Սպասում ենք բժշկափորձագիտական հանձնաժողովի ձևավորմանը. Էրիկ Ալեքսանյան

Սպասում ենք բժշկափորձագիտական հանձնաժողովի ձևավորմանը. Էրիկ Ալեքսանյան

Դատախազ Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խոսքով նախորդ դատական նիստի ժամանակ, որը տեղի էր ունեցել հուլիսի 7-ին,  իրենք միջնորդել էին, որպեսզի Հովսեփյանի նկատմամբ նշանակվի դատաբժշկական փորձաքննություն, որովհետև վերջինիս մոտ ախտորոշված է շաքարային դիաբետի ծանր ձևը, որն իր հերթին զուգորդված է պոլինևրոպատիայով:

«Դա կոնկրետ այլ տեսակի ծանր հիվանդություն է, որը համապատասխանում է Կառավարության 825-N որոշմանը, որտեղ նախատեսված են այն հիվանդությունները, որոնք անհամատեղելի են կալանքի հետ: Այսինքն, մենք ունենք մի իրավիճակ, որ պարոն Հովսեփյանի մոտ ախտորոշված հիվանդությունը համատեղելի չի կալանքի հետ և նա կալանքի տակ գտնվել չի կարող:Ավելին ասեմ, ես՝ որպես նախադեպ բերեցի պարոն Չարչյանի գործը, որովհետև, եթե հիշում եք, պարոն Չարչյանը ազատվել էր կալանքից ինչպես անձեռնմխելության հանգամանքով՝  Սահմանադրական դատարանի որոշումից հետո, այնպես էլ իր մոտ նույնպես փորձաքննությամբ հաստատվել էր, որ ախտորոշված  հիվանդությունը անհամատեղելի են կալանքի հետ: Ինչու եմ ասում, որ դա բերեցինք որպես նախադեպ, որովհետև պարոն Չարչյանի հիվանդությունը լրիվ նույնատիպ էր, ինչը որ պարոն Հովսեփյանի մոտ: Այսինքն պարոն Չարչյանը, նույն այս հիվանդության ախտորոշումը հայտնաբերելուց հետո ազատ էր արձակվել:Ներկա պահին փորձաքննությունը նշանակվել է,որոշումը տրամադրվել է դատարանի կողմից ինչպես մեզ, այնպես էլ արդեն ուղարկվել է Դատաբժշկական գիտագործնական կենտրոն ՊՈԱԿ, որտեղ որ արդեն պետք է ձևավորվի բժշկական հանձնաժողովը: Այդ հանձնաժողովի ձևավորումից հետո բժիշկներ պետք է գան դատարան, հրավիրվի դատական նիստ և պետք է լուծվի նրանց փորձագետ ճանաչելու հարցը: Փորձագետ ճանաչվելու հարցը լուծվելուց հետո,եթե բոլորը ճանաչվեցին փորձագետ, ապա նրանք անցնելու են իրենց պարտականությունների կատարմանը:Մեզ մնում է սպասել, թե երբ փորձաքննությունը կկատարվի, պարոն Հովսեփյանը նորից հետազոտություններ կանցնի և այդ նոր հետազոտությունների և նախկինում արդեն ունեցած էպիկրիզների շրջանակներում փորձագետները կորոշեն , թե հիվանդությունը համատեղելի է կալավավորման հետ, թե՝ ոչ»,-ասաց Ալեքսանյանը: 

Փաստաբանի խոսքով՝ իրենք հետևողական են լինելու, որ այդ հարցը հնարավորինս արագ լուծվի,քանի որ ունեն օբյեկտիվ իրականությունում կոնկրետ փաստ, որ այդ հիվանդությունը համատեղելի չի կալանքի հետ և նախադեպն արդեն առկա է՝ Չարչյանի մասով: Փաստաբանը հիշեցրեց նաև, որ ինքը ուրբաթ օրը համապատասխան դիմում է ուղարկել ՊՈԱԿ-ին, որով խնդրել է հայտնեն, թե մինչ այս պահը ինչ են արել՝ հանձնաժողով ձևավորելու ուղղությամբ:

«Եթե եզրակացությունը դրական գա, այսինքն հաստատվի պարոն Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունը կալանքի հետ անհամատեղելի լինելու առումով,ապա արդեն օրենքով պարոն Հովսեփյանը կալանքի տակ գտնվել մեկ րոպե նույնիսկ չի կարող»,- ասաց Ալեքսանյանը:

Նշենք, որ պաշտպանական կողմը հայտարարություն էր տարածել, որ 30.05.2022 թվականին Աղվան Հովսեփյանը տեղափոխվել  է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկա հետազոտման և վիրահատական բուժման նպատակով։ Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։Դրանից հետո պաշտպանական կողմը դիմում էր ներկայացրել կլինիկայի տնօրենին՝ խնդրելով, որ իրենց տրամադրվի Աղվան Հովսեփյանի բժշկական ախտորոշումները և ընթացիկ էպիկրիզները։

Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին։ Փաստաբանը արձանագրել էր, որ առկա են բոլոր նախադրյալները՝ խափանման միջոցի փոփոխման համար։ Նա հրապարակել է բժշկական փաստաթղթեր՝ ներկայացնելով Հովսեփյանի մոտ առկա մի շարք  հիվանդություններ; 

Հիշեցնենք, որ հուլսի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հրատապ արտահերթ դատական նիստ էր նշանակվել՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը քննարկելու համար։
 ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվել էր։