Ի՞նչ ճակատագրի են արժանանալու մարզերում գործող բուհերը

Ի՞նչ ճակատագրի են արժանանալու մարզերում գործող բուհերը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն օրեր առաջ աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» նախագծի ընթացքին, կրթաթոշակային նոր քաղաքականությանը եւ ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Նախարարը մասնավորապես նշել է, որ բուհերն այս ընթացքում հանդես են գալիս կոնկրետ առաջարկներով եւ ակտիվորեն մասնակցում են աշխատանքային խմբերի քննարկումներին: Զուգահեռաբար, ընթանում են ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման աշխատանքները:
ԿԳՄՍ նախարարությունն առանձին ուղղություններով հայեցակարգային 36 առաջարկ է ստացել բարձրագույն ուսումնական հաստատություններից, որոնց ղեկավարները հանդիպման ընթացքում ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները:

Բուհերի ռեկտորների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ բուհերի խոշորացման գործընթացին, ԿԳՄՍ նախարարը նշել է, որ յուրաքանչյուր բուհի հետ կունենան առանձին քննարկում՝ ներկայացնելով նախագիծը։ «Սա բարդ եւ երկարատեւ գործընթաց է, որը չի կարող արդյունավետ իրականացվել՝ առանց բուհերի հետ համագործակցված աշխատանքի: Կարեւորում ենք բուհական հանրույթի հետ արդյունավետ համագործակցությունը եւ կարծում ենք՝ երկխոսությունը պետք է հանգեցնի այնպիսի մի իրավիճակի, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը հանրային ընկալումներում դիտարկվի ոչ միայն կառավարության կամ նախարարության, այլեւ առաջին հերթին բուհերի ծրագիր: Ծրագրի իրական պտուղները տեսանելի են դառնալու ապագայում. դրա իրական շահառուներն այսօր դեռ դպրոցում սովորող աշակերտներն են, որոնց համար մենք ցանկանում ենք ապահովել որակյալ եւ մրցունակ բարձրագույն կրթության հնարավորություն»,- մասնավորապես նշել է Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպմանը ներկա գտնված Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանից հետաքրքրվեցինք՝ մարզային բուհերը ե՞ւս խոշորացվելու են, նախարարն ի՞նչ է ասել այս կապակցությամբ։ «Այդ հարցը մենք քննարկել ենք, այս պահին այն քննարկման փուլում է, ուրիշ ոչինչ չեմ կարող ավելացնել։ Տարբեր առաջարկներ, վարկածներ, մոտեցումներ կան, որոնք քննարկման փուլում են, երբ որոշակիություն լինի, ձեզ հստակ կպատասխանեմ»։

Բայցեւայնպես, օրակարգում կա՞ նման հարց, դիտարկվո՞ւմ է նաեւ մարզային բուհերի օպտիմալացման, խոշորացման հարցը։ «Դեռ քննարկում ենք՝ այդ հարցերին լուծումներ տալու համար, այս պահին կա միայն քննարկում, առաջարկություններ, կարծիքներ»։ Եթե առաջ քաշվի նաեւ մարզային բուհերի միավորման հարցը, ո՞րն է լինելու իր դիրքորոշումը։ «Ես սկզբունքորեն խոշորացման գաղափարին կողմ եմ, եւ իսկապես դա անհրաժեշտություն է այսօր, մնում է հասկանալ տեխնիկական խնդիրները, մեխանիզմները, մեթոդները, թե ոնց եւ ինչպես։ Այդ հարցերն ենք փորձում քննարկել եւ հասկանալ»։

Չնայած գիտնականներից շատերի կարծիքով բուհական եւ ակադեմիական համակարգի ինստիտուտների միավորումը ոչ թե կբարելավի, այլ կխարխլի մեր գիտության եւ կրթության հիմքերը, Երվանդ Սերոբյանը, սակայն, մտավախություն չունի այս հարցում․ «Ես նման մտահոգություններ չեմ տեսել, որ բուհական կրթությունը հետ կընկնի, ինքը վատ գաղափար չէ, մեխանիզմների կիրառման խնդիրների հարց է, թե ինչպես կիրառել եւ ինչպես այդ գաղափարն իրականացնել։ Միշտ կարելի է գտնել մեխանիզմներ, որոնք, ճիշտ հակառակը՝ ամեն ինչ ուժեղացնելու են»։
Շիրակի համալսարանի ռեկտորն ասում է՝ քննարկման ընթացքում նախարարը հստակ հայտարարել է, որ քննարկումներն ընթանալու են մեկ տարի, եւ դրա արդյունքում գալու են կոնկրետ եզրահանգումների․ «Գուցե մի քիչ ավել, մի քիչ պակաս տեւի, բայց այս ընթացքում քննարկումներ, հանդիպումներ են լինելու, այդ խմբերն էլ հենց դրա համար են կազմվել»։

Թե ինչ հաճախականությամբ են լինելու այդ քննարկումները, ասում է՝ պայմանավորվածություն չկա, ըստ անհրաժեշտության։ «Ձեզ ասեմ, որ ռեկտորների խորհրդում էլ ենք այդ հարցերը մենք քննարկում, եւ երբ անհրաժեշտություն է լինում հանդիպել նախարարի կամ կոմիտեի նախագահի հետ, այդ հանդիպումները կազմակերպում ենք շատ օպերատիվ,- նշում է ռեկտորն ու անդրադառնալով այն հարցին, որ ամեն բուհում ԿԳՄՍՆ-ն առանձին քննարկում է նախատեսել, հավելում է։- Առաջիկայում կորոշենք եւ մեր ժամկետները կասենք՝ հարմարեցնելով նախարարի գրաֆիկի հետ»։

Ինչ վերաբերում է ակադեմիական քաղաք կառուցելու ժամկետներին, ինչքանո՞վ է այն իրատեսական համարում։ Ե․ Սերոբյանը դժվարանում է ասել, քանի որ «նման գնահատական կարող է տալ միայն ամբողջ ինֆորմացիային տիրապետող մարդը, իսկ մենք ամբողջ ինֆորմացիային ոնց որ թե չենք տիրապետում։ Գուցե ճիշտ է, գուցե ճիշտ չէ նման գնահատական տալը, ամեն դեպքում, ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում»։

Կրթական համակարգում ապակենտրոնացման սկզբունքն ավելի ճիշտ չէ՞, քան թե մի տարածքում ողջ կրթական համակարգը կենտրոնացնելը, այդ թվում՝ մարզային բուհերը։ «Ես կողմ եմ, որ ակադեմիական քաղաքում ստեղծվող կլաստերներն իրենց կամպուսներն ունենան նաեւ մարզերում։ Ի դեպ, սա մի տարբերակ է, որը եւս քննարկում ենք»,- հավելեց Շիրակի համալսարանի ռեկտորը։