Հացն ունի իր գինը եւ այդ գինը հենց հացն է 

Հացն ունի իր գինը եւ այդ գինը հենց հացն է 

Երբ հասարակության նիկոլամերձ և նիկոլապաշտ հատվածը սովորական խանութից սովորական մատնաքաշ հաց է գնում, ապա դրա դիմաց վճարում է համապատասխան գին: Եվ, ասենք, 1 հատի համար այդ գինը ոչ թե 150 կամ 200 դրամ է՝ ինչպես այլ քաղաքացիների դեպքում, այլ հենց ինքն իր գինն է: Այսինքն՝ հացն ունի իր գինը և այդ գինը հենց հացն է: Այսպես կարելի է հասկանալ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հերթական մտավարժանքը՝ եթե այն փոխադրենք վերը նշված հատվածի համար ընկալելի լեզվի: Խնդրեմ. «Շատ է քննարկվում այն, որ այո, մեզ պետք է խաղաղություն՝ բայց ոչ ցանկացած գնով, բայց ոչ ամեն գնով: Ընդհանրապես՝ որևէ բան պետք չէ որևէ մեկին ամեն գնով կամ ցանկացած գնով, որովհետև ամեն ինչ ունի իր գինը, և խաղաղության կարելի է հասնել ոչ թե ամեն ինչի գնով, ոչ թե ամեն գնով, այլ հենց խաղաղության գնով»: Բայց եթե, այնուամենայնիվ, այդ հատվածի համար ընկալելի չեղավ, թե ինչ է նշանակում «հաց որպես հացի գին» արտահայտությունը, ապա խորհուրդ եմ տալիս շարունակել ընթերցանությունը:  

Եվ այսպես, ոչ հարգելի նիկոլասերներ, այսուհետ խանութում հաց գնելից կվճարեք ոչ թե գումար, այլ հենց հաց: Եվ եթե խանութպանը ձեզ գժի տեղ դնի և վռնդի խանութից, ապա դուք նրան ասեք, որ ձեր հարազատ ղեկավարը հենց այդպիսի տրամաբանությամբ է բնութագրում այս պահին մեր պետության համար խիստ անհրաժեշտ խաղաղությունը: Հուսով եմ, որ այդ դեպքում ձեզ ոչ միայն չեն վռնդի կամ նույնիսկ բժիշկ ու ոստիկան չեն կանչի, որպեսզի ձեզ տեղափոխեն համապատասխան հաստատություն: Իսկ եթե, այնուամենայնիվ, խանութպանը դուրս գա համառ մեկը, ապա զանգահարեք ՀՀ վարչապետի աշխատակազմ և բողոքեք նրանից: Բողոքում ներկայացրեք, որ վերջինս չի գիտակցում հայաստանյան «փրկչի» մտքի հերթական հանճարեղ փայլատակումը: Եվ արժանի է, որպեսզի անկախ դատավորի վճռով ենթարկվի երկամսյա կալանավորման:

Կարծում եմ, որ այդպես ավելի արդար կլինի, քանի որ ազատությունից պետք է զրկվեն ոչ միայն ակտիվ ընդդիմադիրները, այլև ժողովրդի «փրկչի» խորիմաստ ասույթները չգիտակցող անձինք: Այդ դեպքում շատ արագ մեր հայրենիքում ժողովրդավարության հաստատմանը կհետևեն հավասարությունն ու արդարությունը: Ու եթե այդ խանութպանն առողջական խնդիրներ ունենա ու, ենթադրենք, հանկարծամահ լինի դատարանի դահլիճում, ապա դա իր խնդիրն է: Այսինքն՝ դա խիստ անձնական հարց է, և որևէ ձևով չի առնչվի ձեզ հետ: Կամ, ասենք, նրան կալանքի սակցիա տված դատավորի: Կարևորն այն է, որ մեկ բողոքավոր և կամ մեկ անհասկացող անձ կպակասի և ժամանակի ընթացքում կվերանան բոլոր նրանք, ովքեր կաղճատեն համընդհանուր երջանկության պատկերը՝ հաստատված ժողովրդի «փրկչի» համառ ջանքերով: Ժամանակին «ժողովուրդների հայր» Իոսիֆ Ստալինին վերագրված «Չկա մարդ, չկա խնդիր» ձևակերպումն, իմ համեստ կարծիքով, ավելի քան ադեկվատ բնութագրում է այսօրվա իրականությունը: Ինչ մնում է «ժողովրդավարության էլիտար ակումբի անդամ» այլ պետությունների ղեկավարներին, ապա նրանք աջակցել և շարունակում են աջակցել Նիկոլի գործունեությունը, քանի դեռ այն համապատասխանում է իրենք աշխարհաքաղաքաքական շահերին մեր տարածաշրջանում: