Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ ռուս ցուցարարներին ՔՊ-ն էր ուղարկել ՌԴ դեսպանատուն․ Չախալյան

Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ ռուս ցուցարարներին ՔՊ-ն էր ուղարկել ՌԴ դեսպանատուն․ Չախալյան

Շաբաթ օրը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց ոստիկանները բերման են ենթարկել «Կամք» հասարակական նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանին: «Կամքի» անդամները, տեսնելով Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնող ազգությամբ ռուս ցուցարարներին, ձվեր են նետել նրանց ուղղությամբ, վերջիններիս անվանել ռուս դասալիքներ եւ խանգարել ակցիային: 

Ծնունդով ախալքալաքցի Վահագն Չախալյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտարարեց, որ ազգությամբ որևէ ռուս իրավասու չէ Հայաստանում հայ-ռուսական հարաբերությունները սրել և իր բնութագրմամբ` պղտոր ջրում ձուկ որսալ: Թե ինչու են ռուս ցուցարարները, որոնք ընդվզում են պուտինյան ռեժիմի դեմ, վրդովվեցրել նրան, այս և այլ հարցերի մասին զրուցել ենք Վահագն Չախալյանի հետ:

- Պարոն Չախալյան, ի՞նչ տեղի ունեցավ շաբաթ օրը: Ինչո՞ւ որոշեցիք մարդկանց արգելել խաղաղ ակցիա իրականացնել:

- Հարցադրումն այնքան էլ տեղին չէ: Ես չեմ արգելել, պարզապես առաջարկել եմ պղտոր ջրում ձուկ չորսալ, առանց այդ էլ մեզ մոտ հայ-ռուսական հարաբերությունները փչացնողների պակաս չկա: Այդ ռուսները հավելյալ փորձում են հիմա էլ սրել իրավիճակը: Ասում են՝ Ռուսաստանի քաղաքացիներ են, իրենց քաղաքացիական պարտքն են կատարում, սակայն հավելյալ ջուր են պղտորում, մեզ համար առանց այդ էլ անցանկալի իրավիճակ է: Տեղից էլ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ լարված են:

- Բայց ռուսների խաղաղ ակցիան ինչո՞վ պետք է լարի հայ-ռուսական հարաբերությունները: Եվ հետո խաղաղ ակցիա իրականացնող մարդկանց վրա ձվեր նետելը, կարծես, այնքան էլ նման չէ ինչ-որ բան հորդորել-առաջարկելուն, ինչպես դուք եք նշում:

- Ոստիկանների, իշխանությունների պահվածքը բավականին սուբյեկտիվ են: Մենք մեկ տարի առաջ մի պաստառ էինք սարքել Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարով, դրա համար ինձ ձերբակալեցին, տարան բաժին, դրանից հետո էլ քրեական գործ հարուցեցին իմ դեմ, ճիշտ է, հետո այդ գործը կարճվեց, բայց ամեն դեպքում գործը հարուցվեց, իսկ մենք շաբաթ օրը տեսանք պաստառներ, տասնյակ պաստառներ, ամենավերջին վիրավորական կարգախոսներով.... թող գնան իրենց երկրում այդպես անեն:

- Ի՞նչ եք առաջարկում` ռուսների դեմ գործ հարուցեի՞ն` Պուտինի դեմ ակցիա իրականացնելու համար:

- Մեր հարաբերությունները լարված են ՌԴ-ի հետ` իշխանական մակարդակով: Մեզ զրկում են բոլոր հնարավոր դաշնակիցներից, այդ թվում ռուս դաշնակիցներից, Իրանից: Արտաքին քաղաքականությունը ձախողում են, հիմա էլ թողնում են այս փաստացի դասալիքները, ովքեր իրենց երկիրը թողել են, նեղ պահին փախել են, իրավիճակը սրեն.... նրանք չպետք է իրենց օրակարգը փաթաթեն մեր երկրի վրա: Ոստիկանները սկսեցին ակտիվանալ այն պահին, երբ ես հստակ հարց տվեցի նրանց` ձեզ ՔՊ-ն է ուղարկե՞լ: Այո, ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ ռուս ցուցարարներին ՔՊ-ն էր ուղարկել ՌԴ դեսպանատուն: Այսինքն` այն, ինչ չեն կարողանում անել այս իշխանությունները, անում են ՌԴ քաղաքացիների ձեռքով:

- Այսինքն` պուտինյան ռեժիմի դեմ ռուսներին ՔՊ-ն է ուղղորդո՞ւմ:

- Մենք էլ դեմ ենք Հայաստանի իշխանություններին, ճի՞շտ է, բայց չենք գնում, օրինակ, Վրաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց նման քայլեր անում: Իմ դեմ լինելն արտահայտում եմ իմ երկրում:

- Բայց դա այդ մարդկանց իրավունքն է: Ո՞վ կարող է նրանց ինչ-որ բան արգելել, առավել ևս ժողովրդավարական, ազատ երկրում:

- Դե դրա համար էլ ազատ երկրում ձվահարվեցին որոշ «մուտիտ» անողներ: Ոստիկանությունը գործում է միակողմանի: Ինձ մի ծաղրանկարի համար ձերբակալեցին ու գործ հարուցեցին: Այսինքն` երկակի ստանդարտներ են գործում, այն, ինչ չի կարելի անել Նիկոլ Փաշինյանի դեմ, կարելի է անել Պուտինի դեմ:

- Հայաստանում հատկապես վերջին շրջանում հակառուսական տրամադրություններն ուժգնացել են: Ի՞նչ եք պատրաստվում անել, ՌԴ-ի դեսպանատան դիմաց բոլոր ակցիա իրականացնողներին ձվահարե՞լ:

- Անշուշտ ես հակառուսական ալիք բարձրացնելու կողմնակիցը չեմ, դա շատ սխալ եմ համարում, այն դեպքում, երբ ուզած-չուզած մեր միակ դաշնակիցը Ռուսաստանն է, չկա այլընտրանք։ Բայց այստեղ մի տարբերություն կա, եթե Հայաստանի կուսակցություններն են անում, դա ևս քաղաքական հոսանք է, իրենց իրավունքն է: Այնպես չէ, որ մենք դեսպանատան պահապաններն ենք: