց հետ ես գործնական հարաբերությունների առումով առնչվել եմ, առանձնահատուկ խնդրել են, որպեսզի բարձրաձայնեմ այս նախագծով վարչական մարմինը լուծարելու առումով անհնարինության եւ իրավական հետեւանքների մասին։ Ասեմ ավելին․ բազմաթիվ ընկերություններ ասել են՝ հենց էս օրենքն ընդունեցին, բիզնեսը փակելու են, գնան Հայաստանից։ Այսուհետ հնարավոր չի լինելու մասնակցել տենդերներին, որովհետեւ մցույթները դառնալու են անբողոքարկելի՝ պատվիրատուն, պետությունն ինչ ուզենա, կկարողանա անել»։

Ինչ վերաբերում է հարցին, թե նա քաղաքական անձ է, Ենգոյանն արձագանքեց․ «Կներեք, ես հանդես եմ եկել որպես ոլորտի սովորական փորձագետ, ընդ որում՝ ես ինձ համարում եմ ոլորտի լավագույն մասնագետներից, պատահական չէ, որ ես դոկտորական ատենախոսություն եմ գրում։ Իսկ նրան, թե ինչու ես չներկայացա, որ ես «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 69-րդ համարի թեկնածուն եմ եղել, կներեք՝ սա ո՛չ տեղն էր քաղաքական պատկանելությունը նշելու, ո՛չ էլ․․․ Եթե պիտի նշեի ամբողջ ինքնակենսագրությունս, կարող է մի 15 րոպե տեւեր, սկսած նրանից, որ ՄԱԿ-ի ազգային փորձագետ եմ, վերջացրած, որ արդարադատության մայոր եմ։ Էնպես որ, ներկայանալու, իմ ամբողջ կենսագրական տվյալները ներկայացնելու իմաստ բացարձակ չկար։ Եվ, վերջապես, ներկայացրել եմ զուտ մասնագիտական կարծիք, որի մասին նաեւ իմ գիտական հոդվածներում եմ խոսել»։

Անդրադառնալով բուն նախագծին եւ դրանում առկա ռիսկերին՝ Ենգոյանն ասաց, որ արտադատական կարգով բողոքարկման դեպքում նիստը հեռարձակվում էր առցանց ռեժիմով, եւ ամբողջ հանրությունը, այդ թվում՝ տնտեսվարողները, իրական ռեժիմով կարողանում էին վերահսկել ու հետեւել գնումների բողոքարկման գործընթացին։ Մինչդեռ դատական նիստերի դեպքում նման հնարավորություն չկա։

Երկրորդ խնդիրն էլ, ըստ Ենգոյանի, ֆինանսական բեռի ավելացումն է, որ նախկինում կարողանում էին 30 հազար դրամ պետտուրք վճարելով՝ դիմել բողոքարկման, մինչդեռ հիմա պետք է պայմանագրի 1 տոկոսը կամ ոչ ավելի, քան 10 մլն դրամ վճարել, որ դատական կարգով բողոքարկեն, նաեւ փաստաբան պետք է վարձեն, որը եւս ֆինանսական բեռ է նախատեսում։ «Մինչդեռ այսօր պետական տուրքը դատարանում կազմում է ընդամենը 4 հազար դրամ, եւ դրա համար մենք ունենք մոտավորապես 10-15 տոկոս դատական կարգով բողոքարկում, ինչը տեսականորեն քիչ թիվ չէ, եթե բողոքարկման արտադատական մարմին էլ ունես։ Հիմա դատարան դիմելու համար պետք է վճարես տենդերի 1 տոկոսը, օրինակ, եթե տենդերի արժեքը 100 մլն դրամ է, տնտեսվարողը պետք է որպես պետտուրք վճարի 1 մլն դրամ»,- ասաց Հասմիկ Ենգոյանը։
Խոսեցինք նաեւ նախագիծը զեկուցող ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանի հետ, որը ֆինանսների նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի որդին է։

Նա դարձյալ նշեց, որ այս նախագծով փորձելու են ապահովել բողոքը քննող մարմնի ամբողջական անկախությունը, քանի որ վարչապետի կողմից նշանակված՝ բողոքը քննող երկու անձինք, որոնք սնվում են ֆինանսների նախարարության բյուջեից եւ նստում են ֆիննախի շենքում, ըստ փոխնախարարի, չեն կարող բավարար անկախ լինել։ Դրա համար նշված երկու անձանց փոխարեն այսուհետ նման բողոքները կքննեն ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ։

Ինչո՞վ վստահ լինել, որ այդ դատավորներն էլ կախվածություն չեն ունենա ֆինանսների նախարարությունից կամ կառավարությունից եւ ստվերային կերպով չեն ենթարկվի գործադիրի կողմից ազդեցության։ «Մենք միշտ էլ կարող ենք խոսել, բայց դատարանն էն ամենաանկախ տեղն է, որտեղ կառավարությունը որեւէ ձեւով չի ազդում ու չի պատրաստվում ազդել։ Հիմա խնդիրը հետեւյալն է, որ եթե մենք ասում ենք՝ կարող է, ապա կարող է ամեն ինչ էլ տեղի ունենալ, բայց էն դեպքում էն ռիսկը, որը 100 միավոր համարենք, սարքում ենք 1 միավոր ու ասում ենք՝ էդ մեկ միավորն էլ չլինի»,- ասաց նա։ Ավանեսյանը նաեւ նշեց, որ տարեկան մոտավորապես 200 բողոք է լինում, որից մոտ 30 տոկոսը հետո գնում է դատարան։ Այդ պատճառով էլ երկու դատավոր է առանձնացվում դրա համար, այսինքն՝ 2 դատավոր կքննի 2 հարյուր գործ։