Մենք պետք է միմյանց տեսնենք. Մակրոնը և Էրդողանը երկուշաբթի կհանդիպեն

Մենք պետք է միմյանց տեսնենք. Մակրոնը և Էրդողանը երկուշաբթի կհանդիպեն

Մեծ յոթնյակի առաջնորդների հանդիպման նախօրեին, որին հաջորդելու է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գագաթնաժողովը, Էմմանուել Մակրոնը երեկ ասուլիս է տվել ու նաև խոսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հնարավոր հանդիպման մասին։ 

Ֆրանսիական պետության ղեկավարը հայտարարել է, որ երկկողմ հանդիպում է տեղի ունենալու իր թուրք գործընկերոջ հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից անմիջապես առաջ, որը պետք է մեկնարկի երկուշաբթի Բրյուսելում:

«Մենք երկուսս էլ ցանկացել ենք դա [հանդիպումը]: Կարծում եմ՝ դա լավ բան է, մենք պետք է միմյանց տեսնենք և [մտքերով] փոխանակվենք», - Մակրոնի խոսքերն է մեջբերել ֆրանսիական «Լը Մոնդ» պարբերականը: «Մենք երբեմն ունեցել ենք հակասություններ, և մենք ընդունում ենք դրանք, բայց անկախ տարաձայնություններից, մենք միշտ պետք է խոսենք», - ասել է Ֆրանսիայի առաջնորդը։

«Երկու երկրների հարաբերությունները կտրուկ վատթարացել են նաև Սիրիայի, Լիբիայի և վերջերս Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության շուրջ տարաձայնությունների պատճառով», - նշել է «Լը Մոնդը»։

2020 թվականի հոկտեմբերի 24-ին, երբ դեռ Լեռնային Ղարաբաղում ընթանում էր հայ-ադրբեջանական զինված հակամարտությունը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոխորտացել էր Ֆրանսիայի ու Եվրոպայի վրա՝ մեղադրելով «իսլամաֆոբիայի աճի» մեջ։

«Մակրոն կոչված այս անձը ի՞նչ խնդիր ունի մահմեդականների և իսլամի հետ: Մակրոնը մտավոր մակարդակի վրա բուժման կարիք ունի», - ասել էր Էրդողանն իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության կենտրոնական Կայսերի քաղաքում տեղի ունեցած համագումարին:
 
Ֆրանսիայի նախագահը բարձր մակարդակի արարողություն էր նվիրել ի հիշատակ Սամուել Փատիի։ Ի հիշատակ Ֆրանսիայի միջնակարգ դպրոցի ուսուցչի, որը սպանվել էր 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Փարիզի արվարձան Կոնֆլան-Սանտ-Օնորին քաղաքում: 18-ամյա ծագումով չեչեն իսլամիստը գլխատել էր Պետիին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները ցույց տալու համար։ Մի քանի րոպե անց Աբդուլլախ Աբույեդովիչ Անզորովը ոստիկանության կողմից գնդակահարվել էր։

Հանցագործությունից հետո իշխանությունները գրոհել էին մի շարք հաստատություններ՝ ձերբակալելով առնվազն 15 մարդու:

2020-ի նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանեն հայտարեց Ֆրանսիայում թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժման (Թուրքիային իշխող ԱԶԿ կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության ոչ քաղաքական թևը) լուծարման ու գործունեության արգելքի մասին։

««Գորշ գայլեր» շարժումը լուծարվեց Նախարարների խորհրդում՝ համաձայն Հանրապետության նախագահի ցուցումների:

Ինչպես մանրամասնեցված է հրամանագրում, որը ես ներկայացրել եմ, այն [շարժումը] խթանում է խտրականություն և ատելություն ու ներգրավված է բռնի գործողությունների մեջ», - թվիթերյան իր էջում գրել էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը:

Նոյեմբերի 1-ին Ֆրանսիայի Դեսին քաղաքի Հայկական մշակույթի տունը հայտնել էր, որ պղծվել է Հայոց ցեղասպանության հիշողության կենտրոնն ու հուշահամալիրը։ Դրանք վրա թուրք ազգայնականները դեղին տառերով գրել էին «RTE» (ՌԹԷ / Ռեջեփ Թայիփ Էրդողան) և «LOUP GRIS» (ԳՈՐՇ ԳԱՅԼ) գրառումները։ Հոկտեմբերի 29-ին Լիոնի շրջանի հայկական համայնքը թիրախավորվել էր Էրդողանի` Ֆրանսիայի տարածքում գտնվող թուրք աջակիցների կողմից: Մոտ 200 հոգուց կազմված խումբը ներխուժել էր Դեսին, Վիեն, իսկ հաջորդ օրը Դիժոն` գոռալով ու փնտրելով հայերին. «Ո՞ւր են հայերը, Ալլահ աքբար»:

Նոյեմբերի 1-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ (Ֆրանսիա) Մուրադ Փափազյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում, անդրադառնալով թուրք ծայրահեղականների գործողություններին, ասել էր, որ կապի մեջ են Ֆրանսիայի կառավարության, Ներքին գործերի նախարարության հետ, որպեսզի «արագորեն, մի քանի օրվա ընթացքում, այս շաբաթ որոշեն ցրել, լուծարել և արգելել «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը»։ Նա նշել էր, որ Ֆրանսիայում առկա այս մթնոլորտն ուղղակիորեն Էրդողանի աշխատանքի արդյունքն է։