Ծիծաղելի, ավելի շուտ՝ ցավալի է

Ծիծաղելի, ավելի շուտ՝ ցավալի է

Շունը պոչը պտտի՝ իրավաբանի կդիպչի Հայաստանում: Մի նայեք իրավապահ համակարգում զբաղվածների թվաքանակին. դատախազներ, դատավորներ, քննիչներ, փաստաբաններ… Դե, իսկ իրավապահ համակարգի հաստատությունների, փաստաբանական գրասենյակների, իրավաբանական խորհրդատվական ընկերությունների թվի ու բազմազանության մասին ավելորդ է խոսել. տնտեսավարող սուբյեկտներից շատ են: 

Մի խոսքով, ՀՀ քաղաքացի՝ նշանակում է իրավաբան, իրավապահ համակարգի աշխատակից: Հնարավոր է, որ տակը մի 10-15% մնա: Այստեղ հաշվի չառնենք օտարերկրյա գործակալներին, որոնք, գուցե, ավելի շատ լինեն, քան երկրի բնակչության թիվն է: Նրանք էլ, հաստատ, իրավաբաններ կլինեն: Ոչ մի մասնագիտական հարց կամ ոչ մի անձնական բան:
Ինչի՞ համար է այս նախաբանը: «Սև նոյեմբերի 9»-ին «Հայաստանի իրական օրակարգը» քննարկման ժամանակ հնչեցին հետաքրքիր ելույթներ, կարծիքներ: Թեև իմ մի երկու հրապարակման մեջ նշել եմ ԽՍՀՄ 1990 թվականի հայտնի օրենքի մասին, որը կարգավորում էր ԽՍՀՄ կազմից ոչ միայն միութենական հանրապետությունների, այլ ինքնավար կազմավորումների, ավելին՝ կոմպակտ բնակվող ազգությունների (օրինակ՝ Ջավախքի) դուրս գալը:
Երեք տասնամյակ խոսակցությունները, բանակցությունները տեղի են ունեցել, որպես ելակետ համարելով ազգերի ինքնորոշման իրավունքը: Այո, վեհ, վսեմ իրավունք է դա: 

Բայց ծիծաղելին, ավելի շուտ, ցավալին այն է, որ Հայաստանի իրավաբանական միտքը չի կարողացել ընկալել 1990 թվականի օրենքի իմաստը, ուժը: Նշված քննարկման ժամանակ միայն փաստաբան Արամ Օրբելյանը հստակ ներկայացրեց, որ 30 տարի սխալ ճանապարհով ենք ընթացել և մեկնակետը, «Հայաստանի իրական օրակարգը» պետք է լինի նշված օրենքը: Դժվար է ասել, թե պարադիգման կփոխվի՞ արդյոք: Համենայնդեպս՝ ընդդիմախոսները պետք է մի բան հասկանան, որ մյուս ճանապարհները հանգեցրել են այս իրավիճակին և հեռու չէ այն օրը, ինչպես հնչեցին կարծիքներ, որ ՀՀ-ն կճանաչվի ագրեսոր՝ դրանից բխող հետևանքներով: Ըստ էության, նախքան միջազգային որևէ փաստաթղթի հայտնվելը, թշնամու ներկայիս գործողությունները և մեր կողմից համարժեք չարձագանքելը դրանց, կարծես, հուշում են, որ «ըստ բանավոր պայմանավորվածության», մենք մեզ ճանաչել ենք ագրեսոր:

Անշուշտ, մոսկվաներում, վաշինգտոններում, բրյուսելներում ավելի տեղեկացված են եղել հիմնախնդրի ինչպես իրավական, այնպես էլ պատմական ասպեկտներին: Սակայն, նրանք ընդամենը լսողի դերում են հանդես եկել՝ առանց ավելորդ նախաձեռնողականության. «Ուզում եք որ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվի՞: Եկեք տեսնենք, թե դա ինչպես է լինելու, ի՞նչ հակասության մեջ է տարածքային ամբողջականության և այլ բաների հետ»: Այդպիսով՝ մեզ տարան «նեղ, մութ ու քարքարոտ կածաններով»՝ դեպի անորոշություննների ավելի մեծ դաշտ:

Ինչևէ, նշված օրենքի հեղինակները գուցեև ողջ լինեն: Անտարակույս, Գորբաչովն Արևմուտքից հրահանգներ էր ստանում, թե ինչպես կազմաքանդի ԽՍՀՄ-ը: Դրա համար նրան խորհրդատուներ էլ հատկացրած կլինեին: Բայց դա չէ էականը: Կարելի է պնդել, որ մեծ հավանականությամբ՝ նշված օրենքի վրա աշխատել են նաև արտասահմանյան փորձագետներ: Պետք է նրանց գտնել: Եթե չգտնվեն, այս էլ երրորդ անգամ առաջարկում եմ դիմել միջազգային դատարան այդ օրենքի սահմանադրականության հարցով:

Գագիկ Վարդանյան