«Մեզ կասեն դավաճան, հողատու, հանցագործ»

«Մեզ կասեն դավաճան, հողատու, հանցագործ»

Մարդկությունն անընդհատ պատերազմների մեջ է իր ծագման պահից: Մարդիկ պատերազմում են, որպեսզի հարստությունների տիրանան ու լրացուցիչ տարածքներ գրավեն: Եվ կամ որպեսզի պաշտպանեն իրենց հարազատներին ու տարածքները: Բայց միաժամանակ մարդիկ ձգտում են խաղաղության: Չհաշված, բնականաբար, առանձին խմբերին կամ անձանց: Կարեղ ենք ասել, որ դա պատերազմի ու խաղաղության հակադրամիասնությունն է՝ եթե հետևենք գերմանական փիլիսոփայության ավանդույթներին: Դժբախտաբար, այդպիսին է մարդկային բնույթն, ու ոչ մի քաղաքակրթություն դեռևս չի կարողացել վերափոխել այն: Պատմաբաններն, ի դեպ, հաշվարկել են ավելի քան մեկ տասնյակ քաղաքակրթություններ գրավոր արձանագրված ժամանակներից այս կողմ:

Բայց առկա է նաև մեկ այլ խնդիր. նրանք, ովքեր խաղաղության են ձգտում, ևս ստիպված են պատերազմել, որպեսզի պաշտպանեն այդ խաղաղությունը: Իզուր չեն հին հռոմեացիները, իսկ նրանցից առաջ էլ հին հույները ձևակերպել այս գաղափարը՝ խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմին: Դեռևս Ք. Ա. 4-րդ դարի թեբացի զորավար Էպամինոնդասն (զոհվել է 362 թվականին) է անհայտ իր ընդդիմախոսին հակաճառել՝ ասելով, որ վերջինս «խաբում է համաերկրացիներին՝ նրանց տրամադրելով ընդդեմ պատերազմի, խաղաղության անվան տակ ստրկություն պատրաստելով նրանց համար։ Խաղաղությունը ծնվում է պատերազմից, և, հետևաբար, նրանք, ովքեր ցանկանում են վայելել երկար խաղաղություն, պետք է կոփվեն մարտում»: Մարդկային պատմության շուրջ երկուսուկես հազար տարվա ընթացքում էլ բազմիցս ապացուցվել է անտիկ շրջանի հույն զորավարի խոսքերի ճշմարտացի լինելը: 

Այնինչ, 21-րդ դարում, Հայաստանում հայտնվում է մեկը՝ երբեմնի «դուխով ու փրկիչ», ու փորձում է իր ղեկավարած երկրի ժողովրդին դարձնել խաղաղություն մուրացողներ: Ասելով, որ իրենք լսել են խաղաղության ձգտման ուղերձը, սակայն չեն համարձակվել քայլեր անել այդ առումով: Որովհետև դրանք «լինելու էին ահավոր տհաճ և ծանր»: Եվ այժմ խոստովանում է, որ եթե այդ ամենն անեին ու ասեին՝ իրենց կասեին «հանցագործ, դավաճան, հողատու»։ Ու չնայած այդ ամենը չեն արել, բայց միևնույն է, իրենց հենց այդպես էլ բնութագրել են։ Նույն այդ անձը ժամանակին խոսում էր հայոց բանակի առումով հպարտությունից, սակայն սեփական սխալ քաղաքականության հետևանքով ստիպված է խաղաղություն մուրալ թշնամուց:

Բազմիցս եմ ասել, որ այդ անձը կյանքի էր կոչում տեր-պետրոսյանական «հողերը տանք, որ սերգոջաները լավ ապրեն» մտայնությունը: Բայց, ի պատիվ առաջին նախագահի, վերջինս ցանկանում էր հողերը հանձնել հաղթողի դիրքերից: Չնայած հարց է, թե կբավարարեր, արդյոք, դա ալիևյան ախորժակը, թե ոչ: Համենայն դեպս, պատմությունից է հայտնի, որ խաղաղության դիմաց արժանապատվությամբ վճարելով՝ մարդիկ ձեռք են բերում ոչ թե խաղաղություն, այլ անարգանք և միաժամանակ պատերազմ (Ուինսթոն Չերչիլ): Իսկ երբեմնի «դուխով ու փրկիչ» մեկն էն գլխից որոշել էր հողերը հանձնել բազմահազար զոհերի առկայությունից ծագելիք հոգեբանական շոկի միջոցով: Դրա վկայությունը ժամանակին արձանագրվել է լրագրող Հոխիկյանի ու բլոգեր Լապշինի խոսակցությամբ ու նամակագրությամբ: Ինչը, բնականաբար, հերքվել է «ժողովրդավարական» Հայաստանի դատական ակտով: 

Բազմիցս եմ ասել նաև, որ այն, ինչ ընդունելի է նիկոլական Հայաստանի առումով, չգիտես ինչու, ընդունելի չէ Ուկրաինայի դեպքում: Եվ ոչ միայն այդ երկիրը չի ընդունում պարտվողական խաղաղությունը, այլ ողջ Արևմուտքը: Որոնք շարունակում են գումարով ու սպառազինությամբ օգնել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում: Չգիտես, Արևմուտքի աչքում ուկրաինակա՞ն արյունն է հայկականից ավելի կարմիր, թե՞ պարտվողական խաղաղությանը համակերպվելու՝ մեր մտայնությունը: Եվ թե՞ համատարած ռուսատյացությունը և հեգեմոն դիրքերը պահպանելու՝ Միացյալ Նահանգների ձգտումը: Կարծում եմ, որ բոլորը միասին, սակայն այդ ամենը միավորչում է Նիկոլի ֆենոմենը: Որը որոշել էր պատերազմ հրահրել, խայտառակ պարտություն կրել, թշնամուն զիջել Արցախն ու միաժամանակ դրա ընթացքում դիրքային մարտի մասնակիցներին շքանշաններ էր բաժանում ու հերոսի կոչում շնորհում: 

Իսկ այժմ էլ փորձում է սեփական պարտվողականությունը փաթեթավորել լեգիտիմության շղարշով՝ «մոռանալով», որ դիմացինը թքած ունի իր լեգիտիմության վրա: Որ թշնամու համար լեգիտիմությունը հիմնված է ոչ թե խոսքերի, այլ ռազմական հզորության վրա: Այն, ինչ դեռևս երկուսուկես հազար տարի առաջ ուսուցանել են հին հույները: Սակայն երբեմնի «դուխով ու փրկիչ» մեկը, դժբախտաբար, չի սովորել թե՛ այդ և թե՛ բազմաթիվ այլ դասեր: