Սթափ դատելու ժամանակը սպառվել է, դեռ երեկ

Սթափ դատելու ժամանակը սպառվել է, դեռ երեկ

«Սթափ դատելու ժամանակը» հրապարակման մեջ գրել էի. «… նպատակահարմար է թվում 3 նախագահների եւ վարչապետի, քաղաքական ուժերի 4 ներկայացուցչի՝ 4-5 անկախ փորձագետների մասնակցությամբ ձեռնարկել խորհրդակցություններ: Ինչի՞ համար: Որպեսզի պարզ լինի այս 30 տարիների խճապատկերը, փորձ արվի հասկանալ, թե ինչ «դատավճիռ» են ի վերջո կայացրել աշխարհի տիրակալները հայոց պետա­կանության առնչությամբ…»:
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2018-ին կայացած փակ հանդիպման ժամա­նակ ասել է. «Հողերն արդեն պետք է տաս»:

Նախ սկսենք նրանից, որ եթե Արցախի՝ որպես «հողերի» մասին է եղել խոսքը, ապա, միանշանակ, առաջին նախագահն էլ է ճիշտ ասել, վարչապետն էլ է ճիշտ վարվել, որ «հողերը տվել է»: Այսպիսով, վարչապետին մեղսագրվող պատերազմի հետ կապված բոլոր մեղադրանքները հօդս են ցնդում. որպեսզի «Սերգոն լավ ապրի», անշուշտ «հողերը վերադարձնելը» ճիշտ էր: Իսկ հողերը, փաստորեն, վերա­դարձ­րել է ԼՏՊ - ն: Հետևաբար, խոստացված «տնտեսական հեղափոխությունը» հաջողելու դեպ­քում՝ «Իմ քայլը», առանց դժվարության, կարող է կրկին հա­վակ­նել պատգամա­վո­րական տեղերի 70 տոկոսին:

Հողերը… բա ինչ իրավունքով ենք հակառակորդին կամ թշնամուն անիմաստ մեղադրում. խոսքը վերաբերել է հողերին, որոնք, ինչպես հայտարարել է ՏԱՍՍ-ը դեռևս 1988 թվականին, հայ «ծայրահեղականները» կամ «անջատողականները» գրավել էին և 30 տարի շահագործում էին: Խոսքը չի վերաբերել 100 տարի առաջ Լեռնային Ղարաբաղը միտումնավոր անկլավ դարձնելու հեռահար նպատակին, խոսքը չի վերաբերել հայրենիքին և Մոսկվայի հայտնի, անհասկանալի ու գաղութատիրական պայմանագրին: 

Հիմա էլ ամեն կողմից սկսել են հալածել «ազնիվ» վարչապետին, ով համար­ձակվել է ասել ճշմարտությունը, ով ցանկացել է առաջին քայլն անել առաջին պարբերությունում նշված «խճապատկերը» ստանալու ճանապարհին:

Այսպիսով, առաջին նախագահին, հավանաբար, արտաքին ուժերը համոզել էին, որ հայերը տարբերակ չունեն և հողերը պետք է վերադարձնեն և, ով ժա­մանակին չի կարողացել բացատրել, որ հայրենքն ու հողը նույ­նական չեն այնպես, ինչպես՝ Արեգակն ու Լուսինը:
Դեռևս գաղտանզերծված չէ, թե երկրորդ նախագահն ինչ գաղտնիքի է տի­րապետում, որի գաղտանզերծման դեպքում վերոնշյալ խճապատկերն ինչ-որ տեսք կստանար: Էլ ավելի խորհրդավոր է ու դեռևս մնում է չվերծանված երրորդ նախագահի հայտնի արտահայտությունը. «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»: 

Բայց, ստացվում է, որ ոչ մի խճապատկեր էլ չի եղել. խոսքը վերաբերել է հողե­րը վերադարձնելուն ու հասկանալի էլ չէ, թե այսքան ժամանակ ինչու ենք «մազո­խիզմով» զբաղվում: Այլ հարց է, որ դրան պարտադրող, բարեհամբյուր ժպտացող, ուժերը ստա­հակներ են եղել, կան ու կլինեն, որոնց դեմ կարող էր արդյունավետ լինել միայն ժողովրդի միասնության ու վստահության վրա հիմնված իշխանությունը:

Վերոնշյալ հոդվածում խոսքը վերաբերել է նրան, որ բանը չհասնի ճարա­հատյալ բացահայտումներին (ինչպիսին Փաշինյանի գաղտնազերծումն էր), քանզի ամեն ինչ չէ, որ հանրությունը պետք է իմանա, եթե, իհարկե, պետության ղեկա­վարները վայելում են այդ հանրության վստահությունը, ստանում նրա անվերապահ աջակցությունը կարևոր հարցերում: Այս առումով, անհասկանալի ու անթույլատրելի է, որ երկրի երբեմնի ղեկավարները միմյանց հետ ԶԼՄ-ների միջոցով են հա­ղորդակցվում:

Եթե դեռ երեկ սթափվեինք ու մեր մեջ հարաբերությունները պարզեինք, գուցե այս ողբալի վիճակում չհայտնվեինք: Շարունակեք այդպես, շարունակեք մեկդ մեկին վերևից նայել, շարունակեք միմյանց ոչնչացնել: Մի խոսքով, մենք ու միայն մենք, այլ ոչ ոք դրսից, գործադրել ենք Հայաստանի ինքնավերացման մեխանիզմը և սթափ դատելն այլևս ակտուլ չէ:

Գագիկ Վարդանյան